Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թվում էր, թե Իրաքի քրդերը միասին պետք է պայքարեն անկախության համար, բայց այդպես չէ». փորձագետ

Օգոստոս 12,2017 12:17

Իրաքյան Քուրդիստանի՝ սեպտեմբերի 25-ին նախանշված անկախության հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է: Թուրքագետ, թուրք-քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ այն բուռն է ընթանալու:

«Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությանն ի հակադրություն՝ ընդդիմադիր «Գորանի» եւ «Քոմել» կուսակցությունները որոշել են, որ քարոզարշավին պետք է մասնակցեն «ոչ»-ի քարոզի նպատակով: Թվում էր, թե քրդերը միասին պետք է պայքարեն անկախության համար, բայց այդպես չէ:  Նշյալ կուսակցությունները պատճառաբանում են, որ ժամանակը չէ անկախության հանրաքվեի, իսկ իրականում նրանք անհամաձայնություններ ունեն Իրաքյան Քուրդիստանի ղեկավարի հետ»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր ասաց Կարեն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Եվրոպան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը չեն արձագանքել Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին, թեեւ վերջինիս տարածքում 20 դիվանագիտական ներկայացուցչություն կա, այդ թվում՝ եվրոպական երկրների. «Իրաքի իշխանություններն էլ ոչ թե դեմ են հանրաքվեին, այլ կարծում են, որ այն ժամանակավրեպ է: Պետականության բոլոր հիմքերը կան, որ Իրաքյան Քուրդիստանն անկախություն ձեռք բերի: Պարզապես գնում է շեյխերի միջեւ ազդեցության ոլորտի բաշխման պայքար: Նրանք դուրս են եկել իրենց ստեղծվելիք պետականության դեմ, որ հետագա իշխանությունը տարածեն Քուրդիստանի վրա»:

Հանրաքվեի քարոզարշավին զուգահեռ, ինչպես նշեց բանախոսը, ակտիվացում է նկատվում նաեւ Սիրիայի քրդերի մոտ. «Հայտարարություն եղավ, կոչ արեցին Թուրքիային զերծ մնալ Աֆին քաղաքի շրջակայքում ռազմական գործողություններ իրականացնելուց, որը սիրիական քրդերի «մայրաքաղաքն» է: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը օգոստոսի իննին արտակարգ ժողով հրավիրեց եւ որոշեց Սիրիայի հետ միակ սահմանակից անցակետը փակել եւ դարձնել միակողմանի: Պատճառն այն է, թե դրանով տեղաշարժվում են քրդական իսլամական համայնքի ներկայացուցիչները եւ փորձում Թուրքիայում իրականացնել ռազմական գործողություններ: Իհարկե, պատճառն իրականում Սիրիայի քրդերի ակտիվությունն է»:

Կարեն Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ ՀՀ-ն տնտեսական կապեր ունի Իրաքյան Քրդիստանի հետ. «Այս պահին Իրաքյան Քուրդիստանը ՀՀ-ի համար վնաս եւ օգուտ չի ներկայացնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031