Համաձայն ՊԲ-ի 2017 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի` ՊԲ գումարտակների, ինչպես նաև հրետանային և ՀՕՊ դիվիզիոնների հրամանատարների ու նրանց տեղակալների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 7-ից 11-ը անց են կացվել հրամանատարական հավաքներ:
Կարևորելով նշված օղակի սպայակազմի դերը` վերջիններիս հետ համապատասխան պարապմունքներ է անցկացրել նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: ԱՀ ռազմական գերատեսչության ղեկավարը հավաքի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է բոլոր այն հարցերի վրա, որոնք առնչվում են մարտավարական կարևոր այս օղակի սպայակազմի առօրյա գործունեությանը, մարտի նախապատրաստման ու վարման, փաստաթղթերի մշակման, ստորաբաժանումների ղեկավարման, համակողմանի ապահովման ու փոխգործակցության կազմակերպման խնդիրներին:
Հնգօրյա հրամանատարական հավաքների ընթացքում իրականացվել են նաև խմբային վարժանքներ` գումարտակում կապի կազմակերպման, ինժեներական աշխատանքների պլանավորման և իրականացման, պաշտպանողական և հարձակողական մարտի նախապատրաստման և վարման, գումարտակի պաշտպանության շրջանի ուրվագծի մշակման թեմաներով: Հավաքների ղեկավարությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հատկապես այն հարցերին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են մարտական հերթապահությանը և ստորաբաժանումների մարտական պատրաստականությանը:
Սեմինար-պարապմունքների, ցուցադրական ու խմբային վարժանքների, և հավաքների պլանով նախատեսված մյուս միջոցառումների ընթացքում հաշվի են առնվել նաև 2017 թվականի առաջին ուսումնական փուլում նկատված թերություններն ու բացթողումները, այդ ուղղությամբ վերադաս հրամանատարության կողմից տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն