Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես վկա հարցաքննվել են մարզի դատավորը, նրա օգնականն ու գործավարը

Օգոստոս 12,2017 14:00

Դատարան ուղարկված 250 էջից բաղկացած
հեռախոսահամարների վերծանումները պակաս էին

Վանաձոր քաղաքի բնակիչ Ռուդիկ Եղիազարյանը հունվարին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Նա տեղեկացրել էր, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր հայցի հիման վրա արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնից դատարան են ուղարկվել 250 էջից բաղկացած հեռախոսահամարների վերծանումներ, հաղորդագրություններ, մինչդեռ մարզի դատարանում իր հայցի քննության ժամանակ պարզվել է, որ «գործի համար էական նշանակություն ունեցող հիշյալ հեռախոսահամարների վերծանումները պակաս են»: Քաղաքացին դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահին՝ հայտնելով, թե դատարանից անհետացել են կարեւորագույն ապացույցները:
Այդ գործով պատասխանող Արմինե Հովհաննիսյանը, ըստ գործի նյութերի, հափշտակել է վանաձորցուց 545.000 ՀՀ դրամ գումար:

Դատախազին ուղղված նամակը հասցեագրվել էր Լոռու մարզի դատախազի պաշտոնակատար, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Մ. Մովսիսյանին:
Իսկ փետրվարին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում դատարանից գրություն էր ստացվել, թե նշյալ քաղգործով դատարան ուղարկված հեռախոսային վերծանումներն ու հաղորդագրությունները ուղեկցական գրությամբ են ստացվել, այն կազմել է 228 թերթ, բաղկացած էին երեք առանձին փաթեթից, կցվել են քաղաքացիական գործին:
Նշենք, որ այս կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ:

Դատախազի պաշտոնակատարը կայացրել էր քաղաքացու բողոքը մերժելու մասին որոշում՝ նշելով, թե քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ռուդիկ Եղիազարյանի հաղորդման հիման վրա անցյալ տարվա ապրիլին հարուցվել էր քրեական գործ: Ըստ այդ հաղորդման՝ Արմինե Հովհաննիսյանը հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար:

Սակայն նախաքննության ընթացքում չեն հիմնավորվել վանաձորցու հաղորդման մեջ բերված փաստերը, եւ Տարոնի բաժնում որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ չհարուցել, տիկնոջ նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

Ըստ մարզի դատախազի պաշտոնակատարի որոշման՝ «Սույն քրեական գործով նախաքննության արդյունքում վարույթն իրականացնող մարմինը պարզել է, որ փաստաթղթերի կորուստ տեղի չի ունեցել, չնայած փաստաթղթերի տեխնիկական վրիպակի պատճառով հաշվվել է 228 թերթ, սակայն որեւէ անձի կամ կազմակերպության իրավունքներին ու օրինական շահերին վնաս չի պատճառվել»:
Ռուդիկ Եղիազարյանը բողոքում է եւ կարծում, որ վարույթը կարճելու որոշումն անօրինական է:

Ռուդիկ Եղիազարյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ ընդհանուր իրավասության դատարանն իր հայցը նույնպես մերժել է:

Տարօրինակ բացահայտում կատարվեց վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Քաղաքացիական գործը զննվեց վերաքննիչում, եւ պարզվեց, որ «վերոնշյալ հեռախոսազրույցների վերծանումների քանակը համապատասխանում է ԴԱՀԿ ծառայության Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնից ուղեկցական գրությամբ դատարան ուղարկվածին», այսինքն՝ այն 250 թերթից է:
Դրանք համարակալված էին, գտնվում էին գործի երկրորդ, երրորդ եւ չորրորդ հատորներում: Հարցաքննել են դատավոր Բորիկ Գրիգորյանին: Նա էլ հայտնել է, թե անձամբ է հաշվել վերոնշյալ վերծանումների թերթերի քանակը, այն կազմված է եղել 228 թերթից:

«Այդ թյուրիմացությունն առաջացել է իր կողմից թերթերի քանակը սխալ հաշվելու հետեւանքով»,- արդարացել էր դատավորը:

Որպես վկա հարցաքննվել էին դատավորի օգնականն ու գործավարը: Գործով վկա էր անցել նաեեւ ԴԱՀԿ ծառայության աշխատակցուհին:
Ըստ բողոքաբեր Ռուդիկ Եղիազարյանի՝ նշյալ վերծանումները թույլ կտային քննիչին, որպեսզի նա համոզվեր, որ Արմինեն իրենից գումարներ է հափշտակել:
Մինչդեռ դատական նիստի արձանագրության համաձայն՝ Ա. Հովհաննիսյանը նշել էր, որ հեռախոսահամարները եղել են Ռուդիկ Եղիազարյանինը, որ նա «այդ համարներն իրենից գաղտնի վերականգնել է», եւ նման բնույթի հաղորդագրություններ ինքը Ռուդիկ Եղիազարյանին չի ուղարկել:
Ի դեպ, Ռուդիկ Եղիազարյանը դիմել էր դատարան՝ պահանջելով վերացնել իր իրավունքների ու ազատությունների խախտումը, վերացնելով քննիչի որոշումը՝ քրեական հետապնդում չիրականացնելու, քրգործի վարույթը կարճելու մասին:
Մարզի մեկ այլ դատավորի՝ Ս. Գզոգյանի կողմից այս բողոքն էլ հունիսին մերժվել է:
Հուլիսից բողոք էր ուղարկվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատ:
Ռուդիկ Եղիազարյանը դիմել է նախագահին՝ Արման Մկրտումյանին, հայտնելով, թե վճռաբեկ դատարանը պատճառաբանական մասում «մատնանշել է, թե դատարանն առերեւույթ թույլ է տվել դատական սխալ, որը կարող էր ազդել ելքի վրա: Նշեմ, որ այս գործում դիտավորյալ անհետացել են ուղեկցող գրության մեջ ներառնված ապացույցները, գոյություն չունեն մի քանի հեռախոսների վերծանումները, որոնք գործի ապացույցներ են: Բացարձակ չի խոսվում ապացույցների դիտավորյալ անհետացման մասին, քանի որ դրանց առկայությունը կբերեր գործի օբյեկտիվ լսման»:

Վճռաբեկ դատարանը նույնպես մերժել է Ռուդիկ Եղիազարյանի ներկայացուցչի՝ Ալեքսանդր Ծատինյանի բողոքը վարույթ ընդունել:

Վանաձորցին պնդել էր, որ վերաքննիչ դատարանը չի գնահատել որպես ապացույց ներկայացված SMS հաղորդագրությունները, որով կհաստատվեր, որ նշյալ կինը նրանից վերցրել է խոշոր չափի գումարը: «Արմինե Հովհաննիսյանը վերաքննիչ դատարանում հայտնեց, թե հայցագնից պակաս գումար է վերցրել Ռուդիկ Եղիազարյանից, սակայն չպատասխանեց, թե կոնկրետ որքան գումար: Նշվածից հետեւում է, որ պատասխանողը ընդունել է, որ գումար է վերցրել, հետեւաբար այդ հանգամանքը ապացուցման կարիք չունի»,- ասում է բողոքաբեր կողմը:

Ուշագրավ է վճռաբեկ դատարանի որոշման «պատճառաբանություններ եւ եզրահանգում» հատվածը. «Սույն գործով բողոք բերած անձի ներկայացուցչի փաստարկները բավարար չեն դատական սխալի եւ գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար»:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

11.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031