Aravot.am-ի հետ զրույցում Նորք Մարաշի զինված խմբի գործով մեղադրվող «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի կինն ասել էր, որ իր ամուսինը մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի հետ:
Այսօր դատական նիստից առաջ մենք Գառնիկ Մարգարյանից ճշտեցինք՝ ինչո՞ւ է ինքը հանդեպել Վարդանյանի հետ: Նա նախ ի պատասխան նեղսրտեց, որ ԶԼՄ-ները իրեն ներկայացնում են որպես բանդայի անդամ. «Ես բանդայի անդամ չեմ: Բանդա էլ գոյություն չունի: Այդ շինծու, արհեստական բաները մի՛ գրեք: Գրեք Սերժի վրա, որ ինքն է բանդա ստեղծել: Ի՞նչ եք իզուր տեղը էս ամեն ինչը… հիմար բաներ են գրում, դրա համար չեմ ուզում խոսել»:
Ինչ վերաբերում է զինված խմբի ղեկավարի հետ հանդիպումներին՝ Գառնիկ Մարգարյանը պատասխանեց. «Հա, կինո «Մոսկվայում»՝ կաֆեում, կանչել ասել է՝ ջոկատ ենք ստեղծում՝ գնալու Ղարաբաղ, կռվելու: Ես էլ ասել եմ՝ զինվոր եմ, կօգնեմ: Միայն դրա մասին ենք խոսել, բացարձակ: Ուրիշ բան չկա գործում: Զենքն էլ սարքած է»:
Գառնիկ Մարգարյանն ասաց՝ բացի Արթուրից որեւէ մեկն իրեն զինված խմբի անդամներից չի ճանաչում. «Հարցրեք բոլորին, տեսեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ