Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավոր Բեկթաշյանը խմբի անդամներին հարց ուղղեց՝ ձեզ համար մեղադրանքը հասկանալի՞ է, ընդունո՞ւմ եք այն:
Գործով ամբաստանյալ, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը պատասխանեց, որ իր համար մեղադրանքը պարզ չէ. «Առաջադրված մեղադրանքներում ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Գործով ձեռք չեն բերվել ապացույցներ կամ փաստարկներ մեղադրանքի կապակցությամբ: Առաջադրված հոդվածներն իմ նկատմամբ արհեստածին են: Համոզված եմ, որ իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ իմ քաղաքական 30 տարվա գործունեության հետեւանքով, որն ուղղված է եղել իշխանությունում, երկրում տիրող կոռուպցիայի եւ այլ հանգամանքների, որոնց մասին ես հետագայում ապացույցներ կբերեմ»:
Նա խոստացավ, որ փաստաթղթերով ապացույցներ կներկայացնի, որ մեղադրանքը կեղծ է. «Ես կապ չունեմ հանցավոր խմբի հետ եւ չեմ համարում հանցավոր խումբ, որովհետեւ չկա հանցակազմ»:
Գառնիկ Մարգարյանն ասաց, որ ապշում է, թե ոնց են այդ երիտասարդներին բերել եւ փաթաթել ծանր մեղադրանքները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ