Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 10-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա հետ Արցախ ժամանած «Մարդասիրական օգնության հիմնադրամ» կազմակերպության ներկայացուցիչներին:
Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհի Քոքսի հայանպաստ գործունեությունն ու նշել, որ Քոքսն առաջիններից մեկն էր, ով Արցախյան ազատագրական շարժման մեջ տեսել է մարդու իրավունքների պաշտպանության հրամայականը եւ տարիներ շարունակ հետեւողականորեն պաշտպանել այն:
Խոսելով Արցախի հետ բարեկամության եւ իրականացվող ծրագրերի մասին՝ բարոնուհին ընդգծել է, որ թեեւ Արցախ է այցելում արդեն 86-րդ անգամ, այնուամենայնիվ, ամեն անգամ յուրովի է բացահայտում Արցախը և ականատես լինում դրական փոփոխությունների ու նոր ձեռքբերումների:
Այնուհետեւ հյուրերի խնդրանքով Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է նոր Սահմանադրության առանձնահատկությունները, մասնավորապես պետական կառավարման և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտներում նախատեսված փոփոխությունները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ խորհրդարանական համագործակցության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի եւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Մամուլի հաղորդագրություն