«Տարիներ առաջ, երբ ստեղծվեցին մասնավոր լրատվամիջոցներ, ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ, որոնց մեջ ակնհայտ էին օտարաբանությունները: Ի տարբերություն 90-ականների՝ այսօր կարող ենք արձանագրել, որ շատ հարցեր լուծում են ստացել, բայց դեռևս ունենք բացեր, որոնք առավել ակնհայտ է գովազդային լեզվում: Լրատվական հաղորդումներում պատկերն այլ է, այնտեղ ամեն ինչ արվում է՝ անաղարտությունը պահպանելու համար: Նույնը չենք կարող ասել մյուս ոլորտների՝ համացանցի, կայքերի ու գրահրատարակչության մասին»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:
Ըստ նրա, լեզվի անաղարտության հարցը միայն լեզվաբանների խնդիրը չէ, յուրաքանչյուր հայ քաղաքացի մայրենիի անաղարտության պահպանումը պետք է խնդիր դարձնի:
Թե ինչու են լեզվի աղավաղման, օտարաբանությունների կիրառման դեպքերն ավելի շատ համացանցում, կայքերում նկատվում, լեզվաբանն իր պատճառաբանությունը ներկայացրեց. «Օպերատիվության ձգտելով՝ հաճախ լրագրողների շտապողականությունը բերում է բազմաթիվ սխալների»:
Պարոն Միրզոյանը հորդորեց նաեւ լեզվի մաքրության գործը չթողնել միայն Լեզվի պետական տեսչության ուսերին. «Տեսչության գործառույթը միայն ստուգելը չէ: Պետք է նրա գործառույթներն ավելացնել, հո միայն մենք սխալ բռնող կազմակերպություն չենք, տեսչությունը պետք է լինի նաև աջակցող կազմակերպություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ