Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետ. Շինարարության ոլորտում ակտիվության հստակ միտումներ ունենք և համոզված ենք, որ ունենալու ենք առաջընթաց

Օգոստոս 11,2017 13:10

Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատելով Շինարարի օրը, այն ավանդական է դարձրել և ամեն տարի նշելով՝ փաստում է, որ շինարարությունը եղել և մնում է մեր երկրի տնտեսության կարևոր և առանցքային բնագավառներից մեկը: «Հայտնի է՝ եթե երկրում ակտիվ շինարարություն է ընթանում, ակտիվանում են նաև մյուս ոլորտները: Ցանկացած երկրի տնտեսության համար շինարարությունը մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի՝ դրական ազդեցություն ունենալով այլ ուղղությունների զարգացման վրա: Պետությունը, որտեղ զարգանում է շինարարությունը, առաջընթաց է ապրում:

Մեր նախնիները բացառիկ ժառանգություն են թողել մեզ, որով հպարտանում ենք՝ պահպանելով և ներկայացնելով այն աշխարհին ու սերունդներին: Շատ ողջունելի է, որ այսօր հայ շինարարները զարգացնում են անցյալի մեր մեծ վարպետների մասնագիտական փորձառությունը և ավանդույթները՝ կառուցելով ամուր և գեղեցիկ շենքեր՝ նորարարական, առաջադեմ, անվտանգ տեխնոլոգիաների կիրառմամբ», – ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով, որքան էլ վիճակագրական տվյալները հուշեն, թե շինարարության զարգացման առումով այժմ դժվարին փուլում ենք գտնվում, մեկ բան ակնհայտ է՝ հայ շինարարը միշտ կառուցել է և պիտի կառուցի. այդպես է եղել անգամ մեր երկրի համար չափազանց դժվարին ժամանակներում:

Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունն այսօր ջանքեր է գործադրում հանրապետությունում քաղաքաշինական-ներդրումային ծրագրերի իրականացման, շինարարության խթանման համար: «Արդեն իսկ մեկնարկել են բազմաթիվ ծրագրեր մայրաքաղաքում ու մարզերում և, այդ առումով, վիճակագրությունը, որ այս պահին ունենք, բավականին հետաքրքիր է և հուսադրող: Մենք պատրաստ ենք լրացուցիչ նպաստավոր պայմաններ ստեղծել շինարարի համար և տնտեսության զարգացման, և ներդրումների ապահովման նպատակով: Ցանկանում եմ ֆիքսել, որ շինոլորտում ակտիվության հստակ միտումներ ունենք և համոզմունք ենք հայտնում, որ շինարարության տեմպերի աճի առումով ունենալու ենք առաջընթաց», – ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա ընթացքում, ըստ վիճակագրական տվյալների, ունենք հետ ընկնող երկու ոլորտ՝ շինարարությունն ու գյուղատնտեսությունը: «Մեր կանխատեսումներով, վստահ ենք, որ շինարարության ոլորտում հոկտեմբերին մոտենալու ենք այն ցուցանիշին, որը լրացնելու է նախորդ տարվա տեմպերն ու տարվա կտրվածքով ունենալու ենք աճ», – նշել է կառավարության ղեկավարը: Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ արդեն նախորդ ամիս արձանագրվել են աճի միտումներ: «Բոլորս պետք է վստահ լինենք, որ կառավարությունն այսօր վիճակագրական ինդիկատորներին հստակ հետևում է: Համոզված ենք, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», – ասել է Կարեն Կարապետյանը:

Ամփոփելով խոսքը՝ կառավարության ղեկավարը շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթել եռանդ և հաջողություններ: Քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և Շինարարի օրվա կապակցությամբ Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանին, «Կամուրջշին» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանին, «Հայնախագիծ» ԲԲԸ-ի տնօրեն Գրիգոր Ազիզյանին, «Ռենշին» ՍՊԸ-ի համահիմնադիր Արայիկ Կարապետյանին, «Ռենշին» ՍՊԸ-ի համահիմնադիր Էդուարդ Մարությանին: ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել՝ «Գապեքս» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Գաբրիելյանը, «Կարիտաս Իտալիանո» ՓԲԸ-ի տնօրեն Վարդգես Բաբայանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի բաժնի վարիչ Հովհաննես Մեհրոնյանը, «Միկշին» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031