Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ օգտին է գործում Մինսկի խումբը

Օգոստոս 14,2017 11:15

Մինսկի խմբի գործունեությունից մերթ ադրբեջանցիներն են դժգոհում, մերթ՝ հայերը, բայց, ընդհանուր առմամբ, ադրբեջանցիներն ավելի շատ են դժգոհում, քան հայերը, որովհետեւ ցանկացած խաղաղասիրական նախաձեռնություն Ադրբեջանին ու ադրբեջանցիներին ավելի ու ավելի է հետ մղում իրենց անհեթեթ ու անիրական հավակնություններից: Իսկ որ Մինսկի խմբի գործունեությունն, այնուամենայնիվ, խաղաղասիրական է, դրանում երկու կարծիք լինել չի կարող:

Ասում ենք՝ պատերազմ է, պատերազմը շարունակվում է, բայց փաստ է, որ նաեւ համեմատական խաղաղությունն է շարունակվում, ընդ որում՝ տարիներ շարունակ. ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ եւ հետո՝ առ այսօր: Ինձ հակադրվողներն, իհարկե, կասեն, որ երկու կողմերն էլ շարունակաբար զոհեր են տալիս. ինձ հակադրվողները նաեւ կասեն, որ Մինսկի խումբն իր տեւական գոյության ու գործունեության ընթացքում որեւէ ռեալ արդյունքի չի հասել:

Բայց Մինսկի խմբի գործունեությունից սրանից ավելի արդյունք ակնկալելն էլ միամտություն ու պարզամտություն է. եթե հակամարտող կողմերը ոչ մի կերպ ընդհանուր հայտարարի չեն գալիս, Մինսկի խումբը չի կարող որեւէ կոնկրետ արդյունքի հասնել եւ իրավունք էլ չունի կողմերից որեւէ մեկին որեւէ ուղղություն կամ հարցի որեւէ լուծում պարտադրել. դա նրա իրավասություններից դուրս է:

Մինսկի խմբի գործունեությունից դժգոհողները նաեւ բողոքում են առ այն, որ Մինսկի խմբի գործունեությունը բավական ծախսատար է, եւ Մինսկի խմբի գործունեության վրա բավական մեծ գումարներ են անիմաստ վատնվում: Համաձայն չենք, իհարկե, որ անիմաստ են վատնվում, բայց եթե նույնիսկ այդպես է, մե՞նք ինչու ենք «դարդ անում». թող վատնողները մտածեն: Մինսկի խմբի գործունեությունից ռեալ արդյունք ու օգուտ ակնկալողները պիտի ընդունեն, որ եթե Մինսկի խմբի գործունեությունից ռեալ օգուտ չկա, ապա վնաս հաստատ չկա: Վնաս կլիներ միայն այն դեպքում, եթե Մինսկի խումբը որեւէ ձեւով սրեր երկու կողմերի հակամարտությունը: Բայց այդպիսի դեպք ինչ-որ չեմ հիշում:

Կարելի է, իհարկե, համաձայնել, որ Մինսկի խմբի շարունակական հայտարարությունները լուրջ ազդեցություն չեն ունենում իրավիճակի վրա եւ չեն փոխում իրավիճակը, բայց համաձայնեք, որ կյանքում ու քաղաքականության մեջ գոյություն ունեն անելանելի իրավիճակներ, եւ դրանցից է նաեւ Ղարաբաղյան հակամարտությունը, երբ կողմերի ցանկություններն ու ձգտումները ոչ միայն չեն համընկնում, այլեւ բացարձակ ու հարյուր տոկոսով հակադիր են միմյանց:

Հայաստանի Ազգային ժողովի վերջին ընտրությունների նախընտրական շրջանում, երբ ՀԱԿ-ը բացահայտ ու բացարձակ խաղաղասիրական կարգախոսներ էր հնչեցնում ու առաջ քաշում, արժանանում էր միանշանակ քննադատության: Այդուհանդերձ, թվով բավական քիչ, բայց համախոհներ էլ ուներ: Համենայնդեպս, չնայած բավական քիչ, բայց ընտրողների մի որոշ մաս, այնուամենայնիվ, ՀԱԿ-ին ձայն տվեց:

Դժվար է, իհարկե, պատկերացնել, բայց փորձենք պատկերացնել, թե ինչ տեղի կունենար Ադրբեջանում, եթե այնտեղ եւս հայտնվեր ՀԱԿ-ի տիպի մի կազմակերպություն կամ կուսակցություն եւ խաղաղասիրական կոչեր հնչեցներ: Հաստատ կհոշոտեին ու տեռորի կենթարկեին: Միանշանակ: Դա ոչ միայն նշանակում է, որ մենք իրենցից ավելի խաղաղասեր ենք, այլեւ նշանակում է, որ խաղաղությունը մեզ ավելի ձեռնտու է, քան իրենց: Նաեւ դա է պատճառը, որ իրենք շարունակաբար Մինսկի խմբի դեմ կատաղի ելույթներ են ունենում: Խաղաղությունը, փաստորեն, Ադրբեջանի պարտությունն է: Բայց, փաստորեն, պատերազմն էլ Ադրբեջանի հաղթանակը չէ. դրանում նրանք բազմիցս են համոզվել:

Այսինքն՝ Ադրբեջանն ու ադրբեջանցիներն անելանելի վիճակում են հայտնվել, եւ այդ է պատճառը, որ ինչ անում են՝ անհեթեթություն է ստացվում, եւ ինչ ասում են՝ զառանցանք է ստացվում: Ադրբեջանցիներին թվում է, թե Մինսկի խումբն ի վիճակի է լուծել Ադրբեջանի ամբողջականության հարցը, բայց չի լուծում, քանի որ հայամետ է:
Մերոնց մեջ էլ մաքսիմալիստներ կան, որոնց թվում է, թե Մինսկի խումբն ի վիճակի է լուծել Ղարաբաղի անկախության հարցը, բայց չի լուծում: Կարճ ասած՝ Մինսկի խմբի գործն անշնորհակալ գործ է, քանի որ հակամարտող կողմերը Մինսկի խմբից ռեալ օգուտ են ակնկալում:

Անձամբ մեր կարծիքով՝ Մինսկի խմբի գոյությունն ընդհանուր առմամբ դրական է, եւ անձամբ մեր կարծիքով՝ ավելի լավ է Մինսկի խումբը գոյություն ունենա, քան գոյություն չունենա: Եթե դադարեցվի Մինսկի խմբի գոյությունն ու գործունեությունը, ճարահատյալ պիտի ստեղծվի նմանատիպ մեկ այլ կառույց ու մարմին, որի գործունեությունն ավելի արդյունավետ չի լինի, քան Մինսկի խմբինը: Ըստ ամենայնի:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

12.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031