Գյումրիում լույս տեսնող «Շրջապատ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր Եպրաքսյա Մեխակյանը, վերջերս այցելելով Հնդկաստան ու մասնակցելով Դելիում ամեն տարի անցկացվող «Բոլիվուդ․Միսս և Միստր 2017» միջոցառմանն, առիթ է ունեցել հանդիպելու նաև Հնդկաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Բրիջ Բուշան Շարան Սինգխի հետ, որը նաև ըմբշամարտի ասիական ասոցիացիայի փոխնախագահն է։ Վերջինս, հիացած խոսելով Հայաստանում այս սպորտաձևի բարձր մակարդակի վրա գտնվելու մասին, ցանկություն է հայտնել հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին՝ Սպիտակ Արջին գոնե վեց ամսով հրավիրել Հնդկաստան՝ որպես մարզիչի։
«Հնդկաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն մի շատ խիստ տղամարդ էր, որի տեղակալները իր ներկայությամբ ոտքի վրա կանգնած էին մնում։ Ես իր հետ հարցազրույց անցկացրեցի, նաև խորը զրույց ունեցանք, ասեցի, որ մեր վարչապետը ուզում է զբոսաշրջությունը զարգացնել, առաջարկեցի գալ, Գյումրիում ներդրումներ անել։ Ինքը, ի դեպ, պատրաստ է, ասում է՝ եթե ձեր ղեկավարությունը հրավիրի, կգամ, կուսումնասիրեմ, խոստանում է իր ֆինանսների հաշվին մեր երկրից ըմբշամարտիկների խումբ տանել Հնդկաստան։ Բացի այդ, ասում է՝ կարող ենք սպորտային համագործակցությունը խորացնել՝ Հայաստանը մտցնելով ըմբշամարտի ասիական ասոցիացիայի մեջ, իհարկե, դա արդեն մեր սպորտի ոլորտի պատասխանատուները գիտեն՝ հնարավո՞ր է, թե՝ ոչ։ Անգամ Արթուր Ալեքսանյանի մասին զրուցեցինք, ինքը հիացած խոսեց՝ ասելով էդ ինչ սպորտսմեն ունեք․ մեր չեմպիոնի մենամարտին հետևել էր Ռիոյում, ասեց ՝ ես պատրաստ եմ Արթուր Ալեքսանյանին ֆինանսավորել, որ Հնդկաստան գա, գոնե մի վեց ամիս էստեղ մնա, մարզչի աշխատանք իրականացնի»,-ասաց Եպրաքսյա Մեխիկյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Եպրաքսյա Մեխակյանի