Դավթաշենում 23 բարդի հատելու գործով նշանակված նախնական դատական նիստն այսօր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի չունեցավ: Նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի՝ արձակուրդում գտնվելու պատճառով:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանը կալանավորվել էր, որից հետո ազատ արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ալեքսան Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չունենալով ծառահատման թույլտվություն, բենզասղոցով ապօրինի հատել է անտառային ֆոնդի մեջ չմտնող 21 հատ բարդի տեսակի կենսունակ ծառեր, որի հետևանքով Երևան համայնքին պատճառել է առանձնապես խոշոր չափի` 1.920.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի չորսին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ալեքսան Սամսոնյանին պետք է ոչ թե դատարան ՛՛հրավիրել՛՛, այլ պատվոգիր տալ՝ քաղաքապետարանի չարած գործերը կամավորաբար իր վրա վերցնելու համար:
Նախ՝ ՛՛նաիրյան դալար բարդիները՛՛ երբ շատ մեծ ՛՛հասակ են առնում՛՛, դառնում են խիստ վտանգավոր, իրենց՝ միջինից-ուժեղ քամիների դեպքում հորիզոնական դիրք ընդունելու վատ սովորության պատճառով: Դրանից ելնելով անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ, սակայն ժամանակին կատարել խոր էտում, ինչը և արել է Ալեքսան Սիմոնյանը, հակառակ դեպքում կարող է տեղի ունենալ այն, ինչ տեղի ունեցավ մեր բակում / Հ/Ա Բ2 թաղ. 83, 85 և 89 շենքերի բակ/: Մոտ մի 20 օր առաջ երեկոյան ժամը 11-ին մոտ, երբ նստած էինք տաղավարում, բարդիներից մեկը ճռնչյունով վայր ընկավ, երջանիկ պատահականությամբ չվնասելով ո՛չ մեզ, ո՛չ էլ բակում կանգնած 6 ավտոմեքենաներից որևէ մեկին: Զանգահարեցի ԱԻՆ, սակայն քիչ անց զանգահարեցին Մալաթիա-Սեբաստիա վ/շ կանաչապատումից, թե ժամը ուշ է՝ վաղը կգանք: Ստիպված հարևաններո՛վ բենզասղոցի օգնությամբ բակն ազատեցինք ՛՛անկոչ հանգուցյալից՛՛:
Ինչ վերաբերում այն հաղորդմանը, թե ամբաստանյալը բենզասղոցով ապօրինի հատել է ծառեր, ապա կարող եմ մեկ այլ հաղորդում էլ ե՛ս տալ առ այն, որ քաղաքապետարանի կանաչապատմամբ զբաղվողները առանց բենզասղոցի և ՛՛միանգամայն օրինական կերպով՛՛ անցյալ տարի չորացրել են Հ/Ա Բ2 թաղ. կենտրոնում գտնվող 18 ծառ, իսկ այս տարի, օգտվելով ամռան մատուցած ծառայություններից, արդեն ևս 12 ծառ, մի այդքանն էլ դեռ հերթագրված են:
Հարգելի Արփինե, եթե կուզենայիք ճշտել իմ տված տեղեկությունը ձեզ, ապա պատրաստ եմ ուղեկցել Ձեզ ՛՛դեպքի վայր՛՛, իսկ եթե ոչ, ապա կարող եք այցելել իմ ֆ/բ էջ և տեսնել զբոսայգու վիճակը ս.թ. մայիսի 4-ի և հունիսի 19-ի դրությամբ:
Հ.Գ. Նշածս վայրը, որ ՛՛Սիրո և հավատի զբոսայգի՛՛ անունն է կրում գտնվում է երկու դպրոցների և երեք մանկապարտեզների շրջապատում: