Կոմանդոսը, տարբեր ռազմական գործիչներ վստահեցնում են, որ Ադրբեջանին ձեռնտու չէ լայնամասշտաբ պատերազմը, նրանք ասում են, որ ընդամենը մի քանի ականանետ գցենք՝ Ադրբեջանի 40 տոկոսը կկորի, նրանք նավթի վրա նստած են:
Aravot.am-ը Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին հարցրեց՝ այդքան հե՞շտ է Ադրբեջանը ռմբակոծել ու վերացնել աշխարհի քարտեզից կամ ինչպես հաճախ ասում են՝ հասնել Բաքու:
Նա պատասխանեց. «Մենք պետք է նախեւառաջ հասկանանք, որ մենք այլ տարբերակ չունենք, եթե լինի պատերազմ, այն պետք է լինի լայնամասշտաբ: Իսկ լայնածավալ պատերազմը պետք է ունենա մեկ ելք՝ մենք պիտի լինենք Բաքվում, ուրիշ ճար չկա: Իրենք, իհարկե, փորձելու են լինել Երեւանում եւ Ստեփանակերտում, բայց չի հաջողվելու: Այդ հավատը մեր հզորության հիմքն է, մենք պետք է հավատանք մեր ուժերին, իսկ հայ ժողովուրդն ունի անսպառ ուժ: Մի մոռացեք, որ 90-ականներին չի եղել գեթ մեկ վերլուծաբան, գիտե՞ք քանի հոգի էին գալիս Հայաստան, Արցախ, նրանք ասում էին, որ մենք պատերազմում պարտվելու ենք, այն էլ՝ շատ շուտ, եթե սկսվի: ԼՂՀ-ի դիրքը, ռազմական բազաները հաշվի առնելով, ՀՀ տնտեսությունը քայքայված էր այդ ժամանակ, տնտեսության անկումը, շրջափակումը, նայում ես, տեսնում ես, որ ձեւ չկար հաղթելու, բայց մենք հաղթել ենք»:
Հարցին՝ քառօրյա պատերազմում տարածքների կորուստը մեր այդ անսպառ ուժի, մեր հաղթողի կեցվածքի վրա չանդրադարձա՞վ՝ Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Քառօրյա պատերազմը մենք պետք է վերլուծենք սառը դատողությամբ: Մեր ուժերի վրա ազդելու ձեւեր կան, թե՝ ճի՞շտ է, որ քառօրյա պատերազմը մենք պարտվել ենք: Ո՞նց ենք պարտվել, ուղիղ 22 տարի թշնամին պատրաստվել է բլից-կրիգի: Դուք պատկերացնում եք, չէ՞, որ 22 տարի զինվել է տարբեր զինատեսակներով, հզորացվել է: Ընդհանրապես ռազմարվեստի պատմության մեջ գրեթե չկան, շատ քիչ դեպքեր կան, երբ բլից-կրիգը ձախողվում է հենց առաջին պահին: Վերջին 100 տարվա ժամանակահատվածը վերցնենք՝ նացիստական Գերմանիան բլից-կրիգով փաստորեն ոչնչացրեց Ֆրանսիան՝ երկու շաբաթվա ընթացքում, բլից կրիգով հասավ գրեթե Մոսկվայի մատույցները, չեն կարողացել պաշտպանվել: Սա այն դեպքում, երբ 22 տարի չեն պատրաստվել՝ 4-5 տարի, առավելագույնը՝ 5-6 տարի: Իսկ Ադրբեջանը հարձակվել ու ձախողվել է առաջին իսկ պահին: Հա՛, երկու բարձունք կորցրել ենք, բայց ի՞նչ գնով է դա արել: Իրենց նպատակը այդ երկու բարձունքը չէր, իրենց նպատակն էր, որ ապրիլի 24-ին իրենց դրոշը դնեին Ստեփանակերտի մեր եկեղեցիների վրա, դա է եղել իրենց գերնպատակը: Հիմա իրենց հատուկ ջոկատայինների սերուցքը ոչնչացվել է, 80 տոկոսը կոտորվել են մեր 18-20 տարեկան տղաների կողմից, տեխնիկայի մեծ կորուստը, բարոյահոգեբանական…եւ այլն: Այդ ամենը մենք ներկայացնենք որպես պարտությո՞ւն, իհարկե, դա առաջին հերթին խփում է մեր ոգուն, որն անսպառ է մեր մոտ: Մեր հասարակությունում էլ կան մարդիկ, որ չեն հասկանում, քիչ են հասկանում կամ աշխատում են այլ վեկտորների վրա եւ դա ներկայացնում են՝ որպես պարտություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Եթէ Ազրպէյճանը կ՚ուզէ անպայման իր դրօշը ծածանել Ստեփանակերտի մէջ, ապա միջոցը ունի իր “երազ”ը իրականացնելու. շատ պարզ է -Ազրպէյճանը թող ընդունի Արցախի Հանրապետութիւնը, ապա Ստեփանակերտի իր դեսպանատան (Ազրպէյճանի) մուտքին թող զետեղէ Ազրպէյճանի դրօշը. սա է միակ միջոցը, այլապէս Ազրպէյճանի “երազ”ները միշտ պիտի մնան երազային տէսքի մէջ։
Կեցցէ Արցախի քաջարի ժողովուրդը
Կեցցէ Արցախի բանակը
Կեցցէ Արցախը