Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոցում» բեմականացված հարսանիքը իսկական տոնախմբության էր վերածվել

Օգոստոս 11,2017 16:39

«Հարսանիքը յուրաքանչյուր մարդու կյանքում եզակի տոն է, և յուրաքանչյուրը սրտի տրոփյունով է սպասում այս իրադարձությանը: Ժամանակի ընթացքում տվյալ երկրի մշակույթին համապատասխան ավանդույթները փոխվում են, մի մասը կամ չի պահպանվում կամ փոփոխվում է», -այսպես է սկսել իր խոսքը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տարածքում` օգոստոսի 10-ին անցկացված ավանդական հայկական հարսանիքի բեմականացման միջոցառման սկզբում:

««Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնության նպատակը` ավանդական հայկական հարսանիքի մոռացված ավանդույթների մասին հիշեցնելն է: Արգելոց-թանգարանի տարածքը համահունչ է տոնական միջավայրին և համոզված ենք, որ այցելուներին դուր կգա մեր հարսանեկան ծեսը», -ասել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սյուզաննա Սարգսյանը:

Միջոցառման բեմադրող ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյանի փոխանցմամբ հայկական ավանդական հարսանիքի ծեսերին ծանոթանալու հնարավորություն է ընձեռնվել նաև մեր մշակութային արժեքներին ծանոթանալու նպատակով Հայաստան այցելած օտարերկրյա զբոսաշրջիկներին:

Միջոցառումը հուզել էր ներկաներին, նաև` Սմբատ Քոչարյանին ու Աննա Հարությունյանին: Հարս ու փեսայի դերը ստանձնած երիտասարդները սիրով էին համաձայնել մասնակցել բեմականացված հանդիսությանը: Առաջիկայում իրենք էլ պատրաստվում են ամուսնանալ ու խոստովանում են` մոռացված գեղեցիկ ավանդույթներից կներառեն իրենց հարսանեկան արարողությանը:

Ազգագրագետ Գայանե Շագոյանը հայկական հարսանեկան ծեսերի մասին գիրք է հրատարակել, որում ներառվել են արևմտյան և արևելյան Հայաստանի հարսանեկան ծեսերը: Ազգագրագետը 1992-2007 թթ. շրջել է հանրապետության մարզերով` փորձել վեր հանել 20-րդ դարի հարսանիքների մասին պահպանված հիշողությունները: Գ. Շագոյանի խոսքով մարզերում ավանդույթները տարբեր են, բացառությամբ` եկեղեցական ծեսի:

Գեղեցիկ կատարումներով, զուռնա-դհոլով հարսանեկան ծեսը սկսվեց հարսի տնից` դստերն ամուսնական կյանքին պատրաստելու մոր օրհնանքով ու խրատներով (հարսի ընտանիքի անդամների դերում «Ոստան» ավանդական երգ ու պարի անսամբլի կատարողներն էին): Քչերն են հիշում, որ մինչ հարսնառների` զուռնա դհոլով ու խոնչա-բողչայով հարսի տուն գնալը «աղվեսն» էր տեղ հասնում` լուրը հայտնելու: Միջոցառման մասնակիցները վերհիշեցին այդ ավանդույթը, ականատես եղան նաև մի շարք այլ տարրերի ներկայացմանը: «Կարին» (գեղ. ղեկավար` Գ. Գինոսյան) ազգագրական երգի-պարի համույթի, «Ոստան» ավանդական երգ ու պարի անսամբլի (գեղ. ղեկավար` Գ. Աբելյան-Բադալյան), Ռ. Հարոյանի անվան «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի (համաղեկավարներ` Լ. Մկրտչյան և Հ. Անանյան) գրավիչ կատարումների շնորհիվ վերհիշել են` փեսային կոսբանտ, հարսին` գոտի կապելը և այլն: Ամենագեղեցիկ ու հուզիչ պահերից է քահանայի օրհնությունը ստանալը` տեր ու հնազանդ լինելու խոստումը երիտասարդ զույգը տվեց «Զվարթնոց» տաճարում` «Զվարթնոց» կվարտետի հիասքանչ կատարման հնչյունների ներքո:

Տոնական տրամադրությունը թևածում էր արգելոց-տարածքում: Շուրջպարին միացել էին նաև այցելուները, օտարերկրացի զբոսաշրջիկները: Բեմականացված հարսանիքը իսկական տոնախմբության էր վերածվել:

 

hushardzan.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031