Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայում Քուրդիստանի ձեւավորումը մոտ ապագայում տեսանելի չէ». թուրքագետ

Օգոստոս 12,2017 13:03

Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի քարոզարշավին զուգահեռ, Սիրիայի քրդերն են ոտքի կանգնել: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց թուրք-քրդական հակամարտության հարցերով փորձագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ մասնավորապես Հաքքարի նահանգում, որը միշտ բախումների կիզակետում է, օրերս քրդերի զինված ուժերի եւ թուրք զինվորականների միջեւ լուրջ բախումներ են տեղի ունեցել, թուրք զինվորներ են զոհվել, ինչի  մասին Թուրքիայի գլխավոր շտաբը լռում էր. «Տեղեկությունը տարածվեց այն բանից հետո, երբ թուրք զինվորների դիակի նկարները տարածեցին քուրդ զինյալները: Ընդհանուր առմամբ, թուրք-քրդական հարաբերությունները խիստ լարված եւ պայթյունավտանգ են՝ կապված Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի հետ: Թուրքիայի քրդաբնակ հատվածները «այո» են ասելու հանրաքվեին, ինչը խիստ անհանգստացնում է Թուրքիային: Կարծում եմ՝ հետագայում Հաքքարին եւս հայտ է ներկայացնելու անկախության հանրաքվեի»:

Չնայած դրան, ըստ փորձագետի, թուրքական Քուրդիստանի ձեւավորումը մոտ ապագայում տեսանելի չէ, եթե, իհարկե, ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն:

«Հատկանշական է, որ եթե մինչ օրս Թուրքիայի քրդերի եւ զինվորականների միջև բախումները տեղի էին ունենում ազգային եւ ռազմական հողի վրա, ապա այժմ, Էրդողանի ձեռամբ, դրանք տեղափոխվել են կրոնական դաշտ: Վերջերս քրդերի կրոնական խորհրդի նախագահին Էրդողանը հրապարակավ հանդիմանեց եւ պահանջեց հրաժարականը: Էրդողանը պատճառաբանում է, որ քրդերը կրոնի հողի վրա են դուրս եկել Թուրքիայի դեմ»,-նշեց Կարեն Հովհաննիսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031