Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածքային ստորաբաժանումներում ծառայությունն իրականացվել է ուժեղացված ռեժիմով, որպեսզի հրդեհավտանգ շրջանում հնարավոր լինի հրդեհներից խուսափել և կազմակերպել անկորուստ բերքահավաք: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնի սպա Գառնիկ Ալեքսանյանը:
«Հանրապետության ողջ տարածքում դեռևս շարունակվում է իրականացվել բերքահավաք: Հակահրդեհային անվտանգության ապահովման նպատակով խոշոր ցանքատարածությունների մոտ ծավալվել է 18 հրշեջ հենակետ և իրականացվում է շուրջօրյա հերթապահություն՝ մինչ բերքահավաքի ավարտը: Բացի այդ ստեղծվել են օպերատիվ խմբեր` հանկարծակի ծագած դեպքերին արձագանքելու նպատակով»,-նշում է Գ. Ալեքսանյանը և հավելում, որ ուժեղացված ծառայությունը շարունակվում է մինչ օրս:
Բաժնի սպան միաժամանակ նշում է, որ չնայած խոշոր ցանքատարածությունների մոտ ծավալվել են հրշեջ հենակետեր և իրականացվում է շուրջօրյա հերթապահություն, այնուամենայնիվ անցած 2 ամսվա ընթացքում գրանցվել են հացահատիկային դաշտերի հրդեհման դեպքեր. «Հրդեհների առաջացման պատճառները տարբեր են: Գերակշռում է հակառակորդի կողմից տարածված և բնակիչների կողմից հակահրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում առաջացած հրդեհների թիվը»:
Նրա խոսքով արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրշեջ-փրկարարների կողմից հրդեհների բոլոր դեպքերում էլ օպերատիվորեն իրականացվել են համապատասխան աշխատանքներ և բարեբախտաբար այդ հրդեհները շատ մեծ կորուստներ չեն պատճառել:
«Հացահատիկային դաշտերում գրանցվել է հրդեհի 4 դեպք, նախորդ տարվա 6-ի համեմատ: Նշված հրդեհների առաջացման պատճառները տարբեր են. հակառակորդի կողմից տարածված կրակ, կրակի հետ անզգույշ վերաբերմունք, էլեկտրալարերի կարճ միացումը և ծխելու ժամանակ հակահրդեհային անվտանգության կանոնների խախտում: Իսկ հունիսի 1-ից առ այսօր հանրապետության տարածքում ընդհանուր գրանցվել է 194 հրդեհի դեպք՝ հաշվի առնելով նաև չոր ենթատարածքներում, բնակելի հատվածներում, գյուղատնտեսական նշանակության, արտադրական և օժանդակ շինություններում գրանցված դեպքերը: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ընդհանուր գրանցվել էր 167 հրդեհի դեպք»,- պարզաբանում է Գ. Ալեքսանյանը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ