Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդում մեղրի եւ հատապտուղների փառատոնը տոնախմբություն էր

Օգոստոս 13,2017 23:37

Օգոստոսի 12-13-ը Տավուշի մարզի Բերդ քաղաքում կայացավ «Շամշադինի մեղրի եւ հատապտուղների փառատոն»: «Տավուշի հոգեւոր վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ, Բերդի քաղաքապետարանի աջակցությամբ 6-րդ անգամ կայացած փառատոնի առաջին օրը Հայաստանի պետական ջազ նվագախումբը ներկայացրեց «Ջազը սահմանին« համերգային ծրագիրը:

Օգոստոսի 13-ին Բերդի Սորան բարձունքում շուրջ 3 հազար այցելու կար: Տաղավարներում Բերդի տարածաշրջանի մեղվաբույծներն իրենց արտադրանքն էին ներկայացրել, ներկայացված էին Շամշադինի հարուստ բնության բարիք հատապտուղները, կանայք ցուցադրել  էին մեղրով պատրաստած տորթեր: Ցուցադրված էին նաեւ գեղարվեստի գեղեցիկ գործեր, հուշանվերներ եւ այլն: Կայացավ համերգային գեղեցիկ ծրագիր, որի ժամանակ ելույթ ունեցան Հայաստանում ճանաչված երգիչներ, փառատոնի մասնակիցները պարի շրջան էին մտել: Հանդիսականները բազմել էին «փափուկ բազմոցներին»՝ ծղոտի հակերին: Կայացավ մեղրով պատրաստված ամենահամեղ տորթի մրցույթ: Հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը խոսք ասաց Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ, կատարեց խաղողօրհնեքի արարողություն:

Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանն ասաց, որ այս տարի, նախորդ տարիների համեմատ, փառատոնի մասնակիցների հոսքն ավելի շուտ, մի քանի օր առաջ է սկսվել, Բերդի հյուրատները չեն կարողանում տեղավորել մեծաթիվ հյուրերին, քաղաքի բնակիչները կձգտեն զարգացնել հյուրատնային բիզնեսը: Նրա խոսքերով՝ փառատոնի միջոցով Շամշադինը ներկայանում է Հայաստանին, աշխարհին, փորձի փոխանակություն է տեղի ունենում մեղվաբույծների, փառատոնի մասնակիցների միջեւ, համագործակցություն է ձեւավորվում:

Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանի մեղվաբույծների ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանը: Նա շրջեց տաղավարներով, զրույցեց Բերդի տարածաշրջանի մեղվաբույծների հետ, հարցրեց նրան հուզող խնդիրների մասին, հետաքրքրվեց, թե իր կողմից ուղարկված, մեղվի հիվանդությունների դեմ բուժամիջոցն արդյոք հասե՞լ է մեղվաբույծներին: Բերդի տարածաշրջանի մեղվաբույծները հայտնեցին ,որ իրենց հիմնական խնդիրը մեղրի իրացումն է: Տիկին Ծառուկյանը խոստացավ մեղվաբույծների խնդիրները ներկայացնել կառավարություն, ասաց,որ վաղն այդ խնդիրներն ինքը կներկայացնի գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպման ժամանակ: Նա կարեւորեց Բերդում մեղրի եւ հատապտուղների փառատոնի անցկացումը, որը հուսադրում, ոգեւորում է սահմանամերձ տարածաշրջանի բնակիչներին:

Փառատոնի կազմակերպիչ «Տավուշի հոգեւոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը հայտնեց, որ փառատոնի նպատակն է մեղվաբուծության, ընդհանրապես գյուղատնտեսության, արվեստների, արհեստների, տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը զարկ տալը: Նա ասաց, որ տարեցտարի առաջընթաց են տեսնում, ակնկալում են, որ փառատոնը կդառնա ազգային ծրագիր, ոչ թե կլինի ընդամենը մասնավոր նախաձեռնություն:

Հ. Չոբանյանի խոսքերով՝ պետությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի անկլավ հանդիսացող, միջքաղաքային ճանապարհներից կտրված Բերդի տարածաշրջանին, որեւէ ազգային ծրագիր չպետք է շրջանցի այդ տարածաշրջանը: Նա ասաց, որ այս տարվա փառատոնին նոր մասնակիցներ կան, նախորդ տարիների համեմատ մասնակիցները նորովի են ներկայացել, նախորդ փառատոնների մասնակիցները, եթե անհատ ձեռներեց էին, արդեն ներկայացնում են կազմակերպություն կամ արտահանում են կատարում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031