Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնտեղ խնջույք էի անում». Զինված խմբի անդամ Նելլի Մինասյանը՝ Նորքի տանը հավաքված իրենց խմբավորման մասին (Տեսանյութ)

Օգոստոս 11,2017 17:23

Այսօր Նորքի զինված խմբի գործը հետաքրքիր ընթացք ստացավ:

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երբ դատավոր Բեկթաշյանը զինված խմբի անդամներին հարցրեց՝ ձեզ համար մեղադրանքը հասկանալի՞ է, ընդունո՞ւմ եք այն՝ Տիգրան Բոյաջյանը պատասխանեց. «Մեղադրանքը պարզ է, ունեմ դիրքորոշում, որ այս գործը պետք է վաղուց կարճված լիներ՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ»:

Սա լսելուն պես՝ ամբաստանյալներից մեկը՝ Նելլի Մինասյանը տեղից բացականչեց. «Բա ի՞նչ էս էդքան գրել, ապո՛ւշ»:

Ավելի ուշ Նելլի Մինասյանը բացատրեց, թե ինչու այդպես բորբոքվեց: Նա ասաց, որ Բոյաջյանը միակն էր ամբաստանյալներից, որ իր ցուցմունքում նշել է, որ «իրեն մեղավոր է ճանաչում լիքը հարցերում». «Մեղադրական եզրակացությունը միայն եւ միայն կազմված է իր ցուցմունքների հիման վրա: Հիմա իր խոսքն ինձ համար լրիվ անհասկանալի է: Դրա համար ուզեցի իրեն հարց ուղղել՝ բա էդքան ի՞նչ ես գրել»:

Նելլի Մինասյանին առաջադրվել է մեղադրանք իշխանության յուրացման, բռնազավթման, զենք զինամթերք պահելու, հանցավոր համաձայնության գալու հոդվածներով: Ըստ Նելլի Մինասյանի, սա քաղաքական հետապնդում է, ինքը քաղաքացիական ակտիվիստ է եղել, մասնակցել ցույցերին եւ հիմա փորձում են այսպես իր հետ հաշվեհարդար տեսնել:

Նա ասաց, որ զինված խմբի անդամներին ճանաչել է, Նորքի այդ հայտնի տանը եղել է, բայց, նրա խոսքերով՝ այդ տանն ընդամենը իր ընկերների հետ է եղել. «Ընդամենը այնտեղ խնջույք էի անում, բայց դա դեռ չի նշանակում, որ ես այնտեղ հանցագործությամբ էի զբաղված»:

Նելլի Մինասյան, խոսելով Բոյաջյանի մասին, ասաց, որ նա առաջին դատական նիստում պնդել է, որ հոգեկան խնդիրներ ունի ու նրա այդ հանկարծակի ցուցմունքները փոխելը չի բացառվում, որ իր հոգեկան խնդիրների հետ է կապված. «Միայն հոգեկան մարդը կարա էդքան բան գրի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մուշեղ says:

    Ասում է «խնջույք էի անում», իսկ վերնագրում և տեքստում գրված է «հաճույք էի անում»։
    Սխա՞լ եմ լսում։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031