Այսօր կառավարության նիստից հետո արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադառնալով ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա՝ վստահեցրեց, որ Հայաստանը փորձում է Ռուսաստանից դուրս ակտիվացնել տնտեսական կապերն այլ երկրների հետ. «Բոլորի համար ակնհայտ է, որ երբ Ռուսաստանում տնտեսության ոլորտում տեղի են ունենում բացասական երեւույթներ, դա անդրադառնում է բոլոր հարեւանների վրա: Դրա դասական օրինակն այն է, որ երբ Ռուսաստանում եղավ ճգնաժամ, դա անդրադարձավ, թե՛ ԵԱՏՄ անդամ Հայաստանի վրա, թե՛ ոչ անդամ Ադրբեջանի վրա, թե՛ դեպի Եվրամիություն գնացող Վրաստանի վրա»:
Քոչարյանի խոսքերով՝ այն պետությունները, որոնք տարբեր ձեւերով կապված են Ռուսաստանի հետ, պատժամիջոցները, բնական է, որ ազդեցություն են ունենում աշխատուժի, տրանսֆերտների, ապրանքների իրացման, տնտեսական հարաբերությունների վրա:
Փոխնախարարը նաև վստահեցրեց, թե պատժամիջոցների՝ ՀՀ-ի վրա ազդեցությունը մեղմացնելու ուղղությամբ որոշակի քաղաքականություն է տարվում. «Ընդհանուր մեր արտաքին տնտեսական քաղաքականությունը հետեւյալն է՝ եղած տնտեսական կապերը խորացնել եւ ստեղծել նոր տնտեսական կապեր, նոր հարաբերություններ: Դրա համար արդեն կան թիրախավորված տարբեր երկրներ, ներկայացվել է ցուցակ, որի առաջին 14 երկրներն ընդամենը մեկնարկային են, ցուցակը սպառիչ չէ: Այդ ուղղությամբ լրջագույն աշխատանք է կատարվում»: Ըստ փոխնախարարի, խոսքը 3 -րդ երկրների հետ հարաբերությունների մասին է, այսինքն՝ ԵԱՏՄ-ից դուրս:
Ինչ վերաբերում է ԵՏՄ-ից դուրս գալու «Ելքի» պատգամավորներից մեկի բարձրացրած հարցին, փոխնախարարն ասաց, որ Հայաստանի համար կարեւոր է տնտեսական բաղադրիչը, որը հիմք է նաեւ մեր ազգային անվտանգության եւ շատ այլ հարցերի առումով. «Ինչքան հզոր լինի մեր տնտեսությունը, այնքան մենք ապահովված կլինենք, այնքան վստահ կլինենք նաեւ ազգային անվտանգության տեսանկյունից: Դրա համար բոլորի հետ, ում հետ ձեռնտու է, պետք է հարաբերվենք տնտեսական առումով: Նպատակն այն է, որպեսզի եղածն ամրապնդենք, եւ նոր տնտեսական հարաբերություններ ստեղծվեն»:
Դիտարկմանը՝ թե կան փորձագետների կարծիքներ, ըստ որոնց ամերիկյան ու ռուսական առճակատման պայմաններում Հայաստանը պետք է ստիպված լինի ընտրություն կատարել կամ մեկի, կամ մյուսի միջեւ, փոխնախարարն այսպես պատասխանեց. «Հիշեցնեմ այն իրավիճակը, երբ ԱՄՆ-ն եւ Իրանը շատ խորն առճակատման մեջ էին, նույնիսկ կային այնպիսի պատկերացումներ, որ կարող էին ռազմական գործողություններ սկսվել: Մենք այն ժամանակ էլ որեւէ ընտրություն չենք կատարել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ