Լրահոս
Օրվա լրահոսը

Հուրգադայում վիրավորում ստացած հայ կնոջ վիճակը բարելավվել է

Օգոստոս 10,2017 19:45

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է  «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանին, ով գործուղվել էր Կահիրե` հուլիսի 14-ին Հուրգադայում տեղի ունեցած դեպքի հետևանքով վիրավորում ստացած հայ զբոսաշրջիկի առողջական վիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Պրոֆեսորը նախարարին ներկայացրել է, որ իր այցի օրը` օգոստոսի 3-ին, 46-ամյա մեր հայրենակցի վիճակը գնահատվել է կայուն ծանր` համապատասխանող ստացած վիրավորումներին և տարած վիրաբուժական միջամտություններին (երեք անգամ իրականացվել է որովայնահատում)։  Կնոջ ստացած 18 վիրավորումից  3-ը եղել է թափանցող, ինչից վնասվել են լյարդը, ստոծանին, միջընդերքի անոթները, պլևրալ խոռոչներում առաջացել են արյան կուտակումներ։

Հայ վիրաբույժը եգիպտացի տարբեր մասնագետների հետ իրականացրել է երեք կոնսիլիում։ Քննարկելով տուժածի վիճակը` նշանակվել են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքներով կատարվել են կոնսերվատիվ բուժման լրացումներ։

Արտակ Հովհաննիսյանը նշել է, որ դրանց արդյունքում, հաջորդ օրվանից սկսած, հիվանդի մոտ նկատվել է վիճակի դրական դինամիկա։ Սկսել են գործել աղիները, ինտոկսիկացիոն երևույթները նկատելիորեն պակասել են։

«Հիվանդի մոտ առկա են շնչառական անբավարարության որոշակի խնդիրներ, քանի որ պլևրալ 2 խոռոչում կային հեղուկային կուտակումներ և վիրավորման հետևանքով  կայացած արյունահոսության ֆոնի վրա  որոշակի արյան մակարդուկներ ձախ պլևրալ խոռոչում։ Ենթալյարդային տեղակայմամբ դրենաժային խողովակից մեկ օրվա ընթացքում կուտակվել էր 450-500մլ լեղային արտադրություն»,-ներկայացրել է պրոֆեսորը` հավելելով, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկատվությամբ վիրավորումներ ստացած ՀՀ քաղաքացին օգոստոսի 9-ին վիճակի բարելավումով ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։

Բժիշկն ընդգծել է, որ հիվանդը գտնվում է Եգիպտոսում ՀՀ դեսպանության և հատկապես հյուպատոս Ստեփան Գևորգյանի մշտական ուշադրության և հոգացության կենտրոնում։

Լևոն Ալթունյանը պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանին շնորհակալություն է հայտնել քաղաքացիական և մասնագիտական անգնահատելի աջակցության համար։

«Առաջին ազդանշանը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից ստանալուն պես Ձեր օժանդակությամբ կարողացանք արագ և բարձրակարգ մասնագիտական օժանդակություն ցուցաբերել մեր հայրենակցի առողջական վիճակի բարելավման գործին։ Վստահ եմ, որ Ձեր մեկնումը Կահիրե նաև հոգեկան մեծ սատարում էր տուժած հայ կնոջը»,-ասել է նախարարը։

Նշենք, որ պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանը մշտական կապի մեջ է հյուպատոս Ստեփան Գևորգյանի հետ։ Բժշկի խոսքով հիվանդի տեղափոխման հարցը կքննարկվի նրա վիճակի հետագա որոշակի բարելավումից հետո։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031