Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի թագավորության շարունակությունը 18 տարվա իշխանությունից հետո. Le Figaro

Օգոստոս 10,2017 17:50

Ռուսաստանի 64-ամյա նախագահը, որն իշխանության է եկել 1999թ., 2018թ. պետք է դառնա ինքն իրեն փոխարինողը, Le Figaro թերթում գրում է լրագրող Էմանուել Գրինշփանը:

Երեկ որևէ տոնակատարություն չեղավ Վլադիմիր Պուտինի իշխանության 18-ամյակի կապակցությամբ: Ռուսաստանի նախագահը և նրա շրջապատը ամբողջությամբ զբաղված են այն հարցերով, որպեսզի ավարտին հասցնեն ինքնատիպ մեխանիզմի մշակման աշխատանքները, որոնք թույլ կտան իրենց ռեժիմի վրա գործադրվող արտաքին ճնշումը վերափոխելու ռուսական հասարակական մտքի վրա ուժգնացող վերահսկողությամբ, գրում է թերթը:

Ճանապարհի սկիզբը դրվեց  2012թ., և ոչ ոք չի սպասում Վլադիմիր Պուտինից քաղաքական կուրսի փոփոխություն: Ո՛չ Կրեմլին մոտ կանգնած խորհրդականները, ո՛չ քննադատաբար տրամադրված քաղաքագետները: 2008թ. Վրաստանի հետ պատերազմի 9-րդ տարեդարձը շնորհավորելու կապակցությամբ Աբխազիա կատարած այցն ավելի է ուժեղացնում այն ասպեկտը, որը Պուտինին դարձնում է այդքան պոպուլյար: Դա «ռուսական հողերը համախմբողի» կերպարն է, որը պահում է նշաձողն ամերիկացիների առաջ և առանց տատանվելու հողեր գրավում իր նախկին վասալներից (Ուկրաինան, Մոլդովա, Վրաստան), գրում է լրագրողը:

Վլադիմիր Պուտինը դեռ չի առաջադրել իր թեկնածությունն ընտրություններում, բայց ոչ մեկ կասկած չունի, որ նա ցանկանում է նախագահել մինչև 2024թ.-ը: Այդ ժամանակ նա կլինի 72 տարեկան՝ մի քիչ ավելի փոքր, քան Ստալինը (73) և Բրեժնևը (75), երբ նրանք մահացան:

«Պուտինը, անկասկած, ֆիզիկական ավելի լավ վիճակում կլինի, քան նրանք: Այսինքն, տեսականորեն նրա ղեկավարումը կարող է տևել և՛ 30, և՛ 35 տարի: Եվ ի՞նչ, երկիրը կհայտնվի սարսափելի լճացման մե՞ջ: Իհա՛րկե ոչ: Որքան ուժեղ և փորձառու լինի Պուտինը, այնքան հեշտ կլինի նրա համար արագացնել երկրի զարգացումը»,- կանխատեսում է ծայրահեղ պահպանողական վերլուծաբան Պյոտր Ակոպովը:

Ապագա մանդատի համար որոշ առաջնահերթ ուղղությունների մասին ռուսական ԶԼՄ-ներում խոսվում էր դեռ ամռան սկզբին: Պուտինը խոսում էր դատական ոլորտի բարեփոխումների, «թվային տնտեսություն» ստեղծելու և «մեծ քաղաքների զարգացման ծրագրի» մասին:

Քաղաքագետ Ալեքսանդր Մորոզովը դատական բարեփոխումներում է տեսնում այն միակ «քաղաքական բարեփոխումը, որը կարող է իրականացնել Պուտինը»: Միաժամանակ նա դրան վերապահությամբ է մոտենում, քանի որ վերջին տասնամյակում նկատվել է «ուժայինների և դատարանի լիարժեք սերտաճում»: «Թվային տնտեսությունը» պետք է որ գրավի երիտասարդ ընտրազանգվածին, բայց սահմանափակումների ու գրաքննության հեղեղի, համացանցի վերահսկողության պատճառով այդ նախագիծը կարող է բավարարել «ռազմարդյունաբերական համալիրի պահանջներին և աշխարհաքաղաքական նկրտումների պաշտպանությանը», կարծում է քաղաքագետը:

Ոչ պակաս քննադատաբար է տրամադրված նաև քաղաքագետ Ալեքսանդր Գոլցը, որը դեռ 2007թ և 2009թ. փորձարկված մկանների ցուցադրությունը համարում է «որևէ նոր բան փնտրելու դժկամության» նշան: «Ինչի՞ց կարելի է ենթադրել, որ ապագայի կերպարի փնտրտուքները, որոնք, ինչպես ասում էին, տարվում էին նախագահի աշխատակազմում, բարեհաջող կերպով ավարտվել են,- հեգնում է փորձագետը:- Մեր ապագան Պուտինի անմահության մեջ է»:

Արտաքին քաղաքականության հարցում համաձայնություն կա «իներցիոն սցենարի» հետ կապված: «Հետդարձի ճանապարհ չկա. Պուտինը չի կարող վերադարձնել Ղրիմը,- կարծում է Մոսկվայի Կարնեգիի կենտրոնի փորձագետ Անդրեյ Կոլեսնիկովը:- Արևմուտքի հետ հարաբերությունները կմնան շատ թե քիչ լարված: Դրանք կարող են ավելի պակաս լարված լինել, քան հիմա, բայց երբեք չեն վերադառնա 2012-2014թթ. մակարդակին»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031