«Ես ընդունել եմ, որ այդ զենք-զինամթերքը իմն են, ես դա ընդունել եմ ի սկզբանե: Հանցավոր համաձայնություն երբեք չի եղել: Չկա որեւէ առարկայական փաստ: Ես իմ փաստերն ունեմ ինձ մեղավոր ճանաչելու համար, ես դա կներկայացնեմ դատարանին, եւ դատարանը շատ լավ գիտի, որ ես իմ փաստերն ունեմ: Երրորդ հոդվածը ո՞րն էր՝ իշխանությունների յուրացում եւ բռնազավթո՞ւմ, ո՞նց կարող եմ իշխանություն բռնազավթել, երբ իշխանությունն արդեն ինձ է պատկանում»,- այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նորք-Մարաշի զինված խմբի գործով նիստին խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանը այսպես պատասխանեց, երբ դատավոր Բեկթաշյանը նրան հարց ուղղեց՝ ձեզ համար մեղադրանքը հասկանալի՞ է, ընդունո՞ւմ եք այն:
Արթուր Վարդանյանի խոսքերով՝ «Այսպես ասած ժողովրդավարական երկրում ենք ապրում, չէ՞, ո՞նց կարող եմ բռնազավթել իշխանություն: Իշխանությունը անհնար է բռնազավթել, այն միայն կարելի է ազատագրել: Անհնար է, եւ նման նպատակ ես չունեմ: Իշխանությունը միշտ՝ 90-ականներից ժողովրդին է պատկանել»:
Մյուս բոլոր ամբաստանյալները եւս մեկը մյուսի հետեւից վստահեցրին, որ մեղադրանքը չեն ընդունում:
ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խոսքերով՝ «Ես մեղադրանքի հետ ոչ մի կապ չունեմ: Ոչ միայն հասկանալի չի, այլ նաեւ ամաչեցի այդ բոլորը լսելով: Այդ անգրագիտության աստիճանը…Ո՞նց կարելի է РПК-ով ինքնաթիռ խփել 1.5 կմ-ից»:
Նա նույնպես ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ