Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ ժամանակակից դրամատուրգիայի վրա հոգեհանգստի «թուղթուգիր» կարդալը՝ բարի եղեք կարդալ պիեսները»

Օգոստոս 11,2017 13:30

Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի տեսակետը

Ավելի քան քառորդ դար թատերարվեստի գործիչները, ավելին՝ ճանաչված ու վաստակաշատ մեկ-երկու թատերագետներ տարբեր առիթներով ահազանգում են ժամանակակից դրամատուրգիայի, մեղմ ասած՝ տխուր վիճակի մասին: Միանշանակ չի կարելի ընդունել դա, քանի որ մերօրյա մեկ-երկու դրամատուրգների պիեսներ՝ լինեն դրանք բարձրարվեստ, թե ոչ, այնուամենայնիվ, բեմադրվում են: Մասնագետների հետ մեկ հարցում համակարծիք չէ հանդիսատեսը, այն է՝ չունենք մերօրյա հերոսներ: Մինչդեռ Արցախյան պատերազմի մասնակիցները բոլորը հերոսներ են, եւ այս թեմայով էլ սակավաթիվ, բայց բեմադրվել են ներկայացումներ:

Ժամանակակից դրամատուրգիայի մասին մեկնաբանություն խնդրեցինք ճանաչված մասնագետից՝ արձակագիր, դրամատուրգ եւ հրապարակախոս Կարինե Խոդիկյանից, ինչը ներկայացնում ենք առանց լրագրողական միջամտության:

«Ամեն հերթական անգամ, երբ հնչում է՝ «Չկա ժամանակակից դրամատուրգիա», ես մտածում եմ. ի՜նչ լավ է, որ դրամատուրգները ուշադրություն չեն դարձնում, չեն հուսահատվում ու շարունակում են գրել: Թե չէ, պատկերացնո՞ւմ եք, մի օր որոշեն՝ «Դե որ մինչեւ հիմա չկա՝ սրանից հետո էլ չի լինի»: (Ի՜նչ պակաս ֆարս-պիեսի թեմա է…): Անկեղծ լինեմ ու ասեմ՝ հոգնել եմ նմանատիպ հարցերին պատասխանելուց, ուստի այս՝ հերթական անգամ կփորձեմ ընդդիմախոսել այս կերպ: Հանրության ուշադրությանն եմ ներկայացնում 2000 թվականից մինչ օրս տպագրվող «Դրամատուրգիա» հանդեսից արված «ծաղկաքաղ»՝ տարբեր տարիների համարներից: Ներկայացվող 38 պիեսները այս 17 տարիներին հանդեսում տպագրված պիեսների մոտ 15 տոկոսն է: Ձեր խոնարհ ծառայի պիեսները (միայն հանդեսում՝ 20-ից ավելի) չեմ ներկայացրել հայտնի պատճառով: Ու մինչ կծանոթանաք ներկայացված «ցանկին», ինձ թույլ տամ ասել. մինչեւ ժամանակակից դրամատուրգիայի վրա հոգեհանգստի «թուղթուգիր» կարդալը՝ բարի եղեք, կարդացեք այս պիեսները կամ մնացած 85 տոկոսը, որոնց մի մասը բեմական կյանք է ստացել, մեծ մասը սպասում է իր ժամին, եւ համարյա բոլորը՝ թատերագիտական ուշադրության ու վերլուծության: Իսկ քանի դեռ հիմնավորված, կոնկրետ պիեսների օրինակներով վերլուծված ԽՈՍՔ չկա, ու կա միայն անհասցե հայտարարություն, իմ եւ իմ գրչընկերների կողմից լիազորված եմ ասել, որ «Չկա ժամանակակից հայ դրամատուրգիա» կարծիքը կամ պիեսների հերոսներ փնտրելը առանց պիեսներ կարդալու մեր կողմից համարվում է մասնագիտական անլուրջ վերաբերմունք:

Մատնանշել եմ «Դրամատուրգիա»-ն մի պարզ պատճառով՝ իր տեսակով հայ մամուլի պատմության մեջ առաջին ու միակ (առայժմ) հանդեսն է»,- ասաց Կարինե Խոդիկյանը: Ապա ներկայացրեց հեղինակների ցանկը, որտեղ տեղ են գտել Աղասի Այվազյանի, իր, Պերճ Զեյթունցյանի, Նորայր Ադալյանի, Զորայր Խալափյանի, Գուրգեն Խանջյանի, Խաչիկ Չալիկյանի, Սամվել Խալաթյանի, Սամվել Կոսյանի, Աստղիկ Սիմոնյանի, Հայկ Հակոբյանի, Ալեքսանդր Թոփչյանի, Հովհաննես Թեքգոզյանի, Ալեքսանդր Հովսեփյանի, Գեւորգ Սարգսյանի, Անուշ Ասլիբեկյանի, Իշխան Մելքումյանի, Արմինե Նալբանդյանի, Ռաֆայել Նահապետյանի, Էլֆիք Զոհրաբյանի, Գագիկ Կարապետյանի, Դավիթ Խաչիյանի, Սարգիս Հովսեփյանի անունները:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

10.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հիմա էլ, Մոլյերի գոյության օրոք, ասում են, թե իմ թագավորություն Ֆրանսիայում ժամանակակից դրամատուրգիա չկա, կարծեմ Անգլիայում էլ նույն բանն են ասում, հավանաբար, ճիշտ են, Մոլյերն ու Շեքսպիրն ի՛նչ ֆրամատուրգ են որ…

  2. Մանիկ says:

    Բոլորն էլ շնորհալի, տաղանդավոր մարդիկ են: Մի քանիսը թատրոնը շատ լավ չգիտեն, բայց բնատուր շնորհք ունեն:

  3. Տիգրան Մարտիրոսյան says:

    Որոշակի պիեսի և դրա բեմական մեկնաբանության վերաբերյալ հիմնավորված-վերլուծական ծավալուն խոսքը, երկուսից երկուսուկես ամսվա աշխատանք է պահանջում: Այդքան ժամանակ տվյալ հոդվածով ապրելու ներգրավվածություն, գրողը մեզ` թատերագետներիս տանի: Իսկ ով թատերագետին այդպիսի նվիրված աշխատանքի համար150.000 դրամի կարգի գումար կվճարի, որ մասնագետը ամեն ինչ թողած այդքան ժամանակ միայն դրանով զբաղվի: Լավագույն դեպքում ցինիկ քմծիծաղով կհակադարձեն չչափազանցված ակնկալիքին: Դե վատագույնի պարագայում էլ` քրեական պատասխանով, ինչպես և փաստացի դա պետական ամենաբարձր մակարդակով արվում է մասնագիտական սկզբունքայնության հանդեպ: Չէ որ մեր երկրում պետական միջոցները ևս փաստացի խմբակային քրեական հանցագործություն հեղինակողին է վստահվում` վստահ լինելով վերջինս վերհումանիստական մշակույթ կարարի: Իսկ թատերագիտության զարգացմանը քոռ կոպեկ տրամադրելն անգամ ավելորդ շքեղություն համարում: Այսինքն, հնարավոր ու անհնարին ամենն անում են, որ այս գիտաճյուղը արանքից վերանա ու տարատեսակ միջակություններն ազատ շունչ քաշեն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031