Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում օգոստոսի 11-ին շարունակվում էր «Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստը:
Դատական նիստին ներկայացել էր հանրային պաշտպան Էմին Բեգլարյանը, սակայն և՛ Ժիրայր Սեֆիլյանը, և՛ Ներսես Պողոսյանը հրաժարվեցին օգտվել նրա ծառայություններից:
Ժիրայր Սեֆիլյանը մինչև դատավորի հարցին պատասխանելը կոչ արեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Վարդան Գերավետյանին և Տիգրան Մանուկյանին դադարեցնել հացադուլը. «Իրենք մեզ ողջ-առողջ են պետք, մեր ժողովուրդը իրենց սպասում է, և թո՛ղ չկասկածեն, որ առաջիկա ժամանակահատվածում միասին տակավին մեծ գործ ունենք անելու՝ մեր պատկերացրած պետությունը ստեղծելու համար»:
Հիշեցնենք՝ Վարդան Գերավետյանը և Տիգրան Մանուկյանը հինգշաբթի՝ օգոստոսի 10-ին արդեն իսկ հայտարարել էին, որ դադարեցնում են հացադուլը:
Սեֆիլյանը հայտարարեց, որ դատարանը ոտնահարում է իր իրավունքները՝ հանրային պաշտպան նշանակելով, քանի որ ինքն ունի պաշտպաններ: Իսկ Ներսես Պողոսյանը ասաց, որ ինքը ունի պաշտպաններ, որոնք անօրինական հեռացվել են, նա շեշտեց, որ ուրիշ պաշտպան չի ուզում:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց ներգրավել Էմին Բեգլարյանին որպես Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի պաշտպան: Սակայն, հանրային պաշտպանը ասաց, որ տվյալ դեպքում ամբաստանյալները ունեն պաշտպաններ և հրաժարվում են օգտվել իր ծառայություններից, նա միջնորդեց դատական նիստը հետաձգել. «Ես կփորձեմ մեկ անգամ տեսակցություն ունենալ Ժիրայր Սեֆիլյանի և Նորայր Պողոսյանի հետ, դրանից հետո պարզ կլինի, թե ինչ ձևաչափով եմ դատական նիստերին մասնակցելու»:
Հիշեցնենք, ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու փորձի մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ