Լրահոս
Օրվա լրահոսը

Почему “Ы”? Чтобы никто не догадался

Օգոստոս 12,2017 13:00

Բայց գառնեցի պապին «խաբել», միեւնույն է, չհաջողվեց

Սպառողները գիտեն, համենայնդեպս՝ մեծամասամբ պատկերացում ունեն, որ մեր խմելու ջուրը, չնայած բարձր որակին, սպառողներին մատակարարելուց առաջ պարտադիր կարգով քլորացվում է՝ կանխարգելիչ նկատառումներով: Իսկ քլորը ստացվում է հատուկ կոնտեյներով, մոտ 800 լիտր տարողությամբ: Էն էլ հիշեցնենք, որ այս քիմիկատը փոքր քանակով դեղ է, իսկ մեծով՝ թույն, այն էլ ինչպիսի՜: Դրա հետ դեռ վարվել պետք է կարողանալ:

Էս մեկը, Գառնու ձորում, ինչ-ինչ պատճառներով, 10-20-30, գուցե ավելի տարի առաջ (հնաբնակներն անգամ չեն հիշում՝ երբ) մինչեւ վերջ չի դատարկվել: Կարծես թե փականի հետ խնդիր է առաջացել: Մի խոսքով՝ դրել են մի կողմ ու… Չէ, չեն մոռացել, բայց եւ խնդրին վերջնական որոշում չեն տվել: Մինչդեռ մեջը դեռեւս 100-150 կգ հեղուկ քլոր կար:
Իսկ ժամանակն անում էր իր սեւ գործը, տարիների հետ կոնտեյների տեխնիկական վիճակն ավելի ու ավելի էր մտահոգիչ դառնում: Ի վերջո, եկավ Վեոլիա Ջուրը ու որոշեց լուծել Գառնու ձորում բազմապիսի վտանգների աղբյուր հանդիսացող քլորի հարցը: Մշակվեց օպերացիա «յ»-ն…

Հիմա, երբ ամեն ինչ արդեն ավարտված է, կարելի է արած-չարածը գաղտնազերծել: Եվ այսպես, օրերս Վեոլիա Ջրի Որակի, առողջության եւ անվտանգության ծառայության պետ Դավիթ Ադամյանը որպես «խոշոր գաղտնիք» հայտնեց, որ Գառնիի աղբյուրի սանիտարական գոտուց պետք է քլորի չարաբաստիկ կոնտեյները տեղափոխենք Երեւան ու հանձնենք ուտիլացման: Արդեն ամեն ինչ որոշված է, նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Մնում է իրականացնել:

Իսկ նախատեսված է հետեւյալը.

– Օպերացիայի սկիզբը՝ ժամը 10.00:
– Հանդիպման վայրը՝ Գառնիի գյուղապետարանի հարակից հրապարակ:
– Գործողության վայրը՝ Գառնու ձոր՝ Վեոլիա Ջրի սանիտարական գոտի:
– Ավարտը՝ որքան կարելի է շուտ (օրը խիստ շոգ է, իսկ քլորը ցնդելու հատկություն ունի), Երեւանում, քիմիկատների ուտիլացմամբ զբաղվող «Յունիքիմ» ՍՊ:

«Բարձր պայմանավորված կողմերը» հանդիպեցին ճիշտ ժամին: Ջրմուղագործները ճանաչվում էին իրենց արտահագուստով, արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները՝ իրենց (նույնիսկ «պաժառնի» մեքենա կար, որ քլորի արտահոսքի դեպքում կոնտեյները ջրով ողողեր): Տեղում էին նաեւ Կոտայքի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ 2 մեքենայով: Թամաշայի հոտ առնելով՝ կամաց-կամաց սկսեցին հավաքվել գառնեցիները… Պահը վճռակա՜ն էր, չէր կարելի տեղեկատվության արտահոսք թույլ տալ: ըպջ տՈվՌՍՌ! – ասացինք ինքներս մեզ ու քիչ անց շարասյուն կազմած, ոլոր-մոլոր մտանք ձոր, իջանք-հասանք Գառնի ջրաղբյուրի պոմպակայան, որի մոտ մեն-մենակ, որբացած տեսքով ծվարել էր չարաբաստիկ կոնտեյները: Ասես մեծ մեղք էր գործել: Բայց դե մերոնք էլ նրան չնեղացրին: Մոտեցրին քլորի կոնտեյներ տեղափոխող բեռնատարը, վերամբարձ կռունկով, խնամքով բարձրացրին նրան ու հարմար պառկեցրին իր «օրինական տեղը»՝ մետաղյա մահճին: Հետո նույնքան խնամքով ամրագոտիներով կապեցին, որ ճամփի ոլորաններին հանկարծ «անկապ շարժումներ» չանի, վերջում էլ բրեզենտով ծածկեցին, որ արեւը «գլխին չխփի»: Ու ճանապարհ ընկան արդեն ձորն ի վեր, դեպի Գառնի, այնտեղից էլ՝ Երեւան:

Ասենք ձեզ, որ սիրուն էինք գնում, շախով-շուխով: Առավել եւս, որ հանդիսատեսների պակաս չէր զգացվում: Գառնեցիները զարմացած հետեւում էին շարասյան ընթացքին: Առջեւից ոստիկանության մեքենան էր՝ «միգալկայով», հաջորդիվ լույսերը վառ ճանապարհ էր պահանջում ԱԻՆ-ի քիմիական պաշտպանության ծառայության ամենագնացը: Հետո ակնհայտ հպարտորեն ընթանում էր «օրվա հերոսը»՝ քլորի մեքենան, որին հաջորդում էր (հանկարծ ճանապարհին բան չպատահի՜) «պաժառնիկը»: Եվս մեկ ոստիկանության մեքենա փակում էր հանդիսավոր երթը: Մնացած մեքենաները է՛լ չենք թվարկում:

Միջոցառման գաղտնիությանը ոչինչ չէր սպառնում: Օպերացիա «յ»-ն ընթանում էր՝ խստիվ համաձայն նախօրոք մշակված պլանի: Միայն մի պահ մենք կանգ առանք, որ նկարահանենք շարասյան երթը, եւ այստեղ տեղի ունեցավ… բառեր չենք գտնում մեր գլխին եկածը նկարագրելու: Դուրս եկանք մեքենայից թե չէ, որտեղից որտեղ հայտնվեց մի ծեր գառնեցի, նայեց մեզ, նայեց շարասյանն ու ծիծաղկոտ ժպիտը դեմքին հարցրեց. «Էս ինչ ա, քլորի կանտեյներ եք տանո՜ւմ»: Վե՛րջ, կորա՜նք, իրականացվող օպերացիայի քողածածկույթն այդ խոսքերից ցնդեց, աներեւութացավ, ինչպես վաղորդյան շաղը օրվա վառ արեւից: Բայց ի՛նչ, մենք արդեն բացահայտված էինք, մնում էր հնարավորինս արագ վտանգավոր բեռը տեղ հասցնել, ինչը եւ արվեց:

Մի փոքր դադար տրվեց Ջրվեժում, որտեղ Կոտայքի ճանապարհային ոստիկանությունն իր առաքելությունը փոխանցեց երեւանյան գործընկերներին (տՏրՑ րՊՈս, տՏրՑ տՐՌվÿս), ու առաջ անցանք: Ավելի ճիշտ՝ թեքվեցինք ձախ ու «Սովետաշենի ճամփով» իջանք դեպի Էրեբունի: Ճիշտ է, ճանապարհը, մեղմ ասած, խորդուբորդ էր, բայց անվտանգ ու հեռու՝ բնակելի թաղամասերից, ինչը մեր դեպքում խիստ կարեւոր էր: Հասանք Էրեբունի, «միգալկաներով» ու «կրյակլկաներով», կարմիր լույսի տակ դուրս եկանք Արցախի պողոտա, անցանք «տեցի կռուգն» ու 10 րոպե անց «բախեցինք» «Յունիքիմ»-ի դուռը: Ավելի ճիշտ, դեմ առանք «նորին մեծություն պահակին», ով, ինչպես ինքը հետո խոստովանեց, տեսնելով մեր այս վեհաշուք շարասյունը՝ վախեցել էր ու առանց իր ղեկավարության թույլտվության ոչ մի կերպ չէր ցանկանում դարպասը բացել: Բայց հետո, ԱԻՄ-ի աշխատակցի զանգից հետո տնօրենին, աճապարեց մեզ ճանապարհ տալ: Կոնտեյներով բեռնատարն ընթացավ դեպի քիմիական արտադրամաս, որտեղ նրան արդեն սպասում էին մասնագետները: Իսկ մենք, դարպասին կանգնած (մեզ համար` no passage), հայացքով ուղեկցում էինք մեքենային, մինչեւ որ կորցրինք տեսողությունից:
Կեսօր էր, արեւը զենիթին էր հասել ու անխնա այրում էր ամենքին ու ամեն ինչ: Զարմանալի չէ, որ արագորեն հալչեց-անհետացավ մեքենաների կուտակումը ձեռնարկության մոտ, ամեն մի ծառայություն վերադարձավ իր գործին: Ջրմուղագործները նույնպես՝ լուռ ու հանգիստ: Օրը դժվար էր ու լարված, բայց հոգեկան բավարարվածությունը կատարածից լիովին փոխհատուցում էր թափած ջանքերը: Օպերացիա «յ»-ն ավարտվեց բարեհաջող:

Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի
ծառայություն

 

Հ.Գ. Վեոլիա Ջուր ՓԲԸ տնօրինությունը իր շնորհակալությունն է հայտնում ՀՀ ԱԻ նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչությանը, Քիմիական հետախուզություն իրականացնող հատուկ խմբին եւ ՀՀ Ճանապարհային ոստիկանությանը այս ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031