Լրահոս
Օրվա լրահոսը

Սկզբից՝ մտածելակերպը, հետո՝ խորհրդանիշները

Օգոստոս 11,2017 10:00

Հայաստանում կոմունիստական ղեկավարների եւ գործիչների, օտարազգի հայտնի դեմքերի անունները կրող փողոցները, դպրոցները անվանափոխելու հարցը պարապ խոսակցություն չի՝ դա ուղղակիորեն կապ ունի այն արժեհամակարգի հետ, որի հիման վրա պետք է զարգանա մեր պետությունը: Առայժմ արժեհամակարգ չկա. 80-ականների երկրորդ կեսի խորհրդահայ մտավորականների առավել առաջադեմ մասը (նրանք այնուհետեւ կազմեցին Ղարաբաղան շարժման կորիզը), ինչպես նաեւ նախկին խորհրդային այլախոհները, իհարկե, մտածում էին այդ ուղղությամբ, բայց նրանք ի վիճակի չեղան դիմադրել ավանդական մտածողությանը, որը գերիշխում էր հասարակության մեջ, նույն մտավորականության եւ, իհարկե, պետական բյուրոկրատիայի շրջանում: Արդյունքում հանրային մտածողության (նույնն է թե՝ արժեհամակարգի) առումով շատ բան մնաց նույնը, շատ բան նաեւ փոխվեց, եւ մենք ապրում ենք, եթե կարելի է ասել, էկլեկտիզմի դարաշրջանում, որտեղ Լենինն ու Նժդեհը «գոյակցում են» իրար կողքի, իսկ, ասենք, 1987 թվականին «Սկվազնյակում» սուրճ խմող եւ բարձր «մատերիաներից» խոսող մտավորականը դարձել է միանգամայն խորհրդային ոճի կաշառակեր:

Գալիս են նոր սերունդներ, եւ նրանց մոտ հարցեր են առաջանում ոչ միայն բոլշեւիկների մասին: Օրինակ՝ 10 տարեկան աղջիկս հարցնում է, թե ինչու Երեւանում կան Լենինգրադյան, Կիեւյան կամ Մոսկովյան փողոցներ, բայց չկան Լոնդոնյան եւ Փարիզյան: Բնական է, որ քաղաքական գործիչների նոր սերնդի՝ «Ելքի» մոտ նույնպես հարցեր են առաջանում, թե ի՞նչ են 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունում խորհրդանշում Կասյան, Ամիրյան, Միկոյան կամ Սպանդարյան անունները: Այդ տեսանկյունից, որպես հարցադրում, «Ելքի» նախաձեռնությունը միանգամայն տեղին է:

Չնայած, եթե ինձ մնար, ապա ես չէի սկսի փողոցների անուններից: Սկզբից պետք է հասկանալ, թե ո՞րն է մեր պետության արժեհամակարգը, եւ հետո միայն մտածել դրա խորհրդանիշների մասին: Կոպիտ ասած՝ եթե պետք է հրաժարվել «Լենին» անունից եւ դրա տեղը վերցնել «Նժդեհ» անունը, կամ դնել համապատասխան արձանը, ապա պետք է նախ հասկանալ եւ բոլորին բացատրել, թե ովքեր էին այդ մարդիկ, ի՞նչ էին արել, եւ արդյո՞ք Նժդեհը պարզապես իշխող կուսակցության Լենինը չի: Հարցրեք իմ տարիքի «միջին թվաբանական հայաստանցուն», թե ով էր Լենինը, եւ նա կսկսի տանջվելով հիշել, թե ինչ էր նրա մասին գրված դպրոցական եւ բուհական դասագրքերում: Հարցրեք այսօրվա 20 տարեկանին, նա նույնն է անելու՝ կրկնելու է «պաշտոնական» շաբլոն ձեւակերպումները: Ուզում եմ ասել՝ հասարակական մտածողությունն առաջնային է, դրա խորհրդանիշները՝ երկրորդական:

Ինչ մնում է կոմունիստներին, ապա նրանք էլ էին տարբեր: Ոմանց համար ազգային պատկանելությունն ավելի կարեւոր էր, քան գաղափարախոսությունը՝ Ալեքսանդր Մյասնիկյան, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. joradzadza says:

    Մտքի բարդ ելևէջները հիշեցնում են հայտնի անհեթեթությունը՝ի՞նչն է եղել սկզբում, ձուն թե հավը: Կարո՞ղ եք գոնե մի օրինակ բերել կամայական ժամանակաշրջանից, կամայական հասարակարգից, երբ սկզբում ձևակերպվել է մտածելակերպը, հետո՝խորհրդանիշները: Մի գուցե դրանք զարգացել են իրար վրա ազդելով, իրար ձևաձոխելով և առաջնայնության հարց պարզապես չկա:

  2. Լավատես says:

    Իսկական մտավորականը ազգային գաղափարախոսություն ունի, ես միանշանակ կընդունեի մեր իսկական մտավորականների կողմից առաջարկվող ցանկացած խորհրդանիշ՝ նույնիսկ առանց հասկանալու, լիովին վստահելով նրանց հեղինակությանը:

  3. Արմ says:

    Իսկ ինչու պետք է որևէ գորչի անունով փողոց կամ դպրոց կոչվի։ Դա գորչի վաստակը գնահատելու միջոց է, թէ անարգանք։ Օրինակ, Կոմիտասի անունով պողոտա ունենք, որտեղով քայլելիս երբեք չենք մտաբերում նրա ստեղծագործությունը, բայց հաճախ լսում (ասում) ենք՝ “Կոմիտասի վրի սիթի ․․․”, “Թումանյանի շաուրմա”, “Տերյանի վրա լռվել եմ” կամ “Նալբանդյանի վրա կայնած եմ”։ Ճիշտ է, նշված անունները դրանով ավելի հանրահայտ են դառնում, բայց ․․․։

  4. Ոչ ոք պիտի օգտուի այդ բոլորէն says:

    Մարդիկ իրենց կեանքի ընթացքին կը սորվին գիտելիքներ եւ ձեռք կը բերեն փորձառութիւններ, որոնք կը դառնան կեանքի հիմունքները: Եթէ այդ գիտելիքները չկիսուինք մեր շրջապատին հետ եւ ըլլանք անձնասէրներ, այդ բոլորը պիտի դառնան անիմաստ, որովհետեւ լոյս պիտի չտեսնեն եւ ոչ ոք պիտի օգտուի այդ բոլորէն:

  5. Ruben says:

    Խորհրդանիշներ՝.
    Խորհրդային Հայաստանի զինանշան: Մարտիրոս Սարյանի մտածելակերպ: «Պրոլետարներ»-ի փոխարեն՝ հայեր:
    ՀՀ զինանշան՝ առյուծներ (արու եւ էգեր, մի էգն էլ ժպտում է), փետրավորներ («երջանիկ» թռիչք): Գերագույն խորհրդի պատգամավորների մտածելակերպ՝ բերանդ փակի եւ նստի տեղդ, կարող եք մեկ-մեկ ժպտալ:
    Կառավարության շենքի ճակատին մասոնների հերալդիկա (խորհրդանիշ): Կառավարության աշխատակիցների մտածելակերպ ՝ որպես զոմբի ծառայել տիրոջը:
    Կապույտ ծաղիկ, անմոռուկ (խորհրդանիշ):
    Մասոնների Մեծ օթյակի “Zur Sonne» խորհրդանիշ (1926 թ., Բրեմեն, Գերմանիա):
    «Ձմեռային օգնություն» նացիստական բարեգործական կազմակերպության կրծքանշան (1938թ., Գերմանիա): 1948 թ.-ին՝ Գերմանիա, 1949 թ.-ին՝ Ալյասկա…
    Ի հիշատակ Լիտվայում, 1991 թ. հունվարի 13-ի ողբերգական իրադարձությունների (կրծքանշան):
    Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասսոնական խորհրդանիշ (ՀՀ-ում):
    Մտածելակերպը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի:

  6. Ruben says:

    Խորհրդանիշներ՝./ մտածելակերպ՝.
    Ալեքսանդր Մյասնիկյան՝ Ամենը հանուն հայերի եւ Հայաստանի:
    Անտոն Քոչինյան՝ Ամենը հանուն հայերի եւ Հայաստանի:
    Կարեն Դեմիրճյան՝, Փայլակ, ցեխավիկ, ռեկետ, կոռուպցիա, Լենինականի գերեզմանոց:

  7. Սահման քաջաց....... says:

    Սահման քաջաց ` զմիտս իւրեանց , որքան հատանէ ` այնքան ունի:

  8. Seyran says:

    Իսկ,դուցե ավելի ճիշտ է մեր պատմությունը մեզ հետ քարշ տանք՝թե չե,քրիստոնեությունը ջնջեց նախաքրիստոնեական պատմությունը,բոլշևիկյանը՝քրիստոնեականը,հիմա էլ ջնջենք բոլշևիկյան ժամանակաշրջանը:Մեկ դար հետո ,,այլ,,աղբյուրներից քաղենք մեր անցած պատմական իրադարձությունները:5 հազար տարվա պատմություն ունենք?,թե?չունենք….

  9. Մ.Գրիգորյանm says:

    ժամանակը տալիս է ամեն ինչի գնահատականը: Եվ՛ անցյալ եվ՛ ներկա գործիչներից քչերն են դառնում խորհրդանիշ:Պատմությունը և ժամանակը սրբագրում են անհատի գործունեությունը: Ընդհանրապես, թերևս սխալ է քաղաքական գործիչների անունով կոչել փողոցներ, դպրոցներ, հաստատություններ (մանավանդ այսպիսի առատությամբ): Նույն մարդու անունով և՛ դպրոց կա, և՛ մարզադաշտ,և՛ բարձրագույն հաստատություն, և՛ փողոց և՛ մրցաշար և այլն: Գուցե մեկ տասնամյակ հետո այդ ամենը ժամանակավրեպ համարվի, ա՞յլ գնահատական տրվի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031