Հարգելի քաղաքապետ, պարոն Մարգարյան.
Դիմում եմ ձեզ ինչպես Կենդանիների Պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ-ի, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների անունից:
Վերջին շրջանում գնալով շատանում են Երևանի այգիներում շների զբոսանքն արգելող ցուցանակները: Քաղաքում գրեթե այգի չի մնացել, որտեղ թույլատրվում է շանը տանել զբոսանքի: Փաստորեն ստացվում է, որ շուն պահող քաղաքացիները տեղ չունեն իրենց շանը զբոսանքի տանելու: Սա մտահոգությունների և բողոքի ալիք է բարձրացրել շուն պահող քաղաքացիների շրջանակներում, ովքեր ամեն օր դիմում են մեզ՝ որևէ քայլ ձեռնարկելու խնդրանքով:
Եթե բոլոր այգիներում արգելվի շներով մուտքը, ապա որտե՞ղ մարդիկ զբոսանքի տանեն իրենց շներին:
Ըստ Երևան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնների 4-րդ մասի (Կենդանիներին պահելու, զբոսանքի իրականացման և վաճառքի պայմանները) 22-րդ կետում, մասնավորապես նշված է. «Կենդանիների զբոսանքը թույլատրվում է միայն այդ նպատակով հատուկ հատկացված տարածքներում։ Նման տարածքների բացակայության դեպքում զբոսանքը կարող է իրականացվել ամայի կամ խոտածածկ տարածքներում, բացառությամբ կրթական, մշակութային, սպորտային, առողջապահական կազմակերպություններին (հիմնարկներին) հարող տարածքների, մանկական հրապարակների և շուկաների տարածքների»:
Հարց է առաջանում. Երևան քաղաքում, որոնք են «այդ նպատակով հատուկ հատկացված տարածքները», կխնդրենք նշել:
Առաջարկում և խնդրում ենք ամեն վարչական շրջանում որևէ այգու մի հատված հատկացնել շների զբոսանքի համար:
Ինչպես նաև առաջարկում ենք այգիներում փակցնել ցուցանակներ, որպեսզի մարդիկ հավաքեն իրենց շների կեղտը իրենց հետևից: Ցուցանակների պատրաստման և փակցնելու հարցում առաջարկում ենք մեր կամավոր աջակցությունը:
Կսպասենք պատասխանի
Հարգանքներով՝ Օվսաննա Հովսեփյան
Կենդանիների Պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ հիմնադիր/նախագահ