Աշխարհի հայ նկարիչների միությունը
երկու կարեւոր նախաձեռնություն է իրականացնում
Էջմիածնի Արշալույս գյուղում օգոստոսի 27-ին կբացվի հայկական խաչքարագործության արվեստի պահպանման ծրագիր իրականացնող «Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոցի» սաների աշխատանքների ցուցահանդեսը: Դպրոցը գործում է Աշխարհի հայ նկարիչների միությանը կից:
Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը: Նաեւ հավելեց, որ դպրոցում սովորեցնում են խաչքարագործություն, քանդակագործություն, գորգագործություն, գեղանկարչություն, կավագործություն, անգամ դուդուկի ժամեր են մտցրել: Ղազար Միրզոյանի խոսքերով՝ նկարչության ժամերին դուդուկի դասարանի երեխաները նվագում են, եւ դուդուկի հնչյունների ներքո են երեխաները ստեղծագործում: Մեր զրուցակիցը հայտնեց, որ առաջիկայում կբացվի նաեւ հագուստի մոդելավորման բաժին: Դպրոցում երազում են, որ երեխաներին դասավանդվի կրոնի պատմություն եւ Աստվածաշունչ:
«Արշալույս գյուղում շատ մեծ դպրոց կա կառուցած, Ռուբեն Նալբանդյանն ինքն է կառուցել դպրոցը` առանց որեւէ մեկի աջակցության, կամավոր: Այդ դպրոցի շնորհիվ շատ երեխաներ փողոցից կտրվել են, ով ծխում է՝ չի կարող դպրոց գալ: Մի խոսքով՝ բավականին լուրջ գործ է կատարվում դպրոցում»,-ասաց Ղազար Միրզոյանը:
Նրանից տեղեկացանք նաեւ, որ «Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոցի» սաների աշխատանքների ցուցահանդեսի օրը փորձելու են դպրոցի հոգաբարձուների խորհուրդ ստեղծել:
Հավելենք, որ դպրոցը գործում է ավելի քան 10 տարի: Հաստատության մասին տեղեկատվությունը հասու է դարձել շատերին այն ժամանակ, երբ հայկական կողմը դիմել է պետական մակարդակով ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Հայկական խաչքար կերտելու արվեստը ընդգրկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Ղազար Միրզոյանը նաեւ հայտնեց, որ առաջիկայում Աշխարհի հայ նկարիչների միությունն իր հերթական գիրքն է հրատարակելու` նվիրված Զորավար Անդրանիկին. «Երբեւէ ով ինչ Անդրանիկ նկարել է, տեղ է գտել մեր գրքում: Դա գիտահանրամատչելի պատկերագիրք է, շուրջ 100 արխիվային փաստաթղթեր են տեղ գտել այնտեղ, 450-500-ի չափ բացառիկ լուասանկարներ, որոնց 50%-ը հրապարակված չի եղել: Գրքում կլինի նաեւ տարբեր ճակատամարտերի շուրջ 30 քարտեզ: Նաեւ ձայնասկավառակ ենք թողարկել, որտեղ մեկ տասնյակից ավելի Անդրանիկին նվիրված երգեր են»:
«Առավոտ»
10.07.2017