Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռիսկերը չեն գնահատել, բայց կառավարության հավանությունն արդեն կա». Բնապահպանը՝ Սամվել Կարապետյանի՝ նոր ՀԷԿ կառուցելու մասին

Օգոստոս 10,2017 17:58

Դեբեդ գետի վրա նոր ՀԷԿ կառուցելու վերաբերյալ լուրերն արդեն մտահոգել են բնապահպան Ինգա Զառաֆյանին:

«Ըստ մեզ, մինչեւ կառավարությունը հավանություն տա այդպիսի օբյեկտների կառուցմանը, պետք է անպայման գոնե բնապահպանական բաղադրիչը հաշվի առնվի: Արդեն իսկ պետք է գոնե նախնական լինեն ռիսկերի ցանկը, դրանց գնահատումը: Օրինակ՝ պետք է ներկայացնեին, թե որտեղ պետք է կառուցվի, արդյոք ՀԷԿ-ի կառուցումը չի ազդի գետի ձկների տեսակների վրա կամ եթե ձկները գրանցված են Կարմիր գրքում, արդյոք կարելի է ՀԷԿ կառուցել: Ռիսկերը չեն գնահատել, բայց կառավարության հավանությունն արդեն կա»,- Aravot.am-ին ասաց բնապահպանը:

Նա նկատեց, որ սովորաբար ՀԷԿ-երի կառուցման դեպքում Հայաստանում հաշվի չեն առնում նաեւ սոցիալական գործոնը. «Պետք է հասկանան՝ մարդիկ, որոնք ապրում են փոքր ՀԷԿ-երի տարածքում, նրանք ինչ սոցիալական պահանջ ունեն այդ օբյեկտի նկատմամբ, այդ ՀԷԿ-երը սոցիալական, առողջապահական ինչ ազդեցություն են թողնում այդ մարդկանց վրա»:

Նշենք, որ կառավարության որոշման նախագծում ասվում է․ «Հավանություն տալ 76 ՄՎՏ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագրին»։ Ըստ որոշման նախագծի, նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի Կառուցապատողին ձեռք բերել հողատարածք՝ ՀԷԿ-ի կառուցման համար: Կայանի կոմերցիոն շահագործման ամսաթվից 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը երաշխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տարեկան 500 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի գնում: ՀԷԿ-ի կառուցման համար որքան գումար է ներդրվելու, երբ է մեկնարկելու շինարարությունը եւ երբ է կառուցապատման ավարտը, նախագծում գրված չէ:

Ըստ տիկին Զառաֆյանի. «Կառավարության որոշումը դեռ չի նշանակում, որ նախագիծը ներկայացված է, ուղղակի հավանություն են տվել ՀԷԿ-ի կառուցմանը, եւ այն պլանավորված է կառավարության կողմից հաստատված Հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի մեջ: Պետք է ուսումնասիրվի ու ներկայացվի տեխնիկական հիմնավորում, որով պետք է հաշվարկվեն՝ ինչ ՀԷԿ պետք է կառուցվի, ինչ հզորությամբ, այսպիսի հիմնավորում դեռ չունենք, երբ ունենանք, պետք է համեմատենք մեր ստանդարտների ու օրենսդրության հետ, նոր տանք մեր կարծիքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031