Ռազմիկ Հախվերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ նոյեմբերի 11-ի երեկոյան Դիլիջան քաղաքի «Միմինո» սրճարանում հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, ինքնահաստատման եւ շրջապատին հակադրվելու հանդուգն ձգտումով հնչեցրել է «այստեղ տղա կա՞» հարցադրումը, ապա անհիմն վիճաբանել արձագանքած անծանոթ այցելուների հետ, առանց հրավերի սեղանակցել, իր վարքագծով խաթարել սրճարանի բնականոն աշխատանքը, շուրջ 15 րոպե կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը:
«Միմինո» սրճարանում Ռազմիկ Հախվերդյանի կողմից խուլիգանություն կատարելու ժամանակ սրճարանի սեփականատիրոջ Արմեն Մարտիրոսյանի հանդարտման կոչերին չենթարկվելու պատճառով առաջացած տարաձայնությունները հարթելու նպատակով նրանք նույն օրը ժամը 18-ի սահմաններում մեկնել են Տավուշի մարզի Թեղուտ գյուղի սկզբնամաս, որտեղ Ռազմիկ Հախվերդյանը բարձրաձայն հայհոյանքներ տալով, խուլիգանական դրդումներով Արմեն Մարտիրոսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածել է Արմեն Մարտիրոսյանի մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս :
Ռ. Հախվերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով («Սպանության փորձը, որը կատարվել է զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից») եւ 258 հոդվածի 1-ին մասով(«Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով»՝): Հախվերդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նա գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ռ.Հախվերդյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է օգոստոսի 16-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ