Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ պաշտոնյա. «12-ամյա կրթությունը օրենսդրական պահանջ է դարձել» (Տեսանյութ)

Օգոստոս 10,2017 14:18

ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշեց, որ 2017թ.սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում 12-ամյա կրթությունը պարտադիր դառնալու օրենսդրական պահանջը: Ժամանակին պարտադիր էր 9-ամյա կրթությունը: Պարոն Արշակյանի խոսքերով, դա աշխարհում կայուն զարգացման նպատակներից մեկն է, նաեւ սահմանադրական պահանջ, բացի այդ՝ յուրաքանչյուր երեխա 9-րդ դասարանն ավարտելուց հետո պետք է կամ ավագ դպրոց գնա, կամ միջին մասնագիտական ու արհեստագործական հաստատություններում շարունակի կրթությունը:

Պարոն Արշակյանը փաստեց, որ հաճախ ծնողները երեխաներին 6 տարեկանից դպրոց չեն ուղարկում, մտածելով, որ փոքր է, կարող է 7 տարեկանից գնալ: Ուռճացված են նաեւ այն խոսակցությունները, թե գյուղերում տղաներին թույլ չեն տալիս կրթությունը շարունակել, քանի որ նրանք ստիպված են անասնապահությամբ զբաղվել:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանի ձեւակերպմամբ, կրթությունից դուրս մնացած երեխաների հարցը միայն ԿԳ նախարարության խնդիրը չէ, այն համալիր լուծում է պահանջում: Տիկին Պողոսյանը փաստեց, որ կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը 2015-16 թթ տվյալներով 300 է, ինչը 1%-ից էլ քիչ է կազմում:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավարը նաեւ վկայակոչեց 2011-2012թթ վիճակագրության արդյունքները` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 8000 երեխաների 18%-ը ներգրաված չի եղել կրթության գործընթացում:

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրեց նոր համակարգը, որը հնարավորություն կտա վերահսկելի դարձնել կրթությունից դուրս մնացած երեխաներին ու լուծումներ փնտրել: Համակարգը փորձնական կգործի նախ Լոռու մարզում, ապա հետագայում ողջ հանրապետությունում:

Նա օրինակ բերեց, որ սեպտեմբերի 10-ից հետո, երբ դպրոցներն ունենում են առաջին դասարանցիների պատկերը, այդ համակարգի շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե քանի երեխա դպրոց չի գալու եւ ինչ պատճառով: Համակարգ մուտք են ունենալու մի քանի գերատեսչություն` մարզպետարանը, ոստիկանությունը, ԿԳ եւ սոցապ եւ առողջապահության նախարարությունները: Արտակ Պողոսյանը հավելեց, որ մինչեւ 2017 թ. նոյեմբեր կընդունվի համապատասխան կարգ, ըստ որի կձեւակերպվեն բոլոր մեխանիզմները, պարտականությունները, պարտավորությունները, թե որ գերատեսչությունն ինչպես պետք է խնդրին լուծում տա:

ԿՏԱԿ-ի տնօրենը հավաստիացրեց, որ այժմ 9-րդ դասարանից հետո կրթությունը չշարունակողների թիվը չնչին է, իսկ շարունակողները կազմում են 98%:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը հավելեց, որ սովորաբար 9-րդ դասարանից հետո չեն շարունակում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Մանրամասները`  տեսանյութում

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031