Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՌԸ ԼԻՄՈՆԱԴ

Օգոստոս 11,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ իննսունյոթերորդ

ՍԱՌԸ ԼԻՄՈՆԱԴ

Եվ Ֆրունզիկը մի քիչ մտածեց  ու ասաց՝ «դրանք բոլորն էլ մանրմունր դերեր են, Ֆելո ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իմ երազած դերերից ոչ մեկը չեմ խաղացել», եւ հայրս Ֆրունզիկին ասաց՝ «ռեժիսորը պիտի հնարավորություն տա, որ քո ուզած դերերը խաղաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «թատրոնում ամեն ինչ ռեժիսորից ա կախված», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դրա համար էլ Ֆելոն որոշել ա ռեժիսոր դառնա», եւ հայրս Ֆրունզիկին հարցրեց՝ «ամենից շատ ի՞նչ կուզեիր խաղայիր», եւ մինչ Ֆրունզիկը կմտածեր, Ֆելոն պատասխանեց ու ասաց՝ «Սիրանո դը Բերժերակ», եւ Ֆրունզիկն ապշահար նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «դո՞ւ որտեղից գիտես», եւ Ֆելոն ժպտալով  պատասխանեց ու ասաց՝ «դուք եք ասել», եւ Ֆրունզիկն ավելի զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ եմ ասել», եւ Ֆելոն պատասխանեց ու ասաց՝ «ձեր հարցազրույցներից մեկում եք ասել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կարծեմ «Արվեստ» ամսագրում էր», եւ հայրս Ֆրունզիկին հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ հայրս Ֆրունզիկին հարցրեց՝ «էդ Սիրանո  դը Բերժերակն ի՞նչ ա», եւ Ֆելոն Ֆրունզիկի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «ֆրանսիական պիես ա», եւ Ֆրունզիկը հիացած նայեց Ֆելոյին ու ժպտալով ասաց՝ «դու հաստատ ռեժիսոր  դառար», եւ Ֆելոն ինքնագոհ ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «եթե ռեժիսոր դառնամ, էդ դերը հաստատ ձեզ կտամ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆելոյին ասաց՝ «կասկածում եմ», եւ Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «կասկածո՞ւմ եք, որ ռեժիսոր կդառնամ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով Ֆելոյին ասաց՝ «կասկածում եմ, որ ռեժիսոր դառնալուց հետո էդ դերն ինձ կտաս», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «իզուր եք կասկածում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «որպեսզի էդ դերն ինձ տաս, նախ պիտի էդ պիեսը բեմադրես», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հենց մենակ նրա համար, որ Ֆրունզիկ Մկրտչյանը երազում է էդ դերը խաղալ, պարտավոր են էդ պիեսը բեմադրել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆելոյին ասաց՝ «նախ մենք պիտի մեզնից կախված ամեն ինչ անենք, որ դու էկող տարի ռեժիսորական ընդունվես», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «դուք որ բարեխոսեք, հաստատ կընդունվեմ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմը չգիտեմ, բայց որ Հրաչյա Ներսիսյանը բարեխոսի, հիմիկվանից կրնաս քեզ ընդունված համարես», եւ հայրս ասաց՝ «մի հատ վարպետի կենացը չխմե՞նք՝ իրան առողջություն ցանկանանք», եւ  եւ Ֆրունզիկն ասաց՝ «էս կենացը հորովմորով անենք՝ հետո» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս կենացը, փաստորեն, վարպետի կենացն էլ ա. ինքն էլ ա չէ՞ լիմոնադ խմող», եւ հայրս ժպտալով ասաց՝ «վարպետը լիմոնադ շատ ա սիրում», եւ Ֆրունզիկը փռթկացնելով ասաց՝ «վարպետը լիմոնադ ավելի ա սիրում, քան՝ էրեխեքը» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Կոթիկյանն ու մյուս եկվորները որ Սովետից բողոքում են, ինքը ժպտալով ասում ա, որ Սովետի լիմոնադն աշխարհում առաջինն ա», եւ Ֆրունզիկն իր լիմոնադից մի կում արեց ու ժպտալով ասաց՝ «ինքը հանաքով ա ասում, ճիշտ ա, բայց էդ հանաքի մեջ ահագին ճշմարտություն կա», եւ հայրս ժպտալով ասաց՝ «ինքը որ մեր արհեստանոց ա գալիս, համարյա միշտ հետը մի քանի շիշ լիմոնադ ա բերում. համ մեր համար, համ՝ իրա», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «բայց վարպետը լիմոնադը շատ սառն ա սիրում», եւ Վոլոդյան ժպտալով ասաց՝ «մի տոժե խալոդնիյ լիմոնադ լյուբիմ», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «վարպետին որ հարցնում ես՝ աշխարհում ամենից շատ ինչ ես սիրում, ասում ա՝ սառը լիմոնադ, ու որ իրան հարցնում ես՝ աշխարհում ամենից շատ ինչ չես սիրում, ասում ա՝ տաք լիմոնադ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031