Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու պատմական կենտրոնով հետաքրքրված են նաև «Տաշիրի» սեփականատերն ու նրա մերձավորները

Օգոստոս 10,2017 17:40

Aravot.am-ը Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեց, թե վարչապետ Կարեն Կարապետյանից բացի, որը գնեց Գյումրու պատմական կենտրոնում՝ «Կումայրի» արգելոց-թանգարանում գտնվող «Ջրահարս» ռեստորանի շենքը, կա՞ն այլ գնորդներ։ Մենք նաև հետաքրքրվեցինք, թե Մոսկվայից որևէ արձագանք եղա՞վ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկին, որը մի քանի ամիս առաջ Մոսկվայում որդու հարսանիքը նշելուց հետո շտապել էր հանդիպել տեղի գործարարների հետ՝ հորդորելով գալ ու ներդրումներ անել Գյումրու կենտրոնում։

Քաղաքի գլխավոր ճարտարապետը փոխանցեց, որ հետաքրքրվողներ կան, որոնք ակտիվ բանակցությունների մեջ են ու չի բացառվում, որ մոտ օրերս գնեն Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանի կառույցներից որևէ մեկը։ Թե ո՞վ է բանակցողը, ո՞վ ցանկություն ունի մասնակցել վարչապետի՝ հին Գյումրին տուրիզմի կենտրոնի վերածելու ծրագրին, Հենրիկ Գասպարյանը անուններ չնշեց։ Քաղաքապետարանի պաշտոնյան միայն ասաց, որ շատ են հետաքրքրված Գյումրու թիվ 14 փողոցի սեփական տներով, որոնք պատմաճարտարապետական մեծ արժեք են ներկայացնում, սակայն լքված տներ են․ սեփականատերերը մեծամասամբ դրսերում են։

«Դրանք շատ հին, պատմամշակութային շենքեր են, շատ արժեքավոր, յուրաքանչյուրը մի պատմություն ունի։ Սկզբնական տեսքով մնացած շենքեր են՝ չհաշված բակերի մեջ ինչ-որ կառույցները։ Տերերը մեծամասամբ դրսերում են, թողել են տներն այդ վիճակում ու գնացել են»,-ասաց ճարտարապետը։ Նշենք, որ Գյումրու այդ փողոցում հայտնի մտավորականներ՝ նկարիչներ, բժիշկներ են բնակվել ու դեռ բնակվում են։

Այն հարցին, թե Մոսկվայի որևէ գործարար արձագանքե՞լ է Գյումրու քաղաքապետի հորդորին, Հենրիկ Գասպարյանն ասաց՝ ցավոք ոչ։ Նա նաև նեղվեց, որ մոսկվայաբնակ գործարար գյումրեցիներից անգամ արձագանք չեն ստացել։

Նշենք, սակայն, որ Գյումրու պատմական կենտրոնում, մասնավորապես Ռուսթավելի փողոցում բնակվող գյումրեցիների փաստմամբ, իրենց տներով հետաքրքրված են «Տաշիրի ժողովուրդը»․ խոսքը Ռուսաստանում գործունեություն ծավալող «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի ու նրա մերձավորների մասին է։

Հիշեցնենք, որ ըստ վարչապետի ծրագրի, ներդրողները պիտի գնեն կամ երկարաժամկետ վարձակալեն տեղացիների տները՝ այնտեղ հյուրատներ, սրճարաններ, արհեստանոցներ կառուցելով ու նպաստելով տուրիզմի, գործարար միջավայրի ձեւավորմանը: Առայժմ Գյումրու պատմական հատվածից տներ են գնել վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը՝ 500 հազար դոլարի չափով ներդրում կատարելով ու ձեռք բերելով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան ու նրա գարեջրի գործարանի հարևանությամբ Ջիվանի 79 հասցեում գտնվող «Ջրահարս» ռեստորանի երկհարկանի շենքը, ինչպես նաև հայտնի բժիշկ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի խնամին։ Բժշկի գնած տունը գտնվում է Գյումրու «Սուրբ Յոթ վերք» եկեղեցու հետնամասում, որը նույնպես «Կումայրի» արգելոց- թանգարանի տարածք է, սակայն, այն բացարձակապես կապ չունի վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական հատվածում տուրիզմի զարգացման համար իրականացվող ծրագրի հետ։ Արա Մինասյանն այն ձեռք էր բերել ավելի վաղ։

Ի դեպ, Գյումրու կենտրոնում ապրող բնակիչների դժգոհելով, օրումեջ անծանոթ մարդիկ հայտնվելով ու ներկայանալով որպես գնորդ՝ ցածր գին են առաջարկում իրենց պատմական կառույցների համար։ Օրինակ՝ պատրաստակամություն են հայտնում մեկ քառակուսի մետրը գնել 200 դոլարով, արդյունքում ասենք 60 քառ․ մետր երկսենյականոց տան արժեքը ստացվում է 12 հազար դոլար, որով հնարավոր չէ երկսենյականոց տուն ձեռք բերել Գյումրու ծայրամասում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031