Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական տարազով գյումրեցի խմբագիրը` Հնդկաստանի բոլիվուդյան կինոաստղերի մրցույթում (Ֆոտոշարք)

Օգոստոս 11,2017 17:46

Գյումրիում լույս տեսնող «Շրջապատ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր Եպրաքսյա Մեխակյանը, Բոլիվուդյան կինոաստղերի հետ սոցիալական ցանցերով հարցազրույց վարելուց հետո հրավիրել է Հնդկաստանի մայրաքաղաքում ամեն տարի անցկացվող « Բոլիվուդ․ Միստր ու Միսս 2017» միջոցառմանը՝ որպես հատուկ հյուր ու բեմ է բարձրացրել հայկական տարազով։ Հետաքրքիրն այն է, որ բոլիվուդյան աստղերի տվյալները փնտրելիս՝ նա բացահայտել է, որ աստղերից մեկի մայրը հայուհի է ու այդ հետքերով կարողացել է կապ ստեղծել նրանց հետ։ «Ես սոցհարցումներ չեմ անցկացրել, բայց ըստ դիտելիության՝ կարող եմ ասել, որ Հայաստանի բնակչության 50-60 տոկոսը հնդկական սերիալներ են նայում։ Ես կողմնակից չեմ, որ նման սերիալներ մատուցեն մեր քաղաքացիներին ու որպես թերթի խմբագիր՝ ուզեցի մի քննադատական նյութ գրել։ Բայց, իհարկե, սկսեցի ուսումնասիրություն կատարել՝ հասկանալու ինչն ինչոց է։

Սկսեցի հետևել աշխարհով մեկ մեծ տարածում ունեցող սերիալներից մեկին՝ «Ի՞նչ կոչել այս սերը» ու դերասանների մասին տեղեկություններ փնտրել սոցցանցերում։

Դերասանները մեծ համբավ էին վայելում ու նրանց որ երկրում որ ընդունում էին՝ Ինդոնեզիայում, Թաիլանդում, Ուզբեկստանում, նույնիսկ Մեծ Բրիտանիայում, ընդունում էին շատ ջերմ, երկրպագուների բավական մեծ բանակ կար։ Ինքս ինձ մտածեցի, եթե մեր ժողովուրդը սիրում է նրանց, լավ է անում, ինչո՞ւ մարդկանց քննադատենք, կարելի է այս դերասաններին էլ բերել Հայաստան, թող ժողովուրդը տեսնի, շփվի, ուրախանա։ Սկսեցի ավելի խորացնել ուսումնասիրություններս, փնտրտուքի արդյունքում պատահաբար գտա հետևյալ նյութը՝ «Մումբայի վերջին հայ Զաբել Հայկյաiնի դուստրը՝ Բոլիվուդի հայտնի դերասանուհի Թուլիպ Ջոշին» և սա իմ համար շոկ էր։ Ես երբևէ չէի հետաքրքրվել Հնդկաստանով կամ բոլիվուդյան աստղերով ու հանկարծ իմանում եմ, որ մեկը հայ է։ Նպատակադրվեցի գտնել Թուլիպ Ջոշիին, շարունակեցի փնտրտուքներս, գտա Թուլիպ Ջոշիի ամուսնուն և նամակ գրեցի։ Մտածեցի՝ երևի չպատասխանի, Թուլիպին էլ էի նամակ գրել, չէր պատասխանել։ Երբ պատասխանեց՝ գրեցի, թե ես Հայաստանից եմ, կարո՞ղ ենք կազմակերպել հարցազրույց, ասեց՝ սիրով։ Տեսազրույց անկացրեցինք նրանց հետ, Թուլիպն այնպես հուզված էր, շատ ճանաչված աստղ է, հայերեն էլ մի քիչ խոսում է։ Հայրը հնդիկ է, մոր նախնիները Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ փախել են Լիբանան, հետո տեղափոխվել Մումբայ ու ծանոթանալով հնդիկ գործարարի հետ՝ ամուսնացել է։

Ընկերներիցս մեկը ծանոթացրեց ինձ մասնագիտությամբ իրավաբան Դեպիկա Դեշվալի հետ, հիանալի մի անձնավորության է, նա ասաց՝ որ աստղի հետ ուզում ես ծանոթություն, ասա, հեռախոսահամարները կգտնեմ։ Ճիշտ է, իմ նշած սերիալի դերասանները մի քիչ իրենց վեհերոտ պահեցին, բայց մյուսները մի այլ կարգով հետաքրքրեցին մեր երկրով։ Ինձ Դեպիկան հրավեր ուղարկեց, թե հունիսի 24-ին Դելիում կայանալու է «Բոլիվուդ․Միստր ու միսս 2017» մրցանակաբաշխության Գալա համերգը, դու հրավիրված ես որպես հատուկ հյուր։ Ես չէի մտածում, որ Հնդկաստան պիտի հասնեմ»,- պատմեց Եպրաքսյա Մեխակյանը։

Նա, պարային խմբերից մեկից վերցնելով ամենագեղեցիկ ու գունեղ հայկական տարազը, մեկնել է Հնդկաստան ու միջոցառմանը մասնակցել հայկական տարազով։ «Երբ հայկական տարազով մտա սրահ, բոլորի ուշադրությունն անմիջապես սևեռվեց ինձ վրա, հնդկական ճոխությունների մեջ մեր տարազն անմիջապես աչքի ընկավ։ Անակնկալի եկա, երբ միջոցառման եզրափակիչ փուլում ինձ բեմ հրավիրեցին՝ որպես Հայաստանի ներկայացուցչի։ Հեռուստատեսությունների տեսախցիկներն ակամա ֆիքսում էին ինձ, որովհետև կողքիս կանգնած էին Բոլիվուդի աստղեր՝ Սանահան, մեգաաստղ Արբաս Խանը և այլք։ Երբ միջոցառումն ավարտվեց, դուրս եկա, չգիտեմ քանի հարյուր մարդու եմ պատմել, թե որտեղ է մեր երկիրը, ինչպիսին է, խոսում էի թարգմանչի միջոցով։ Բոլորը ուզում էին նկարվել ինձ հետ՝ հայկական տարազը հագիս»։

Եպրաքսյա Մեխակյանի այցը չի սահմանափակվել միայն բոլիվուդյան աստղերի հետ ծանոթություններով, նա շփվել է նահանգապետերի, նախկին ու ներկա իշխանավորների, նախարարների, պատգամավորների, կուսակցության ներկայացուցիչների, սպորտի ոլորտի պատասխանատուների,Դելիի դատախազի ու ոստիկանապետի, մեծահարուստ գործարարների հետ։ Նրանցից մի քանիսը, Եպրաքսյա Մեխակյանի միջոցով ծանոթանալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրին տուրիզմի վերածելու ծրագրին, ցանկություն են հայտնել գալ Հայաստան, ուսումնասիրել պայմանները ու ներդրումներ կատարել։ Բոլիվուդի մի քանի կինոռեժիսորներն էլ պատրաստակամություն են հայտնել կինոֆիլմեր նկարահանել մեր երկրում, սակայն, Եպրաքսյա Մեխակյանի ասելով, թե՛ ՀՀ մշակույթի նախարարի, և՛ թե վարչապետի արձագանքը ձգձգվել է։

Գյումրու քաղաքապետն ընդհանրապես հարկ չի համարել հանդիպել ու քննարկել ներդրումների հարցը, փոխարենն արձագանքել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը։

Ի դեպ, Եպրաքսյա Մեխակյանին հյուրընկալել է «Դելի նյուզ»-ի թերթի խմբագիր Կիրան Չոպրան ու հարցազրույց տպագրել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման մասին։ Ըստ մեր զրուցակցի, Հնդկաստանում հեռուստատեսության ղեկավարն ու թերթի խմբագիրը մեծ ուշադրության կենտրոնում են, ժողովուրդը նրանց վերաբերում է՝ ինչպես նախարարների։

Մեր զրուցակցի փաստմամբ, Հնդկաստանում հայ համայնքը գրեթե ոչնչացել է, քիչ թվով հայեր են ապրում այնտեղ, ապրողներն էլ կորցրել են իրենց ազգային ինքնությունը։

Այս թեմայի մասին՝ քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Եպրաքսյա Մեխակյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031