Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավոր Բեկթաշյանը խմբի անդամներին հարցրեց՝ ձեզ համար մեղադրանքը հասկանալի՞ է, ընդունո՞ւմ եք այն:
Գործով ամբաստանյալ, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանն ասաց, որ մեղադրանքը պարզ չի, ինքն էլ իրեն մեղավոր ընդհանրապես չի ճանաչում. «Բանդա…մանդա…եսիմ ինչ…Ո՞նց կարելի է նման մարդուն, որ պատերազմում անցած ճանապարհ ունի, մենք երկրի համար էինք պատերազմ գնում: Երբ էս երեխեքին, որ սենց նայում եմ (ցույց է տալիս զինված խմբի անդամներին,- Հ. Ջ.), ուղղակի զարմանում եմ՝ ո՞նց են ազգային անվտանգության մարմինները նմանատիպ փչած գործ սարքել, թե այս երեխեքը պետք է 5 հոգով, 100 հոգով գրավեին: Կամ, ասենք, պիտի «Չերյոմուխայով» սամալյոտ խփեի՞ն, լավ, էդ մարմինները չէի՞ն կարող մի հատ РПК-ով փորձել՝ A կետից B կետը ոնց է խփում:
Ես անձամբ, քանի որ երկար տարիներ քաղաքականությամբ եմ զբաղվել, դեմ եմ եղել նմանատիպ զինված հարձակմանը: Ես Հոկտեմբերի 27-ին 3 հատ հարազատ մարդ եմ կորցրել՝ Արմենակյանը, Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, եւ ես այդքանը հասկանալով, որ երբեւիցե երկրում զինված հեղաշրջում անելը բացառված է, ես թույլ չեմ տա, որ իմ հայրենիքում նման բան լինի: Սա սարքված, շինած գործ է»:
Ցույց տալով իգական սեռի ամբաստանյալներին՝ Վլադիմիր Առաքելյանը հեգնեց. «Նայում եմ էն ակնոցավոր աղջկա վրա սնայպերի հոդված է, որ սնայպեր է բերել, էդ երեխեն պիտի ձենո՞վ կրակի, թե՞ աչքերով, այ մարդ, ամոթ էլ ա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ