Օգոստոսի 19-30-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում ընթանալու են ամառային ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերը: Մասնակից երկրների ու մարզիկների քանակով, մրցաշարի մակարդակով ունիվերսիադան օլիմպիական խաղերից հետո, ամենախոշոր մարզական միջոցառումն է:
Ըստ ներկայացրած նախնական հայտերի այս անգամ համաշխարհային ամառային ունիվերսիադային պատրաստվում են մասնակցելու 131 երկրի 7639 մարզիկ, ովքեր 21 մարզաձևերում կվիճարկեն 275 մեդալ: Ստուգատեսում հանդես են գալու նաև ՀՀ ներկայացուցիչներն, ովքեր ելույթներ են ունենալու մրցաշարի 21 մարզաձևերից միայն 7-ում (ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու):
Ինչպես տեղեկացրեց նախորդ 3 համաշխարհային ուսանողական մարզական խաղերում ՀՀ պատվիրակությունները ղեկավարող, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, Թայբեյ մեկնող ՀՀ պատվիրակության ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը, ՀՀ ուսանող 16 մարզիկները ելույթ են ունենալու այն 7 մարզաձևերում:
Գաբրիելյանը իրազեկեց, որ առաջինը իր հետ օգոստոսի 15-ին մրցավայր կմեկնեն մարմնամարզիկներն, ովքեր մեր պատվիրակներից առաջինը՝ արդեն օգոստոսի 19-ին՝ խաղերի հանդիսավոր բացման օրը կներգրավվեն մեդալների համար մղվող պայքարին:
Թայբեյ կուղևորվեն սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքականի անդամներ՝ 2012թ և 2016թ օլիմպիական խաղերի մասնակից, հենացատկի 2016թ Եվրոպայի փոխչեմպիոն, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մրցանակակիր Արթուր Դավթյանը, 2015թ ամառային համաշխարհային ուսանողական մարզական 28-րդ խաղերի չեմպիոն Արթուր Թովմասյանը, և երիտասարդ հեռանկարային մարմնամարզիկ Արմեն Պետրոսյանը: Այս շնորհաշատ մարմնամարզիկների եռյակը Թայբեյում հանդես է գալու վաստակաշատ մասնագետ Կարեն Բաղդասարյանի ղեկավարությամբ, ով նաև նախորդ՝ ամառային համաշխարհային 28-րդ ունիվերսիադայի օղակների վրա կատարած վարժության չեմպիոն Արթուր Թովմասյանի անձնական մարզիչն է:
Նրանց հետ Թայբեյ է ժամանելու նաև սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ,ով նաև միջազգային կարգի մրցավար է: Այս անգամ Սերոբյանը ստուգատեսի կազմակերպիչների կողմից հատուկ հրավիրվել է, որպես մրցավար սպասարկելու խաղերի ծրագրով մարմնամարզության մրցումները:
Ի դեպ, նման կարգով ունիվերսիադայի ձյուդոյի և ծանրամարտի մրցումներում, որպես մրցավար հանդես գալու պարտականությունը կատարելու հատուկ հրավերներ են ստացել ՀՀ ևս 2 ներկայացուցիչ՝ ձյուդոյի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանն ու ծանրամարտի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանը:
Բացի այդ խաղերին ներկա գտնվելու հատուկ հրավեր է ստացել նաև միջազգային համալսարանական մարզական ֆեդերացիայի (FISU) ՀՀ ներկայացուցիչ, ՀՊՏՀ-ի ուսանողական խորհրդի փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանը:
ՀՀ պատվիրակության 2-րդ՝ հիմնական խումբը Թայբեյ կմեկնի օգոստոսի 16-ին ՀՀ պատվիրակության փոխնախագահ, ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանի ղեկավարությամբ:
Հավելենք նաև, որ ՀՀ ուսանող մարզիկների համաշխարհային 29-րդ ունիվերսիադայի մասնակցությունը հնարավոր է դարձել ՀՀ ԿԳՆ ֆինանսավորման շնորհիվ։
Ընդհանուր առմամբ Թայբեյ են մեկնելու ՀՀ 29 ներկայացուցիչներ՝ այդ թվում 3 ղեկավար, 3 մրցավար,7 մարզիչ, 16 մարզիկ:
Ամառային ուսանողական 29-րդ ունիվերսիադայի ժամանակացույցի համաձայն խաղերը մեկնարկելու են օգոստոսի 18-ին ֆուտբոլի մրցաշարով: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կայանալու է օգոստոսի 19-ին Taipei Municipal Stadium մարզադաշտում:
ՀՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ