«ԼՂ հակամարտության կարգավորման համար եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի կատարման ժամանակը»,-ասել է ամերիկացի դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի ձայն»-ի հայկական ու ադրբեջանական ծառայություններին տված հարցազրույցում:
Հոգլանդը հույս է հայտնել, որ առաջիկայում այդ ուղղությամբ որոշակի քայլեր կարվեն: «Գիտակցում եմ, որ այս պահին բարդ կլիներ հասնել ամբողջությամբ ապառազմականացման, չնայած որ դա շատ ցանկալի է: Սակայն մենք պետք է նվազեցնենք ռազմական բախումների հավանականությունը», նշել է ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահը:
Նրա խոսքով, առաջին հերթին անհրաժեշտ է սահմանամերձ և շփման գոտիներից հանել դիպուկահարներին և ավելացնել միջազգային դիտորդների թիվը, հատուկ սարքավորումներ տեղադրել: «Երբ երկու զինված կողմ բարդ տեղանքում միմյանց մոտ են գտնվում բախման միջադեպի հնարավորություն միշտ կա», հավելել է նա:
Ռիչարդ Հոգլանդը նշել է, որ միջնորդները մեծ ակնկալիքներ ունեն Նյու Յորքում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի հանդիպումից, որին կարող է հետևել բանակցություններ երկու երկրների նախագահների մակարդակով: «Առկա է համապարփակ մի փաստաթուղթ, սակայն առկա են նաև դրան հասնելու քայլեր ու փուլեր: Հույս ունեմ, որ բարձրագույն մակարդակով հաջորդ բանակցությունների ընթացքում կողմերը լուրջ աշխատանք կկատարեն, և եթե վերջնական կարգավորմանը հնարավոր չլինի հասնել, կհայտարարեն որոշակի քայլերի մասին»,-ասել է դեսպանը, ավելացնելով, որ խնդրի կարգավորման հիմնաքարը փոխզիջումներ գտնելն է:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի ռեպորտաժում: