Հայտնել ենք, որ օգոստոսի 5-ին Իջեւանում 29-ամյա Ազատ Ջուլհակյանը եղբոր՝ 31-ամյա Աշոտ Ջուլհակյանի կողմից դանակի հարվածներ է ստացել: Դեպքի կապակցությամբ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
ՀՀ քննչական կոմիետի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է կատարվում, սակայն քրեական գործ հարուցված չէ:
Իրավապահներից ստացված տվյալներով՝ Ազատ Ջուլհակյանը, նրա եղբայր, Իջեւանի կոմունալ հիմնարկության աշխատող Աշոտ Ջուլհակյանը եւ նրանց եւս 2 եղբայրները, որպես հոգեկան հիվանդ հաշվառված են: Աշոտը, Ազատը եւ Ազատի կինը գրել-կարդալ չգիտեն, նրանք ցուցմունք են տալիս ընթերակաների ներկայությամբ:
Եղբայրների վիճաբանությունը եւ դրան հետեւած դանակահարությունը տեղի է ունեցել Իջեւանի տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչ աղջկա պատճառով: Ազատն իր կնոջ եւ 3 երեխաների հետ բնակվել է վագոն-տնակում, սակայն դանակահարության դեպքից մի շաբաթ առաջ տնակից հեռացել է եւ գիշերել մոտակա անգարում:
Ազատի հաշմանդամ հայրը, ծանոթները նրան համոզում են եղբոր դեմ ոստիկանություն հղած բողոքը ետ վերցնել, սակայն նա անդրդվելի է, չի համոզվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ