Վայոց Ձորի Արտավան համայնքում բնակելի հատվածից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող անտառում երեկվանից հրդեհ է բռնկվել, գիշերը բնակիչներին հաջողվել է դեպի գյուղ եկող հատվածում բռնկված հրդեհը հանգցնել, բայց անտառում բռնկված հրդեհը մարել չի հաջողվում: Այս մասին Aravot.am-ին ասաց Արտավանի նախկին գյուղապետ Արթուր Գալստյանը:
«Անտառում լրիվ սոճիներ են, դրանք են վառվում, ոչ մի կերպ հնարավոր չէ հանգցնել: Հրդեհը բռնկվել է երեկ երեկոյան 17:00-ի սահմաններում»,- ասաց պարոն Գալստյանը:
Ըստ նրա՝ առայժմ հայտնի չէ հրդեհի պատճառը. «Մի ամբողջ անտառ ամբողջությամբ վառվել է, հիմա էլ վառվում է»:
Ներկայիս գյուղապետ Սիմոն Բաբայանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ այս պահին հրդեհը մարելու աշխատանքներին է մասնակցում, չի կարող հարցերի պատասխանել: Նա միայն հասցրեց ասել. «Տներն են վառվում, հիմա չեմ կարող խոսել»:
Ըստ ԱԻՆ-ի տարածած տեղեկատվության, դեպքի վայրում աշխատում են 72 հրշեջ-փրկարար:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՊՆ ուղղաթիռ, «Լիդիան Արմենիա» ընկերության 2 ջրատար (ԿամԱԶ), անտառտնտեսության՝ 28, բնապահպանության պետական տեսչության՝ 3, ոստիկանության Վայքի բաժնի՝ 21, մարզպետարանի՝ 11 աշխատակից եւ Արտավան գյուղի բնակիչները:
Համագործակցություն է իրականացվում ՀՀ ՊՆ եւ ոստիկանության ուժերի հետ:
Պարզվել է, որ այրվում է մոտ 230 հա բուսածածկ տարածք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ ԱԻՆ-ի