Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվում նստեն խորոված-քյաբաբ ուտեն, խավիար ուտեն եւ չտեսնե՞ն՝ ինչ է մահը. չի՛ լինելու այդպիսի բան»

Օգոստոս 11,2017 15:30

Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ եթե ՌԴ-ն Թուրքիային
վաճառի C-400 հրթիռները, ՀՀ-ն նույնպես կունենա համարժեք զենքը

Ադրբեջանում մեր «Իսկանդերների» հետ կապված տագնապն ու հիստերիան օր օրի ավելի են խորանում: Բաքվի վերլուծաբանները մեծ հույսեր են կապում Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառելիք C-400 զենիթահրթիռային համալիրների հետ, որոնք, ըստ նրանց, կարող են զսպիչ գործոն հանդիսանալ «Իսկանդերների» դեմ:

Այս առնչությամբ «Առավոտը» զրուցեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Մեր հարցին՝ C-400 այդ զենիթահրթիռային համալիրների հետ կապված Դուք վտանգ տեսնո՞ւմ եք, որ Թուրքիան կարող է տալ Ադրբեջանին եւ նոր խնդիրներ առաջացնել մեզ համար, պարոն Բաբայանը պատասխանեց. «Դեռեւս վերջնականապես չի հաստատվել, որ Թուրքիան ստացել է այդ հրթիռները: Խոսում են, որ կարող է այդպիսի գործարք լինել, բայց դեռեւս հստակ պատասխան չկա: Ընդհանրապես այդ գործարքը ավելի շուտ պետք է դիտարկել Թուրքիա-ՌԴ-Արեւմուտք հարաբերությունների ներքո՝ մանավանդ, որ կա լուրջ ճնշում Արեւմուտքի, Պենտագոնի կողմից, որպեսզի Թուրքիան այդ քայլին չդիմի: Շատ կասկածելի է այդ գործարքը, այն կարող է երբեւիցե չկնքվի էլ: Երեւում է, որ Թուրքիան շանտաժի է ենթարկում իր գլխավոր դաշնակցին՝ ԱՄՆ-ին, Արեւմուտքին, ինչը չեմ կարծում, որ ընդունելի է Վաշինգտոնի համար, նման անհարգալից վերաբերմունքը: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելուն, նրանցից ամեն ինչ էլ սպասելի է, ամեն ինչ էլ կարող են մատակարարել: Եթե ունենան ատոմային զենք, քիմիական զենք, դա էլ կմատակարարեն: Մատակարարում են եւ գրոհայիններին, զենք, զինամթերք, Թուրքիայի գլխավոր շտաբի գեներալներն ու բարձրաստիճան սպաները անընդհատ գտնվում են Ադրբեջանում, ընդհանրապես Ադրբեջանը ինքը արհեստականորեն ստեղծվել է թուրքական բանակի կողմից, նույնը շարունակվում է հիմա: Այդ հրթիռային համակարգերի տեղակայումը Թուրքիայում եւ նրա հավանական օգտագործումը Հայաստանի դեմ կնշանակի նաեւ Ռուսաստանի դեմ: Ի վերջո՝ ռուսական ռազմաբազաներն են ՀՀ-ում տեղակայված: Դա շատ վիճահարույց խնդիր է: Դեռեւս պետք է սպասենք՝ ինչ է լինելու, դա ըստ երեւույթին լինելու է շոուի պես մի բան՝ առանց ռեալ արդյունքների: Եթե հանկարծ այդ գործարքը կնքվի, եւ Թուրքիան փորձի այդ զենքը մատակարարել Ադրբեջանին, նախեւառաջ պայմանագրում պետք է հստակ նշվի, որ իրավունք չկա դա մատակարարելու երրորդ պետությանը: Իսկ եթե դա այդպես լինի, ավելի քան վստահ եմ՝ համապատասխան զինատեսակները կունենա նաեւ ՀՀ-ն, որովհետեւ հավասարակշռվածությունը պետք է պահպանվի եւ պահպանվելու է: Բայց, կարծում եմ, սա ավելի շատ շոու է եւ Թուրքիայի կապրիզն ու իր շանտաժային քաղաքականությունը իր հարեւանների նկատմամբ»:

Հարցին՝ մեր «Իսկանդերների» հետ կապված Ադրբեջանում առաջացած այդ տագնապը ինչո՞վ եք բացատրում, իրենք դրա դեմ այլընտրանքը չունե՞ն Իսրայելից գնած, որովհետեւ տեսակետ կար, որ իսրայելական ՀՀՊ-ն, որը Բաքուն գնել է, կարող են դիմակայել «Իսկանդերին», Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Չունեն, իհարկե, չունեն այլընտրանք: Հետո գիտե՞ք խնդիրն ինչն է, այս տարիներին ալիեւյան կլանը, ծախսելով այդքան զենք, զինամթերք, իլյուզիա է ստեղծել Ադրբեջանի հասարակության համար, որ իրենք անխոցելի են: Առաջին եւ երկրորդ Արցախյան պատերազմները երբ վերլուծենք, կտեսնենք էական արմատական տարբերություններ եւ զինատեսակների առումով՝ հեռահար եւ այլն, ադրբեջանական կողմը երեւի հույս ուներ, ինչը լիակատար անհեթեթություն է, ուզում էին իրենց նոր զինատեսակներն օգտագործել, բայց պատերազմը դարձնել լոկալ, այսինքն՝ միայն Արցախի սահմանի եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանամերձ շրջանները տուժեն, ինչպես եղել է առաջին պատերազմի ժամանակ, բայց երկրորդի ժամանակ այդպիսի բան չի լինելու: Քառօրյա պատերազմը չի եղել լայնամասշտաբ, դա եղել է պարզապես բլից-կրիգի ձախողում, թշնամին փորձել է բլից-կրիգով հարցը լուծել՝ լոկալ ձեւով՝ թույլ չտալով, որպեսզի լայնամասշտաբ պատերազմ լինի: Բայց պատերազմը լինելու է լայնամասշտաբ, ու երբ որ նրանք տեսնեն, որ խոցելի է լինելու նաեւ Բաքուն՝ ռեալ ձեւով, խոցելի են լինելու բոլոր քաղաքներն ու գյուղերը, եւ այնտեղ նստող եւ գոռգոռացողները, որ բոլոր հայերին պետք է կոտորենք, բայց իրենց երեխաներին բանակ չուղարկող, այսպես կոչված, իշխանավորները իրենց սեփական բնակչությանը, սեփական մայրաքաղաքը դարձնելու են թիրախ, իհարկե, սա լրիվ փոխելու է իրավիճակը: Եվ ժողովուրդը հարց է տալու՝ սա՞ է գինը եւ ինչի՞ համար: Քաղաքական, բարոյահոգեբանական, ռազմական նոր վախեր, նոր սպասելիքներ, մարտահրավերներ է ադրբեջանական հասարակությունը զգացել իր վրա: Սա շատ կարեւոր է, որ նրանք իմանան՝ չի լինելու լոկալ պատերազմ՝ ինչպես առաջին անգամ է եղել: Այսինքն՝ Բաքվում նստեն խորոված-քյաբաբ ուտեն, խավիար ուտեն, չգիտեմ ինչ անեն, էն մեկին կաշառեն ու պարզապես ճոռոմ-ճոռոմ խոսեն որոշ մարդիկ, մարդկանց ուղարկեն պատերազմ եւ չտեսնե՞ն՝ ինչ բան են ռմբակոծությունները, չտեսնե՞ն՝ ինչ է մահը. չի՛ լինելու այդպիսի բան: Հասկացեք, ոչ թե մենք ուզում ենք, որ որեւէ մեկը զոհվի, մարդ, որն ուզում է, որ երեխա զոհվի, անկախ նրանից, թե ինչ ազգ է, դա մարդ չէ: Բայց պատերազմը այնպիսի բան է, որ եթե նրանք հարձակվեն, մենք պիտի պաշտպանվենք: Սա բնական է, եւ թող Ադրբեջանի որեւէ իշխանավոր չմտածի, որ չի թիրախավորվելու նաեւ Բաքուն, այլ քաղաքներ: Սա զսպող մեխանիզմ է»:

Ըստ Դավիթ Բաբայանի՝ դժբախտաբար, ֆաշիզմով տառապող պետությունը չի հասկանում նորմալ ողջամիտ առաջարկները, միայն կրում է վախեր:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

10.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031