Ալիեւի հետ ճշգրտում են բարդ հարաբերությունները,
իսկ Հայաստանին հասկացնել են տալիս, որ հիացած չեն որոշ քայլերով
Սկիզբը` այստեղ:
Ռուսաստանից Թուրքիային C-400 համակարգեր տրամադրելու փաստաթղթերի ստորագրման, Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանին դրանք տեղակայելու հնարավորությունների վերաբերյալ քննարկումներից մի քանի օր առաջ՝ հուլիսի սկզբներին, ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը, հայտնեցին, որ Ադրբեջան է հասել ռուսական ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը։ Բաքվի նավահանգիստ հասած մեծ քանակությամբ արկերը, հրթիռները, ռազմական սարքավորումները նախատեսված են հրթիռահրետանային համակարգերով ռազմական միջոցների, ինժեներական կառույցների, կենդանի ուժի եւ այլ օբյեկտների ճշգրիտ եւ տարածական խոցման համար: «Ռուսաստանից գնված նոր ռազմամթերքը կբազմապատկի ռազմաճակատում տեղակայված զորքի մարտական հնարավորությունները»,- ասվում էր Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած տեսանյութում երեւում էին ռուսաստանյան արտադրության ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի MO.1.01.04M արդիականացված հրթիռները: Ըստ «Ռազմինֆո»-ի՝ հրապարակված լուսանկարներում եւ տեսանյութում երեւում է առնվազն 400 միավոր նման հրթիռ: Հիշեցնենք, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է մատակարարում երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` դեռեւս 2011-2013թթ. կնքված պայմանագրերով: 2016-ին այս համակարգերը հայկական բանակի դեմ կիրառվեցին ապրիլյան պատերազմի ժամանակ:
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ու Թուրքիային զինելու տեղեկատվությունների ի հայտ գալուց հետո` հուլիսի 22-ին, Սոչիում կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Պուտինն այս հանդիպումից ակնկալում էր տարածաշրջանային խնդիրների լուծմանը նվիրված քննարկում. «Ուրախ եմ մեր երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանում ստեղծված ոչ պարզ իրավիճակի մասին խոսելու հնարավորության համար: Հուսով եմ՝ այսօրվա մեր հանդիպումը եւս կնպաստի բոլոր բարդ խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել էր Պուտինը: Նա նշել է, որ Մոսկվան եւ Բաքուն ապագայի համատեղ ծրագրեր ունեն:
Իր հերթին Ալիեւը հավելել էր. «Կոնսուլտացիաների անհրաժեշտություն կա՝ կապված ինչպես տարածաշրջանային եւ համաշխարհային քաղաքական գործընթացների հետ, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության հարցերի հետ»: Ալիեւը վստահեցրել էր, որ ադրբեջանական կողմը բավարարված է Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակով:
Հարավային Կովկասում բոլոր բարդ խնդիրների լուծման ուղիները գտե՞լ են Պուտինն ու Ալիեւը Սոչիում՝ պարզ չէ, համենայնդեպս՝ պաշտոնական հաղորդագրություններից բացի, այլ տեղեկություններ չկան: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում էր, որ հանդիպմանը Պուտինն ու Ալիեւը «եւս մեկ անգամ հաստատել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերային կապերի առկայությունը, ընդգծել քաղաքական, տնտեսական, մարդասիրական եւ այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների բարեհաջող զարգացումը»։ «Երկու երկրների նախագահները կարծիքներ են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նրանք վստահություն են հայտնել առ այն, որ «բարեկամական ու ռազմավարական գործընկերային կապերը կզարգանան նաեւ հետագայում»,- նշվում էր հաղորդագրությունում:
Մի կողմից՝ Պուտինը հասկացնել է տալիս, որ Մոսկվան Բաքվի հետ ապագային վերաբերող բազմաթիվ համատեղ ծրագրեր ունի, բայց միաժամանակ փաստում է, որ տարածաշրջանում իրավիճակը հեշտ չէ, Ալիեւի հետ բարդ խնդիրներ է քննարկում: Իսկ խնդիրներ վերջերս իսկապես արձանագրվել էին, որոնք վկայում էին, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններն այդքան էլ հարթ չեն:
Անցյալ ամսվա սկզբին Ռուսաստանը Բաքվից պահանջեց դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքը. «Հարկադրված ենք փաստել, որ Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիներն իսկապես խտրական վերաբերմունքի են արժանանում՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ»,- հայտնել էին ՌԴ արտաքին գերատեսչությունից, վկայաբերելով մի շարք օրինակներ: «Շարունակում ենք պահանջել դադարեցնել այդ մտահոգիչ գործելակերպը, ինչն անհամատեղելի է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների հետ»,- նշել էին ՌԴ արտգործնախարարությունում՝ հավելելով, թե ստեղծված իրավիճակից «բնականաբար կարվեն հետեւություններ»:
Ռուսաստանյան գործակալությունները նշում էին, որ այս տարվա սկզբից Բաքուն մերժել է հայկական ազգանուններով ՌԴ 25 քաղաքացիների մուտքն Ադրբեջան. նրանց ժամերով սպասեցրել են՝ մի շարք դեպքերում զրկելով սնվելու, երբեմն անգամ ջուր խմելու եւ բուժօգնություն ստանալու հնարավորությունից, այնուհետեւ իրենց իսկ հաշվին արտաքսել են երկրից: Նման դեպքերում իբրեւ հիմնավորում է նշվել քաղաքացիների հայկական ազգանունը, սակայն եղել են դեպքեր, երբ Ադրբեջանում հարցաքննել են նաեւ ռուսական ազգանվամբ մարդկանց՝ «հայկական արմատները բացահայտելու նպատակով»՝ նշել էր TACC-ը: Ըստ գործակալության՝ Ռուսաստանի ԱԳՆ-ում նաեւ հայտնել էին, որ նման փաստերի հետ կապված բազմիցս բողոքի նոտաներ են հղել Բաքվին, սակայն դրանք «ընկալելի եւ բավարար պատասխան» չեն ստացել: ՌԴ ԱԳՆ հաղորդման համաձայն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ից հետեւյալ պատասխանն է ստացվել. «Նման անցանկալի միջադեպերի կանխման համար Ադրբեջանը հարկադրված է մի շարք մարդկանց հանդեպ կիրառել համապատասխան կարգավորումներ»:
Ավելի վաղ ռուս-ադրբեջանական հարաբերություններում մեկ այլ «միջադեպ» էր գրանցվել: Մայիսի վերջին Ադրբեջանը դատապարտեց եւ քաղաքական որոշում որակեց Ռուսաստանի գերագույն դատարանի կողմից «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության լուծարումը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «ոչ բարեկամական քայլ» որակելով բարեկամ Ռուսաստանի իշխանությունների այդ որոշումը՝ հայտարարեց, թե այդ կերպ Մոսկվան աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի հայերի միությանը: «Այդ ամենը կարող է բացասաբար ազդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում Ռուսաստանի ստանձնած միջնորդական դերի վրա»,- ասել էր Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւը։
Ռուսաստանում ադրբեջանական կառույցը չեղարկելու հայցով երկրի Գերագույն դատարան էր դիմել արդարադատության նախարարությունը՝ պնդելով, որ կազմակերպության գործունեության որոշ դրույթներ չեն համապատասխանում Ռուսաստանի գործող օրենսդրության պահանջներին: 2001-ին ստեղծված եւ ավելի քան երկու միլիոն ադրբեջանցիների միավորող կազմակերպությունը Ռուսաստանում լուծարելու որոշումը Ադրբեջանի իշխող վերնախավում լուրջ դժգոհությունների տեղիք էր տվել։ ՌԴ-ի հասցեին մշտապես գովեստի խոսքեր շռայլող Ադրբեջանի իշխող կուսակցության ներկայացուցիչները չէին թաքցնում իրենց զայրույթը: «Մենք երբեք չենք արել մի բան, որը կհակասեր Ռուսաստանի շահերին։ Միլի մեջլիսը պետք է պաշտոնական հայտարարություն ընդունի այդ կապակցությամբ։ Ի՞նչ է այդ ամենը նշանակում՝ որ Ռուսաստանում բոլոր հարցերը լուծել էին, մնացել էր ադրբեջանական կազմակերպության հա՞րցը»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության քարտուղար, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը։ Իշխող ուժի ներկայացուցիչը, ի պատասխան, խոստանում է դիմել պաշտոնական մարմիններին՝ Ադրբեջանում գործող ռուսաստանյան կենտրոններին եւ համայնքին վերաբերող թղթաբանությունը ստուգելու պահանջով։ Ռուսաստանի տասնյակ մարզերում գրասենյակներ ունեցող կառույցը հիմնադրվել էր Ադրբեջանի առաջին նախագահ Հեյդար Ալիեւի նախաձեռնությամբ, եւ կոնգրեսի անդրանիկ նիստին ներկա էր գտնվել Վլադիմիր Պուտինը։
Պաշտոնական Մոսկվան, մինչդեռ, «անընդունելի» համարեց Բաքվի մեղադրանքները: «Մոսկվան ադրբեջանցիների կասկածելի խորհուրդների կարիքը չունի՝ իր երկրի ներսում ազգամիջյան քաղաքականությանը վերաբերող հարցերում»,- ասել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` հավելելով. «Տարօրինակ է, երբ Ռուսաստանի դատարանի որոշումը՝ կայացված Ռուսաստանում գրանցված կազմակերպության նկատմամբ, գնահատվում է որպես ոչ բարեկամական քայլ Ադրբեջանի նկատմամբ, եւ իհարկե՝ ցավալի է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն բարձրաձայնում է դա ու այս ամենի հետեւում կրկին հայկական հետք է տեսնում»:
Ռուս-ադրբեջանական հարաբերություններում նշյալ «միջադեպերը», ամենայն հավանականությամբ, հետեւանք են գոյություն ունեցող ավելի խոր խնդիրների: Մոսկվան, թերեւս, Բաքվից ավելի լուրջ ակնկալիքներ ունի աշխարհաքաղաքական կողմնորոշման, էներգետիկ ծրագրերի հետ կապված հարցերում:
Ուշագրավ փաստ է նաեւ, որ Ադրբեջանը չի մասնակցում հուլիսի 31-ից Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի` Noble Partner 2017 զորավարժություններին: Իսկ ահա նշյալ զորավարժություններին Հայաստանի մասնակցության առնչությամբ ռուսական կողմից սկսել են «դժգոհություններ» հնչել: Ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Ստրոկանը եկել է այն եզրակացության, որ Հայաստանը մոտենում է ՆԱՏՕ-ին։ Նա զարմացած է Հայաստանի մասնակցությամբ, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ համարվում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ֆորպոստը։ Թեեւ վերլուծաբանը փաստում է, որ Հայաստանի մասնակցությունը Վրաստանում անցկացվող զորավարժություններին առավելապես խորհրդանշական բնույթ ունի, այնուամենայնիվ, հարցադրում է բարձրացնում` ինչո՞ւ Հայաստանը որոշեց մասնակցել այդ զորավարժություններին` ի դեպ, առաջին անգամ։ Ռուս վերլուծաբանն այսպիսով եզրակացնում է, որ Հայաստանի քայլը, այնուամենայնիվ, պետք է դիտարկել որպես դեմարշ Ռուսաստանի դեմ, ինչը պայմանավորված է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով հայկական հասարակությունում աճող դժգոհությունների հետ։
Ռուսաստանցի տնտեսագետ Նիկիտա Կրիչեւսկին էլ ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում փորձում է հասկացնել, որ Ռուսաստանը դեմ չէ Ղարաբաղյան խնդրի ուժային լուծման տարբերակին, քանի որ ծանրակշիռ հիմքեր չունի, որպեսզի այդպես չվարվի, մանավանդ` «Ղրիմի եւ Ռուսաստանի միավորումից հետո», այսինքն` այդ դեպքում էլ, ըստ ռուս տնտեսագետի` «մայր Ադրբեջանին» միանալու հարցն է»:
Ինչպես երեւում է, Մոսկվան անցնում է Հայաստանից դժգոհելու փուլի, դիմում է Հայաստանին ակնարկներ ուղղելու քարոզչական որոշակի հնարքների: Փաստորեն, մի կողմից՝ Ռուսաստանն Ալիեւի հետ է ճշգրտում բարդ հարաբերությունները, մյուս կողմից՝ առայժմ, թեեւ փորձագետների մակարդակով, հասկացնել է տալիս, որ այնքան էլ հիացած չէ Հայաստանի քայլերով:
Սկիզբը` այստեղ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 10.07.2017