Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի հերթական անակնկալը մատուցվել է երիտասարդներին: Մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Երիտասարդ Երևան» խորագրով դիջեյների մրցույթ-փառատոն և դիսկոտեկ՝ նվիրված Երիտասարդների միջազգային օրվան:
Հանրահայտ դիջեյների լավագույն մշակում-ստեղծագործություններից կազմված երեք ժամանոց ծրագիրը ուրախ տրամադրություն և հաճելի ժամանց է ապահովել հազարավոր երևանցիների և մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի համար: Համերգային ծրագրով հանդիսատեսի համար ելույթ են ունեցել նաև սիրված երգիչ-երգչուհիներ:
Չնայած մասնակիցների թվում գերակշռում էին երիտասարդները, այնուամենայնիվ քիչ չէին նաև տարեց մարդիկ, ովքեր նույնպես լիարժեքորեն վայելում էին հնչող պարային ռիթմերը: Նրանց խոսքերով՝ միջոցառումը հնարավորություն էր ևս մեկ անգամ երիտասարդանալու և մոռանալու առօրյա հոգսերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն