Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ սցենարը փնտրելիս

Օգոստոս 12,2017 10:00

Իշխանության համար բնակչությունը մի գորշ զանգված է, որին պետք է ընտրությունների ժամանակ կաշառել, ճնշել, վախեցնել, շահագրգռել, որպեսզի ուզած արդյունքն ապահովվի, իսկ հետո ցանկալի է, որ հետագա 4-5 տարիների ընթացքում իրենց՝ իշխանավորներին, «չանհանգստացնեն»: Հնարավոր է, որ չեն էլ անհանգստացնի, բայց դա իշխանության համար իդեալական լուծում չի (պետության տեսակետից պարզ է, որ վատ է), որովհետեւ՝ 1/ նվաստացած մարդիկ հակված չեն աշխատելու, արարելու, ստեղծագործելու, 2/ նրանց մեջ, գուցե լատենտ ձեւով, եռում է ատելությունը իրենց նվաստացնողների հանդեպ, 3/ ապատիայից դուրս գալու համար մարդիկ փորձում են փախչել իրենք իրենցից, եւ քանի որ դա անհնարին է, շատերի համար լուծումը երկրից փախչելն է: Երբ փախչելը տեւում է քառորդ դար, դա բերում է անլուծելի խնդիրների, որոնք նույնիսկ հանճարեղ տնտեսական ծրագրերով չեն կարող լուծել: Զուգահեռաբար՝ մնացողների մեջ գերիշխում են սպառողական տրամադրությունները, անբանությունը, անտարբերությունը, անհավատությունը, որոնք նույնպես, մեղմ ասած, երկրի զարգացման համար լավ խթաններ չեն:

Հեղափոխականների համար բնակչությունը դարձյալ մի գորշ զանգված է, որը պետք է ոտքի կանգնի, դուրս գա փողոց, ապստամբի, որպեսզի իշխանության բերի իրենց՝ հեղափոխականներին: Դա էլ, եթե հաջողվի, հեղափոխականների համար իդեալական լուծում չէ (դարձյալ պարզ է. պետության համար, հատկապես այսօրվա Հայաստանի համար, այդ խժդժությունները խիստ վտանգավոր են, բայց դա մի կողմ եմ թողնում): Հեղափոխականների համար դա վատ է այն առումով, որ երբ դու գործ ունես գազազած, ամենաթողության եւ արյան համը զգացող ամբոխի հետ, այն այլեւս քեզ չի ենթարկվում եւ ոտնատակ է անում ոչ միայն «ռեժիմի սպասարկուներին», այլեւ անմեղ մարդկանց, այդ թվում՝ յուրայիններին, «կարմիր առաջնորդներին»: Այդ պարագայում առավել արմատական հեղափոխականները «ուտում են» պակաս արմատականներին, հետո գալիս են ավելի ռադիկալները, որոնք ստեղծում են «ռեւկոմներ», առանց դատուդատաստանի հաշվեհարդարներ եւ այլն: Մինչեւ որ գալիս է որեւէ բռնապետ եւ բոլորի «սանձերը քաշում է»:

26 տարի Հայաստանի քաղաքական միտքն, ի վերջո, ձգտում է այդ երկու բեւեռներին՝ քայքայող լճացմանը եւ նույնքան քայքայող «ջարդարարությանը»: Բայց բացի այս երկու տխուր սցենարներից՝ պետք է որ լինի երրորդը: Պատրաստ չեմ այս պահին ներկայացնել այդ սցենարը մանրամասնորեն, բայց ինձ թվում է՝ դրա հիմքը բնակչության մեջ գորշ զանգված չտեսնելն է, հարգանքը Մարդու, Անհատի նկատմամբ: Այդ դեպքում Մարդը դառնում է ոչ թե միջոց՝ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար, այլ՝ նպատակ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Էդգար says:

    Հարգելի Խմբագիր. թերևս կարող եք օրինակ ծառայել և միառժամանակ զերծ մնալ “գորշ զանգվածին” հասցեագրված ամենօրյա դաստիարակչական հոդվածներից։

  2. Լավատես says:

    Ընտանիքում մեծ ու փոքրի աստիճանավորում կա, երբ գործում է ՝՝ջուրը փոքրին, խոսքը մեծին՝՝ ասացվածքը, ազգի մեջ էլ նման աստիճանավորում պետք է լինի, որտեղ պետք է լինեն մեծեր ու փոքրեր, ընտանիքում գորշ մթնոլորտ կտիրի, եթե փոքրերը ջրից բացի խոսքին էլ տիրանան, ազգն էլ է տուժում, երբ ազգի փոքրերը յուրացնում են ազգի ուժն ու ազգի մեծերին խոսքի ու դաստիարակելու իրավունքից զրկում, ազգի մեծերը իմ պատկերացմամբ ազգի իսկական մտավորականներն են, որոնք պետք է դաստիարակեն մեր հարուստ իշխանությանը՝ տեղը գալուց էլ այդ իշխանություններին պատժել, եթե մեծերի խոսքին դեմ գնան: Կարճ ասած, հարստությունը՝ ազգի փոքրերին, օրենսդրությունն ու ուժը՝ ազգի մեծերին:

    • Լավատես says:

      Ցանկացած գիտություն թե կրոն հիմնված են մի քանի հիմնադրույթների վրա, որոնք ընդունվում են բոլոր գիտնականների թե հոգեւորականների կողմից միայն հավատով՝ առանց ապացուցման: Մեզ պետք են ազգային գաղափարախոսության ընդամենը մի քանի հիմնադրույթներ, որոնց ապացուցման կարիքն ու հնարավորությունը չկա, բայց ընդունվեն բոլոր հայերի կողմից: Էշության բարձրագույն աստիճան՝ երբ երկու հայ՝ երեք կարծիք, պետք է լինի՝ ողջ հայություն ու մի կարծիք այդ մի քանի հիմնադրույթների վերաբերյալ, իսկ մեր մեծագույն գիտնականներն ու մեծագույն հոգեւորականները այդ մի քանի հիմնադրույթներից ազգային գիտություններ ու ազգային կրոն կստեղծեն:

  3. Եթե Մեծերն իսկապես Մեծեր են, այլ՝ ոչ թե էծեր says:

    Եթե ազգի Մեծերն իսկապես Մեծեր են, այլ՝ ոչ թե էծեր: Պատմության դառը փորձ ունենք: Պարզապես սրա նրա վրա մեղքը գցելով և մեզ խափելով շարունակում ենք ստի ու կեղծիքի մեջ ապրել: Մինչդեռ համարձակություն պիտի ունենաինք մեր մեծերի և նաև մեր կոպտագույն սխալներն ընդունել, ճիշտ հետևություններ անել ու նոր զորացնող ու վերամիավորող ճանապարհով քայլել: Բայց ստի կեղծիքի մեջ ապրելն ավելի դյուրին է, անմարմին ու անատամ սփյուրքը մեզ օրինակ, իսկ ճշմարտությունն ու արդարությունը ցավոտ են ու ցավեցնող: Երևի Հայ Ազգի իսկական իմաստուն ու հեռատես Մեծերը դեռ պիտի ծնվեն, մեծանան ու զորանանա, եթե մինչ այդ մենք չվերանանք:

  4. Ruben says:

    Բնակչության մեջ (99%) գորշ զանգված (մարդանման արարած) չտեսնելը՝ ինքնախաբեություն է:
    https://www.merkino.com/arm/watch/7953/Վարդան-Պետրոսյան-սերիա-1#.WY-QfKt_ox8
    «Մի կյանքի փորձը յոթ իմաստուն կանոններից ավելի լավ է։»

  5. Araqel says:

    Այստեղ նկարագրված են երկու “մոնղոլական” տիպի ռազմական խմբավորում-պետություննր – Ռուսաստանը և Թուրքիան
    Բայց ոչ Հայաստանը

  6. Քրիստափոր says:

    Իմ կարծիքով Մարդը, Անհատը /երևի ժողովրդի գիտակից մասը/ հարգանք կզգա թեկուզ այն դեպքում, երբ իր հետ երբեմն-երբեմն ,,կխոսա,, իր իսկ կողմից ընտրված երկրի ,,մեծը,, ընդամենը ուղերձով ինչպես բոլոր ցիվիլ երկրներում: Իսկ թեման մեր երկրում անսահմանափակ է՝ երկրի անվտանգություն, արդարության բացակայություն և այլն և այլն ևայլն:
    Հետաքրքիր է ինչ կարծիքի է այդ մասին պարոն Արամ Աբրահամյանը:

  7. Հայ Մեծերի և հայ էծերի տարբերությունը says:

    Հայ Մեծերի և հայ էծերի տարբերությունը.

    Մի արդարամիտ հայ մարդ գնում է Հայ ծեր իմաստունի մոտ` ցանկանալով իմանալ, թե ինչո՛ւ շատ հաճախ աղքատները ( հայ Մեծերը ) այնքան բացսիրտ են ու բարյացակամ, իսկ հարուստները ( հայ էծերը ), ընդհակառակը, ոչ:
    Այդժամ Հայ իմաստունն այդ արդարամիտ հայ մարդուն խնդրում է դուրս նայել լուսամուտից և նկարագրել այն, ինչ տեսնում է:
    -Այսպես, ես տեսնում եմ ամպեր, շան հետ զբոսնող մի կնոջ, մի ավտոմեքենա, որ անցնում է…
    Ապա Հայ իմաստունը խնդրում է այդ արդարամիտ հայ մարդուն գալ սենյակ և նայել հայելու մեջ:
    – Ի՞նչ ես տեսնում,- հարցնում է նրան:
    – Ինձ:
    – Ահա և դու ստացար քո հարցի պատասխանը: Լուսամուտը և հայելին` երկուսն էլ ապակուց են: Բայց երբ ապակին մի կողմից արծաթապատվում է, դու միայն քեզ ես տեսնում:

  8. Մեսրոպ Թումանյան says:

    Ես չեմ կարողանում հասկանալ Հայաստանի Հանրապետության իշխանություններին: Փորձում եմ ինչ-ինչ
    ձևերով հասկանալ նրանց վարած քաղաքականությունը դրսում ու ներսում: Չեմ կարողանում մեր պետության ու ժողովրդի շահերի տեսակետից հասկանալ: Այս քաղաքականությունը օրեցօր թուլացնում է մեր երկիրը, տարել հասցրել է (իմ կարծիքով) կործանման եզրին: Իզուր չէ, որ հիմա դավաճանաբար հանձնած Կարսն ենք անընդհատ հիշում: Իրավիճակը շատ ավելի վատն է իրականում: Մենք այսօր իրավունք չունենք որևէ մեկ պետության ու ժողովրդի վրա հույս դնել: Մենք իրավունք չունենք այսօր հանգիստ կյանք վարել: Իրավունք չունենք Երկրի ու աշխարհով մեկ սփռված հայությունը չարթնացնելու ու չմիավորելու: Իսկ այս իշխանությունը ապրում է ինքն իր համար ու իր խնդիրներով, ավելին՝ լրիվ հակառակ հայությանը: Ամենից ցավալին այն է, որ Հայաստանում և նաև սփյուռքում արդեն մեր իշխանությունների հանդեպ վերաբերմունքը ոչ թե բացասական է, այլ թշնամական: Այս պարագայում Հանրապետական կուսակցության վերնախավը պետք է շատ լուրջ մոտենա ժողովրդի խնդիրներին: Անեն օրը մենք կորցնում ենք, եթե Հայրենիքի պաշտպանությանը մի կարևոր գործ չենք ավելացնում: Մեր շուրջը օղակը նեղանում է: Մեզ միասնություն է պետք: Մեզ ազգային խնդիրներով ու կյանքով ապրող հայկական իշխանություն է պետք: Ինքն իրեն չի գա: Համազգայն ջանքերով կգա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031