«Ծեծած» խմորը` рубленое тесто, շատ արագ է պատրաստվում, բայց իր տեսքով բավականին նման է շերտավոր խմորին, եւ հաճախ շերտավոր խմորով նախատեսված թխվածքները կարելի է փոխարինել հենց այս` ծեծած խմորով, որը շատ նուրբ է, փխրուն եւ համեղ: Ծեծած խմորով են պատրաստում տարբեր բաց եւ փակ կարկանդակների, «տարտալետկաների» հիմքերը: Այս խմորից նաեւ լավ «Նապոլեոն» է ստացվում:
Այսօր առաջարկում եմ պատրաստել շատ թեթեւ, ամառային խմորեղեն` կոկռոշի (փշահաղարջ, крыжовник) թարմ ջեմով տարտալետկաներ:
Անհրաժեշտ մթերքները
Կարդացեք նաև
Խմորի համար
Կարագ- 150 գրամ
Ալյուր- 1-1,5 բաժակ
Ձու- 1 հատ
Սառցաջուր- 3-4 ճաշի գդալ
Աղ- 1 պտղունց
Ջեմի համար
Կոկռոշ- 300 գրամ
Շաքարավազ-300 գրամ
Պատրաստման եղանակը
Լավ սառը կարագը 1 բաժակ ալյուրի հետ միասին մանր-մանր կտրատեք: Դա կարող եք անել դանակով կամ եթե ունեք` հատուկ խմոր կտրատելու համար նախատեսված սարքով:
Երբ բավականին մանր կտորների բաժանված լինի` ավելացրեք մի պտղունց աղը: Սուրճի բաժակի մեջ կոտրեք մեկ ձու, լավ հարեք, ապա ավելացրեք 3-4 ճաշի գդալ շատ սառը ջուր: Ծեծված ալյուրա-կարագային խառնուրդին ավելացրեք ձվի եւ ջրի խառնուրդը եւ արագ-արագ հունցեք խմորը, հարկ եղած դեպքում ալյուր ավելացրեք:
Պետք է հունցել արագ եւ քիչ, պարզապես ծեծված խմորները իրար գլխի բերել եւ ստանալ միատարր զանգված: Պատրաստի խմորը դրեք պոլիէթիլենե տոպրակի մեջ եւ դրեք սառցարան:
Մինչեւ խմորը սառչում է, պատրաստեք ջեմը: Լավ լվացած կոկռոշը երկու մասի բաժանեք կամ գոնե ծակծկեք պատառաքաղով, լցրեք փոքր կաթայի մեջ, վրան ավելացրեք շաքարավազը եւ դրեք ցածր կրակին: Պարբերաբար խառնեք: Երբ բավականաչափ եփվի, տրորեք ձեռքի բլենդերով կամ պարզապես պատառաքաղով,թողեք էլի եփվի, որ հնարավորինս մածուցիկ դառնա: Դա կտեւի հավանաբար կես ժամ կամ մի փոքր ավելին: Թողեք ջեմը սառչի:
Մինչ ջեմը սառչում է, սառցախցիկից հանեք խմորը, գրտնակեք: Կտրատեք կլոր-շրջանաձեւ` բաժակով կամ թխվածքաբլիթների համար նախատեսված շրջանաձեւ դանակով:
Կեքսերի համար նախատեսված թավայի վրա տեղավորեք կեքսի թղթե «ֆորմաները», մեջը դրեք խմորի շրջանակները, վրայից դրեք ավելի փոքր չափսի թղթե «ֆորմաներ», կամ` կտրեք համապատասխան չափի յուղաթղթեր: Դրա վրա լցրեք որեւէ ծանրություն, օրինակ` 1 գդալ լոբի, սիսեռ կամ ձավար: Դա արվում է նրա համար, որ եփվելիս խմորը չուռչի, այլ զամբյուղի, տարտալետկայի ձեւ ստանա:
Խմորը դրեք 200-220 աստիճան տաքացրած ջեռոցը, 7-8 րոպեից խմորը հանեք, ազատեք ծանրությունից եւ եւս 3-4 րոպեով դրեք ջեռոցը, որ կարմրի:
Ձեր տարտալետկաները պատրաստ են: Կարող եք դրանք ցանկացած միջուկով լցոնել` սկսած կրեմից, հարած սերուցքից, վերջացրած ցանկացած ջեմով:
Ամառվա համար նախընտրելի է առանց կրեմի տարբերակը, օրինակ, կոկռոշի թարմ ջեմը: Ընդ որում, կարող եք պարզապես տարտալետկայի մեջ ջեմ լցնել եւ վերջ: Կամ, կարող եք ջեմը լցնել, վրան նուշի փաթիլներ անել եւ եւս 2-3 րոպեով դնել ջեռոցը, որ նուշի փաթիլները թեթեւակի վարդագունեն:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ