«Սերժ Սարգսյանի այցն Իրան պաշտոնական չէր, այլ աշխատանքային, բայց, ամեն դեպքում, հայ-իրանական հարաբերություններում նոր որակ է կանխազգացվում: Դա պայմանավորված է նրանով, որ Թեհրան ժամանած նախագահների շարքում չկար Ալիեւը»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր օրերս կայացած Ռոհան-Սարգսյան հանդիպման շուրջ նման դիտարկում ներկայացրեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Նա նկատեց՝ հանդիպման պաշտոնական հայտարարության մեջ հատուկ տեղ է գրավել մի հարց, որը միայն Արցախի հիմնախնդրի հետ է կապվում. «Ասվում է, որ Իրանը որպես առաջնային շահ է տեսնում իր հյուսիսային՝ սահմանակից տարածքներում կայունության եւ խաղաղության ամրապնդումը, իսկ դա վերաբերում է Արցախյան հակամարտության գոտուն»:
Ըստ Շաքարյանցի՝ այստեղից կարելի է եզրակացնել, որ իրանական կողմը մինչեւ Ռոհանի-Սարգսյան հանդիպումն այս առնչությամբ հանձնարարություն է տվել Ալիեւին՝ Պուտինի միջոցով: Քաղաքագետը նկատի ունի վերջերս Սոչիում կայացած Պուտին-Ալիեւ հանդիպումը. «Այդ ժամանակ Ադրբեջանին խիստ զգուշացրել են, որ չփորձի խախտել հյուսիսային Իրանի սահմանակից տարածքներում անվտանգությունն ու խաղաղությունը…Մեզ համոզում են, որ պատերազմն անխուսափելի է, բայց Իրանը դեմ է դրան»:
Անդրադառնալով Ռոհանի-Սարգսյան հանդիպման տնտեսական բաղադրիչին՝ Սերգեյ Շաքարյանցն ընդգծեց՝ Ռոհանին կարծես հաստատել է, որ Պարսից Ծոց-Սեւ ծով միջանցքը պետք է Իրանին եւ այն պետք է անցնի ՀՀ տարածքով. «Որպեսզի այդպես լինի, Իրանին պետք են լրացուցիչ երաշխիքներ: Իրանը երբեք որեւէ երկրին չի տրամադրի միջանցք, եթե համոզված չլինի, որ այդ երկրում չեն լինի հակաիրանական տարրեր: Իրանը պետք է վերահսկի ՀՀ- Վրաստան տարածքը, այդ պատճառով ակտիվ բանակցում է Վրաստանի իշխանությունների հետ: Թե ինչո՞վ կավարտվեն դրանք, չկանխատեսենք: Նշյալ համատեքստում Իրանը նաեւ թույլ չի տա իր սահմանին զորք, օրինակ՝ խաղաղապահներ պահել, եւ դա Հայաստանին էլ է վերաբերում: Իրանի նպատակն է՝ չթողնել, որ արտատարածաշրջանային զորքեր լինեն Իրանի սահմանին»:
Քաղաքագետը նաեւ տեղեկացրեց, որ Ռոհանի-Սարգսյան հանդիպումից առաջ Իրանը Ռուսաստանի հետ պայմանավորվել է անօդաչուների համատեղ արտադրություն ծավալել, եւ, Շաքարյանցի համոզմամբ, ՀՀ-ն եւս պետք է ներգրավվի նման ծրագրում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ