Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռեգրեսիվ կրթություն

Օգոստոս 11,2017 13:00

Ինչպես ցույց է տալիս որոշ երկրների բուհերի ընդունելության վիճակագրությունը, աշխարհում բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում: Նույնիսկ որոշ երկրներում այն աճի միտումներ է ցույց տալիս: Դրան են թերեւս նպաստում աշխատատեղերի տարեցտարի ավելացումը, ինչպես նաեւ դինամիկ զարգացող ուսուցման մեթոդները:

Այսպես՝ ուսումնասիրելով Ռուսաստանի եւ Վրաստանի բուհերի ընդունելության երեք տարիների վիճակագրությունը՝ կարելի է եզրակացնել, որ դիմորդների թվաքանակի տատանումներն, այնուհանդերձ, մեծ չեն: Վրաստանում 2016 թվականի համեմատ այս տարի դիմորդների թիվն ավելացել է 3000-ով: Հարկ է ընդգծել, որ այնտեղ 2015-ին եւ 2016 թվականին սահմանվել էր ընդունելության 44.000 տեղ, մինչդեռ այդ տարիներին դիմորդների թիվը տատանվում էր 38.500-ից 39.000-ի սահմաններում: Թեեւ բուհերի սահմանած բոլոր տեղերը չէին լրացվել, սակայն, ըստ մասնագետների, ընդունելության համակարգում թափուր տեղերի առկայությունը բացասական ցուցիչ չէ: Սահմանվող տեղերը մատնանշում են բուհի ֆինանսական ակնկալիքները պոտենցիալ դիմողներից:

 


Ռուսաստանում էլ 2015 թվականի համեմատ 2016-ին քննություններին մասնակցելու համար հայտագրվածների թիվը աճել էր 23.500-ով, իսկ այս տարի 2016 թվականի նկատմամբ նվազել է 47.000-ով: Չնայած դիմորդների թվաքանակի անկմանը՝ երկրի կրթական գերատեսչությունը նշում է, որ շեղումը նորմայի սահմաններում է՝ նկատի ունենալով բնակչության վերարտադրությունը (ծնելիությունը) տարիների կտրվածքով:

Հայաստանում, սակայն, պատկերն այլ է: Եթե վերը բերված երկու երկրներում վիճակագրությունը տատանվող է՝ հնարավոր բարձրացման միտումով, ապա այստեղ ընդունվողների թիվը նվազում է՝ ամեն տարի գերազանցելով նախորդ տարվա ցածր ցուցանիշը: Ստացվում է, որ բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում ռեգրեսիվ է: Նկատի առնելով, օրինակ, Ամերիկյան համալսարանի հանդեպ չնվազող պահանջարկը՝ ենթադրելի է, որ այլ բուհերում դիմորդների թվի նվազման պատճառ կարող են լինել ոչ միայն արտաքին գործոնները (դեմոգրաֆիական շարժ), այլեւ կրթական ծրագրի մրցունակությունը: Համեմատության համար հարկ է նշել, որ 2015 թվականի համեմատ Ամերիկյան համալսարանում 2016 թվականին արձանագրվել էր դիմորդների թվի 5% աճ:


Որոշ մասնագիտությունների գծով դիմորդների պակասը կարող է բուհի կրթական ծրագրի իրականացման «ժամանակային անմրցունակության» պատճառ լինել: Դիմորդները ցանկանում են կարճ ժամանակամիջոցում ստանալ առավելագույն չափով գործնական հմտություններ: Դա է թերեւս պատճառը, որ որոշ դեպքերում բուհական կրթությունը փոխարինվում է միքանիամսյա կուրսերով: Խնդիրն այստեղ նաեւ բուհ-աշխատաշուկա շղթայում պահանջարկ-առաջարկի անհամապատասխանությունն է: Գործատուն հետաքրքրված է դիմողի պրակտիկ հմտություններով՝ անգամ ուշադրություն չդարձնելով բուհի դիպլոմի առկայությանը:

Բուհերի պարագայում խնդիրը առավելապես առնչվում է պարտադիր ակադեմիական բեռնվածությանը: Ուսանողների կողմից ակնկալվող գործնական մասի կողքին հայտնվում են հարակից պարտադիր առարկաներ, որոնք կարող են եւ չարդարացված լինել, օրինակ, կրկնության առումով: Այսպես ՝ մայր բուհում առաջին կուրսում անխտիր բոլոր ֆակուլտետներում պարտադրվում է «Էկոլոգիա» առարկան, երբ այն գերազանցապես 12-րդ դասարանի Կենսաբանություն առարկայի կրկնությունն է: Չնայած ասվածին՝ այլ երկրներում ավարտական դիպլոմի «պիտանի» լինելը որոշվում է նշված ուսումնական պարտադիր բեռնվածությամբ:


Հայաստանում բուհերը ֆինանսավորվում են առավելապես (մոտ 70%) ուսանողների վարձավճարներից: Պարզ է, որ ուսանողների պակասը լուրջ հարված է հասցնելու ուսհաստատության ֆինանսական դրությանը: Հետեւաբար՝ ուսանողներին «գեներացնելու» եւ միջոցները խնայելու համար կրթության նախարարությունը լուծման տարբերակներից մեկը (դեռ օրինագծի մակարդակով) տեսնում է բուհերի խոշորացման մեջ՝ վերջ դնելու համար նաեւ, այսպես ասած, «համալսարանների շքերթին»: Խնդիրը հարթելու տարբերակներից մեկը վարձավճարների բարձրացումն է: Սակայն դա, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ռիսկային է բուհի համար՝ հենց ուսանող կորցնելու մասով: Խոշորացումը բնական է, որ վերաբերում է պետական բուհերին: Սակայն ենթադրելի է, որ մասնավոր սեկտորը իներցիայի ուժով կհայտնվի փակման վտանգի առջեւ: Պատճառը հասկանալի է՝ ինչու դիմել մասնավոր, երբ գրեթե նույն պայմաններով կարող ես ընդունվել պետական բուհ: Եթե տարիներ առաջ ցածր անցողիկ միավորներով դիմորդները (իհարկե՝ ոչ բոլոր դեպքերում) սովորում էին մասնավորներում, ապա այժմ շարժ կա դեպի պետական բուհեր՝ մրցակցության բացակայության պատճառով: Այստեղ հաշվի առնենք նաեւ մեր հասարակության որոշ հատվածի չմարող գրավչությունը պետական հաստատության տրամադրած դիպլոմի նկատմամբ:

Չնայած կառավարության 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով ՀՆԱ-ից ոլորտին հատկացվող մասնաբաժնի նվազեցումը վերաբերում է ամբողջ կրթության ոլորտին, սակայն այն մասամբ կապված է նաեւ ուսանողների թվաքանակի պրոգրեսիվ նվազման հետ: Մեկ հարց է ՀՆԱ-ից 1% հատկացնել (պայմանական) 10.000 ուսանողի, մեկ այլ հարց է հատկացնել 20.000-ի վրա: Քանակային բաղադրիչը առկա է (չարդարացված): Ներդրումները կրթության բնագավառում իրենց արդարացնում են տեւական ժամանակ անց: Դա է թերեւս պատճառը, որ բիզնես մտածողությունը (կարճ ժամանակում առավելագույն եկամուտներ) շատ դեպքերում խոչընդոտում է ոլորտի կայացմանը: Օրինակ՝ Միացյալ Նահանգներում գիտությանը հատկացվող միջոցները ավելացել էին Օբամայի վարչակարգի օրոք: Իսկ Թրամփը, որը հայտնի բիզնեսմեն է, մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ պատրաստվում է նվազեցնել գիտությանը տրամադրվող ֆինանսների քանակը: Բնական է, որ այդ միջոցներն ուղղելով ինչ-որ ենթակառուցվածքի հիմնման կամ բարելավման վրա՝ եկամուտները կարող են լինել օրական կամ ամսական:

 

ՍԼԱՎԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Առավոտ»

10.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031