Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փախուստ մոլության որջից (պատմվածք)

Օգոստոս 10,2017 12:41

Ընտանեկան խորհուրդը որոշել էր նրանց պատժել, և որոնում էին: Խորհրդակցությունը սկսվել էր երեկոյան, ընթացել ողջ գիշերը, իսկ համաձայնությունը կայացրել էին այգաբացին: Փնտրտուքը պիտի երեք ուղղությամբ ընթանար` լճափին, ուր զույգին տեսնող էր եղել, մայրաքաղաքում և օդակայանում, եթե փորձեին ժամկետից շուտ ճողոպրել: Հանձնառուների առաջին խումբը` Վրիժառուն, Կրտսերը, Դրացին, Չբերը Երևանը պիտի տակնուվրա աներ: Ղեկավարը, հարկավ, Վրիժառուն էր: Մեքենան վարելու էր Դրացին: Երկրորդում ընդգրկվեցին Պանդուխտը, Միջնեկը, Անտարբերը, Այրին: Մեքենան Պանդուխտինն էր, խմբի ղեկավարը` նա: Լողափը սանրելը նրանց վստահվեց: Երրորդ խումբ առայժմ չառանձնացվեց: Մեղքողից, որը օդանավակայանի սրճարաններից մեկում մատուցողուհի էր, պահանջվեց աչալուրջ լինել և աննշան կասկածի պարագայում զանգել բջջայինների վրա:

*          Նրանք այդ մասին չգիտեին: Համոզված էին` իրենց այցի մասին ոչ ոք տեղյակ չէ: Մնալու էին ընդամենը երկու շաբաթ: Ետդարձի տոմսերը դեռևս Լոսում էին պատվիրել: Հանգստանային պիտի աչքից հեռու, եթե հաջողվեր, Կինը տեսնելու էր զավակներին և վերստին տուն էին դառնալու: Գուցե թե ամեն բան որոշածի պես ընթանար, եթե Մեղքողն աշխատանքի ընդունված չլիներ և պատահաբար սպասասրահից սուրճի պատվեր չստանար: Այնտեղ էլ նկատեց ճամպրուկը ստացող զույգին, սակայն տնեցիներից թաքցրեց, այդու, երբ գյուղից մեկը թռուցիկ պատմեց, թե Սևանում մի կնոջ է տեսել` նման նրանց հարսին և նկարագրեց հետի տղամարդուն` ծոծրակին հավաքած խոպոպով, իսկ փեսան խոստացավ ձեռք բերել Լոսի չվերթով ժամանածների ցուցակը, այլևս իմաստ չգտնելով լռելու մեջ, հաստատեց նրանց` Երևան ժամանելը: Օրիորդը, իհարկե, լուտանք ստացավ, այնքան խիստ, որ տեղնուտեղը փոշմանեց:

– Որ ասեի, ի՞նչ,-արդարացավ:

– Եկել են բոզության, չիմանա՞նք:

– Սկսվեց…

– Հիշեցնե՞մ բառերդ` համբերեք, կգա: Բա չեկա՞վ…

– Եղածը եղել է:

– Ամերիկայում շնություն արին, քիչ է, Հայաստանո՞ւմ շարունակեն: Դրանց համարձակությանը տես… Խոսք ասա,- հայրը դարձավ ավագ որդուն:

– Ինձ համար մեկ է,- անտարբեր նետեց տղան, ով անձնագրով` ժամանած կնոջ ամուսինն էր:

– Չե՞ս ուզում ետ գա, տեր լինի երեխաներիդ:

– Ես նրան ջնջել եմ հիշողությունիցս:

– Իսկ վրե՞ժ` չունե՞ս լուծելու: Լռենք` մնա՞:

– Բան կփոխվի՞,- նույն հանգույն հնչեց պատասխանը:

– Երանի քեզ,- ամուսնացած, սակայն անզավակ քույրը ներքին լարումից կարմրատակեց:- Ես իմ ձեռքով եմ դատաստան անելու. մեր պատվի հարցն է:

– Հասկացանք:

– Ինձ վրա է, հա՞, ուժդ պատում: Նրա սանձերը քաշեիր:

– Ասեք` լեզվին չտա:

– Երկու երեխան մնացել է վրաս, չխոսե՞մ:

– Նա չի խնդրել:

– Նվիրի` թող տանի Ամերիկա: Երևի նրանց համար էլ եկել է:

– Քո գործը չէ:

– Լսեցի՞ր, պա…

– Ժամանակ գտաք,- սաստեց հայրը:

Հետո, երբ տուն եկան մյուս զավակները, Չբերի ամուսինը, որ առևտրով զբաղվելու պատճառով ավելի շատ դրսերում էր, հորաքույրը, որ այրի և տարեց լինելով` ժամանակ մեռցնելու խնդիր ուներ, երկվորյակների կնունքի քավոր դրկիցը` մեքենաների շարժիչների հետ հաճախակի գործ ունենալուց` մրոտ, հավաքը լրջացավ: Վերջնական վճիռն այսպիսին էր` եթե մեղա գան, օջախի պատիվը փրկելու, ասեկոսեները մարելու համար հարսին, թեկուզև ձևական, տուն կառնեն, իսկ Տղամարդուն այն օրն են գցելու, որ մոռանա Հայաստանի ճամփան, շունը ձեռից հաց չառնի, հակառակ պարագայում… Ոչ շատ լրջորեն, սակայն այդ ուղղությամբ ևս քննարկում եղավ` կախաղան, վրաերթ, ջրահեղձություն, քարծեծ, հյուրանոցի համարում խեղդամահ անել ու կինոնկարներից տեսած էլի ուրիշ սարսափազդու տարբերակներ, որոնք թողնվեցին դեպքերի հետագա ընթացքին: Այդուհանդերձ, գլխավոր վրիժառուն մյուսներից թաքուն հազար դոլարով խլացուցիչով «Մակարով» գնեց սև շուկայից, յոթ հարյուրը` ատրճանակի, մնացյալը` խլացուցիչի համար: Փամփուշտները նույն օրը երեկոյան հայթայթեց ծանոթ սպայից` հատը հինգ դոլարով:

Վերստին թեթևակի վեճ վերջում` խմբերը կազմելիս ծագեց: Պանդուխտը դեմ էր կնոջ մասնակցությանը: Կխանգարի,- համոզված էր: Գլխավոր վրիժակը, հակառակ, գտնում էր, որ նրա ներկայությունը միայն կօգնի. նախ` կասկածի տեղիք չի տա և ապա` թույլ սեռի տրամաբանությունը կարող է անսպասելի ելք առաջարկել փակուղու առաջ հայտնվելու դեպքում: Չբերը, ամուսնու ընդդիմանալուց չարացած, չկամեցավ նրա հետ նույն մեքենան նստել: Այրին պետք է երեխաներին տեր կանգներ, սակայն որոշվեց նրան ևս ընդգրկել, որպեսզի Սևան մեկնողների խմբում նույնպես կին լինի: Միջնեկը, ով նոր էր ամուսնացել, հարկադրված` ծնողների տուն մեկ շաբաթով դարձ գնացած կնոջը գիշերը ետ բերեց` խոստանալով հետո մեկ ամսով թողնել, թե ինչու` չասաց:

Ամեն բան սկսվեց նրանից, երբ Պանդուխտը երկու տարի առաջ Հայաստան հրավիրեց Աբու-Դաբիում ծանոթացած ամերիկահայ գործընկերոջը: Որքան էլ դեմ ընկան, հյուրանոցում տեղավորվեց, սակայն մեքենա էր վարձակալել և հաճախակի գալիս, մնում էր մինչև կեսգիշեր: Պանդուխտը գյուղում նույնպես տուն ուներ, աներոջ հետ պատկից հարևաններ էին, ու մեծիմասամբ նրանց մոտ էին հավաքվում:

Զրուցասեր էր, բնավորությամբ այնքան մեղմաբարո, որ շահել էր ամենքի համակրանքը, մանավանդ` փոքրերի, որոնց հաճախ առնում էր լայնշի ուսերին, թույլ տալիս քանդել գյուղի ժողովրդին խիստ անսովոր երկար` ծոծրակին փնջած վարսերը: Հարսը դիտողություն էր անում, պահանջում իջնել, սակայն զիջում էր` տեսնելով բերկրալի աչուկները: Սկզբից ևեթ նրա ու հյուրի հարաբերություններն անբնական էին. խուսափում էին զրուցել, խոսք փոխանակել: Կար անտես, կաշկանդող տարածություն, որը խախտել ոչ ոք չէր հանդգնում: Զգուշանում էին, ինչից` պարզ չէր:

Կինը գեղեցիկ էր, փոքր ինչ թխադեմ և խոշորաչվի: Հյուրը նկատել էր` ամուսնու հետ առանձնակի ջերմ չէ, ինչպես և մյուսների, թեև հեզ էր, պատրաստակամ: Սառնությունը գուցե թե կողակցի պատճառով էր, որովհետև, ասես, ամեն բանից հոգնած լիներ` անգամ թղթախաղում, եթե զուգընկերոջ պակաս զգացվեր ու նրան դիմեին:

Պանդուխտը քաղաք էր գնացել, մյուս տղամարդիկ` խոտհնձի: Հյուրը, որ հակառակի պես վաղ էր եկել, որոշեց չմնալ: Երեկոյան նորեն կուգամ,- ասաց: Վերջին պահին Մեղքողը խնդրեց հարսին հետը քաղաք տանել: Երեխաներին գիրք, տետր պիտի առնի,- բացատրեց: Սպասեց` մինչև հագնվի: Սկզբում գրեթե չէին խոսում: Ընդամենը հարցրեց` ինչպես է վերադառնալու: Ասաց` տաքսիով:

– Ես կբերեմ, միևնույն է` պիտի գամ,- առաջարկեց:

– Չէ, վատ բան կմտածեն,- պատասխանեց:

– Չեմ կարծեր:

– Լավ չեք ճանաչում. պատմություն կսարքեն:

– Ինչո՞ւ կվախնաս,- շարունակեց խորամուխ լինել:

– Գյուղի ժողովուրդ են` նախանձ:

– Ո՞վ:

– Մեծ տալս` չե՞ք նկատել:

– Ի՞նչ ունի օձնվորելու,- հարցրեց, ինքն էլ պատասխանեց:- Դուն մեղավո՞ր իս, որ ինքն ստերջ է:

– Միայն դա չէ:

– Որովհետև մատաղատի՞ մնացեր իս,- նա ձեռքը տարավ ուղեկցի ծամերին, փաղաքշելով ուղղեց:

Կինը ցնցված` լռեց:

– Երևանը ծանոթ չէ ինձի, ըսե` ո՞ւր պիտի երթանք:

– Հրապարակի գրախանութը:

– «Արմենիայի» մոտի՞նը:

– Այո:

– Հոն իջևանած եմ: Սփյուռքահայերի համար ամենահարգին է, թեև հիմա, կըսեն, շքեղները շատցեր են:

Տղամարդը մեքենան կայանեց հրապարակում, Կինն առևտուր արեց «Նոյան Տապանից»:

– Վե՞րջ:

Կինը հաստատեց:

– Ի՞նչ առնիմ պզտիկներուն:

– Բան պետք չէ:

Տղամարդը երկու ուսապայուսակ գնեց, դարձյալ գրենական պիտույքներ` շատ-շատ և նկարազարդ գրքեր:

– Այսքանն ի՞նչ են անելու,- կինը տարակուսեց:

– Առաջին տարին դպրոց պիտի երթան, թող աղեկ հայերեն սորվին,- ապա առաջարկեց գնալ հյուրանոց:- Սուրճ կըմպենք, կհանգստանաս:

Զով նախասրահը, մաքուր աստիճանները, մշտադալար բույսերը` տարաձև ծաղկամաններում, ուղեգորգերը, կիրառական արվեստի նույնաոճ նմուշները` անկյունախորշերում, սանդղահարթակներին, պատերի ճոխ շրջանակներով յուղանկարները, մանավանդ` ժպտացող գործավորները Կնոջն այլ իրականություն փոխադրեցին, ու նա զգաց, Տղամարդը` նույնպես. անխուսափելին մոտենում է:

…Ցանկությունն այն աստիճան ուժգին էր, որ, չհասնելով մինչևիսկ անկողնուն, տարփանքին տրվեցին գորգապատ հատակին` ճմռթելով պայուսակներից մեկի գնումները: Դադարից հետո Կինը խնդրեց ցույց տալ լոգարանը: Տղամարդն առաջնորդեց, սակայն չհեռացավ. մերկացրեց Կնոջը և, երբ կիրքը վերստին տիրեց նրանց, մերձեցան ցնցուղի տակ, որքան էլ դիրքն անհարմար էր: Լոգասենյակից ելնելով` Կինն անկողին չմտավ:

– Էլ բավական է,- խնդրեց,- կխենթանամ:

– Երեկ այս ամենը գրեթե նույնությամբ երազի մեջ տեսած եմ:

– Հորինում ես:

– Հավատա` նույնչափ քնքուշ մեկմեկու կսիրեինք:

– Ես քեզ ամեն օր եմ տեսել,- բայց թե ինչ կերպ, չասաց, որքան էլ պնդեց մահճակալին լոտոսի կեցվածք ընդունած Տղամարդը:

– Եկուր քովս` մեկնեմ երազներդ:

– Ոչ,- թրթռուն մերժեց:

– Եկուր` կըսեմ, խափշիկս:

– Մի շարունակիր, եթե չես ուզում ցնորվեմ,- արդեն անկողնում` կրքից նվաղուն մրմնջաց կամազրկված Կինը:

Նա գյուղ գնաց տաքսիով, տղամարդն ավելի ուշ` նույն վարձու ավտոյով: Մինչ այդ հասցրեց «Մետրոպոլում» համար պատվիրել, սակայն «Արմենիայինը» չհանձնեց, որպեսզի կասկած չառաջանա կամ անպատեհ այցի դեպքում չբռնվեն:

Բնակավայրը քաղաքին գրեթե մերձ էր, և Երևան գնալ-գալն առանձնակի բարդություն չէր ներկայացնում: Կինը հաջորդ առավոտ, պատրվակ բռնելով նախորդ օրը փողի չհերիքելը, դարձյալ քաղաք մեկնեց` այս անգամ երկվորյակներին շոր-կոշիկ առնելու: Հանդիպեցին պայմանավորված տեղում, գնումներ կատարեցին, այնուհետ սիրակաղձ զույգը տոթից, հետաքրքրասեր հայացքներից պատսպարվեց «Մետրոպոլում»: Հագենալ չունեին: Գնալով` ավելի ու ավելի էին ձգում իրար: Այլևս չէին պատկերացնում կյանքը մեկմեկուց զատ: Հետո Տղամարդը գնաց: Երկու ամիս անց Կնոջ դրդմամբ և Պանդուխտի կապերի շնորհիվ ամուսիններն ընդգրկվեցին ԱՄՆ հյուրախաղերի մեկնող թատերախմբում: Պարզվեց, սակայն, մուտքի արտոնագիր դեսպանատունը կտա մեկին: Ընտրությունը թողնվեց նրանց, և Անտարբերը ետ կանգնեց: Նույնը սպասում էին Կնոջից, բայց կազմակերպիչները հրաժարվեցին գումարը վերադարձնել, ուստի առանձնակի չպնդեցին: Դեսպանատանը, իրավ, չմերժեցին, և Ծննդյան տոներից առաջ ընտանյոք նրան ճամփեցին Կալիֆորնիա: Մինչ այդ Պանդուխտը հեռաձայնեց ընկերոջը` ապսպրելով տեր լինել հարսին:

Թատերախումբը մեկ ամիս անց ոչ լրիվ կազմով վերադարձավ. Կինն օվկիանոսից այն կողմ մնացածների մեջ էր:

Սկզբում պատասխանները հուսադրող էին: Այն հարցին, թե ինչու չի գալիս, գործընկերը պատասխանում էր` աշխատանք է գտել, երեք ամիսը լրացավ, կգա: Երեքը դարձավ վեց, ապա` տարի: Ամուսնու անունով հրավերք ուղարկելու պահանջը բավարարվեց, սակայն պարզվեց` թղթերում սխալ կա, ըստ երևույթին` միտումնավոր: Պարզ է, մուտքի թույլտվություն չտվին, և հարյուր դոլարն իզուր ջուրն ընկավ: Իսկ երբ Տղամարդը փոխեց հեռախոսահամարը, ինտերնետում` հասցեն, հետքերն իսպառ կորան: Հարցումները Կնոջ ծնողներին, ովքեր Երևանում էին ապրում և քթները տնկած դասախոս լինելու պատճառով գնալ-գալ, խնամիություն չկար, արդյունք չտվին: Այդ ողջ ընթացքում Կինը երբևէ չմոտեցավ լսափողին. սկզբում, իբր, տանը չէ, ապա, իբր, բնակարան է վարձել, հեռախոսից թույլ չեն տալիս օգտվել ու նման մեծականջ ստեր: Երևույթին սկսեցին այլ դիտակով նայել, և բանն աստիճանաբար հասկանալի դարձավ: Թատերախմբի անդամներից մի քանիսի հետ ուշացումով զրույցը փարատեց վերջին կասկածները: Դերասանները հիշեցին` այո, տիկնոջը դիմավորել է տպավորիչ արտաքինով մի երիտասարդ` շքեղ ծաղկեփնջով, ջերմ և երկար գրկախառնվել են, այնուհետ թև-թևի գնացել կայանավայրի ուղղությամբ, որից հետո նրան տեսնող չի եղել:

Սառնությունն ընտանիքների միջև խորացավ: Խնամիների խնդրանքը` երեխաներին իրենց տուն տանելու, սկզբում` քաղաքավարությամբ, երկրորդ այցի ժամանակ` կոպտորեն, մերժվեց: Մասնավորապես դեմ էին մեծ տալն ու սկեսրայրը, ով սկսեց վրեժխնդիր լինելու ծրագրեր մտմտալ, Պանդուխտին կարգադրեց հարսին բերելու համար Լոս-Անջելես մեկնել, եթե հրաժարվի, մարդասպան վարձել: Փողն ինձնից,- լուրջ-լուրջ ասաց: Անհասցե ո՞ւր գնամ,- մերժեց փեսան,- Հայաստանից շատ բնակչություն, տարածք ունի:

*     «Հարսնաքարում» տեղավորված զույգը ջանում էր հանգստացողների աչքին քիչ երևալ: Բոլորովին մեկուսի կյանքով կենալ, ինչ խոսք, հնարավոր չէր: Ուտելիքը նրանց ցանկությամբ բերում էին համար, բայց, հո, լողափը ևս չէի՞ն կարող հանել վերև, թեև, պիտի ասել, տնօրինությունը գրեթե դրան էլ էր հասել. ընդհանուրին չխառնվելու համար առանձնացված տարածքում և փոքրերի, և մեծերի համար հոյաշեն լողավազաններ կային` նույն լճաջրով, սակայն շատ ավելի վճիտ, որովհետև շուրջ օրը զտիչ սարքերը` անտես և անաղմուկ, բանում էին: Վերջին հարկը հատուկ ընտրեցին. տեսարանը հիասքանչ էր: Երկկողմ պատուհան ներից թե կղզին, թե փոքր Սևանն էին երևում ու թե մեծը` ափերը գրկած կանաչ գոտիով, շեները` շեն, սարերը Գեղամա` ուսընդուս պահապան, արեգը` հերարձակ, ջրահայելին` վետվետուն, մակույկները` ձկնորսական, երկինքը` լազուր, ճայերը` ճախրող, այլ վրձնահարվածներ, որը` Տիրոջ, որը` մարդու ձեռամբ: Այդու ինչ-որ բան այն չէր, վայելքին հանձնվել չէր լինում: Կինը փորձում էր չտրվել ապրումներին, սակայն տրամադրության փոփոխությունն ակնառու էր: Պատճառը երեխաներն էին, ծնողները, որոնց դեռ չէր տեսել:

Տղամարդը հուսադրում էր.

– Ոչինչ, ժամանակի մեջ այդ հարցերը ևս կկարգավորվին:

– Օր չմնաց:

– Մենք ադոր համար չենք ժամանած. թողենք մյուս անգամվան: Գիտակ իրավաբան կվարձիմ, հոգ մըներ:

– Իզուր եկանք,- ավելի ու ավելի էր տրտմում Կինը:

Ամոթը կողմ դնելով` զանգեց ծնողներին: Զարմացան, որտեղ լինելն իսկույնևեթ կամեցան ճշտել: Մենք կգանք,- խոստացավ,- բայց մարդու, նրանց` մանավանդ, չասեք, թող չիմանան: Սպասեցին մութն ընկնի: Մեքենան, ուշադրություն չգրավելու նպատակով, կայանեցին փողոցում, ոտքով առաջացան: Մուտք մտնելու պահին Կինը նկատեց բակի թթենու տակ կանգնած կարմիր LADA-ն: Անակնկալից խուճապի մատնված` չշրջվեց ճշտի` մեջը մարդ կա՞: Հնարավոր է տուն բարձրացած լինեն,- մտածեց,- մերոնք չհամբերելով` քավորին խնդրել են փոքրիկներին տեսնելու բերել: Տղամարդուն առայժմ ոչինչ չասաց: Համոզվեմ` նոր,- վճռեց: Երկրորդ հարկի հարթակը լուսավորված էր: Շունչ առնելուց հետո բջջայինով զանգեց: Լսափողը վերցնողը մայրն էր:

– Քնած չե՞ք,- հարցրեց:

– Ձեզ ենք սպասում,- ի՞նչ եղաք:

– Տանն ուրիշ մարդ կա՞:

– Ես ու հայրդ ենք, եղբայրդ քնեց: Ե՞րբ կգաք:

– Մուտքում եմ…

Տնեցիները դուռը կիսաբացել, սպասում էին: Ողջագուրվելուց հետո ներկայացրեց ընկերոջը: Ամերիկայում եղած ժամանակ երբեմն-երբեմն զանգել էր ծնողներին, բայց թե ում հետ է կապված, որքանով է լուրջ, ինչ է լինելու հետո, չգիտեին. դուստրը խուսափում էր այդ թեմայով զրուցել, վստահ չլինելով` նախատի՞նք կստանա, թե՞ կքաջալերեն: Ի վերջո, երեխաների խնդիր կար, հասարակական կարծիք, որքան էլ դժկամ էին ժամանակին գյուղ ճամփել ու տարիներ անց անգամ չէին հաշտվում փաստի հետ: Կինը, չնայած ամառ էր, խնդրեց գոցել փեղկերը, վրա բերել վարագույրները: Չհարցրին` ինչո՞ւ: Ամաչում է կողմնակի աչքերից,- մտածեցին: Հայրը կոնյակ բացեց: Մայրը, լինելով առավել անմիջական, թեև զգույշ, սկսեց հարցերի տարափը` երբ ժամանեցին, ինչու նախապես տեղյակ չեն պահել, որտեղ են իրերը, ինչքան ժամանակով… Տեղեկանալով, որ մի շաբաթ կլինի, եկել են, տատամսած գնաց խոհանոց` ամառային տոլման տաքացնելու: Հյուրերը հրաժարվեցին ուշ ժամի ճաշելուց:

– Այդ դեպքում` միրգ, կարոտած կլինեք,- կաշկանդված մթնոլորտը փորձեց աշխուժացնել հայրը,- և սառը գարեջուր: Հայկական է, խմած չեք լինի,- արդեն` Տղամարդուն:

– Հիմա Ամերիկայի մեջ հայերի խանութներ կան` ամեն բան կգտնվի:

Մինչ նա ձեռներեց երկրացիներից կսկսեր պատմել, հաճախորդներին խաղողի տերևով տոլմա ու խաշ առաջարկող խորտկարաններից, Կինն անցավ ննջարան` տեսնելու դպրոցահասակ եղբորը, ետևից` մայրը: Սրտաշարժ տեսարան էր. տղան, ով արթնացել, սակայն ամոթխած` չէր ելնում սենյակից, ընկավ քրոջ վզով: Հեռախոսազանգ լսելով` մայրը ետ գնաց, իսկ քույր ու եղբայր նստեցին բաց անկողնուն:

Մայրը քիչ անց ընկալուչը ձեռքին շփոթահար վերադարձավ.

– Փոքր տալդ է:

Կինը վախվորած` հասկացրեց, որ իր մասին բան չասի:

– Գիտի` Հայաստանում եք: Ասում է… փնտրում են:

– Միևնույն է,- նա քաշվեց ննջարանի հեռավոր անկյունը` հեռախոսից, որքան հնարավոր է, հեռու:

Մայրը վարանքով ձեռնափը վերցրեց խոսանցքից.

– Ասի` չի եկել, լուր չունենք:

Պատասխանը հստակ լսվում էր.

– Ինքս եմ տեսել: Մերոնք ման են գալիս, թող թաքնվի կամ ետ գնան Ամերիկա: Ես կխաբեմ, կասեմ` Լոսի թռիչքի օրը փոխել են:

– Պատճառը ո՞րն է:

– Օֆ, չգիտեմ…

– Ովքե՞ր են:

– Բոլորը…- փղձկոց լսվեց, դադար, այնուհետ`- մենակ չասեք` զանգել եմ, թե չէ ինձ կուտեն:

Միջանցքից զրույցն ունկնդրող հայրը զայրագնած մտնելով խոհանոց` կնոջ ձեռքից խլեց խոսափողը.

– Ձերոնց ասա` կրակի հետ չխաղան:

– Դրել է, մի բորբոքվիր:

– Միլիցիա կզանգեմ, թող կապերը քաշեն: Իրենց գերին չէ: Դուստրը, որ մի պահ ուզում էր եղբորը բակ ուղարկել` ճշտելու LADA-ում սպասողների ով լինելը, վերջնականապես միտքը թաղեց` հայրը թույլ չի տա, ինքը կիջնի: Ավելի լավ է` չիմանան, մեկ էլ տեսար բռունցքների դիմեցին:

– Դրանք ո՞վ են, որ վախենանք: Ականջներն այնպես քաշել տամ…- չէր հանդարտվում հայրը:- Գեղցիները…

– Ինչ կրակվեցիր, թող մտքներինը հասկանանք:

– Տասը տարի առաջ էլ նույն սազն էիր նվագում: Հաշտվիր` գնա… Եթե դատի տայինք, այս պատմությունը չէր լինի:

– Մինչև կյանքիդ վերջը պիտի խոսե՞ս:

– Հա, որովհետև սխալի արդյունքն ենք հնձում:

– Ամոթ է` հյուր ունենք:

– Ձեր դուստրն ինձ մասամբ հաղորդած է,- տղամարդը նեղվածքի պատճառով շեմից չէր առաջանում:

– Իբր մեզ պատմում է,- հոր ձայնում թեթևակի կշտամբանք կար:

– Իմ մտահոգությունս այլ է: Ոստիկաններուն դիմելու հարկ չկա. տհաճության մեջ կիյնանք: Չենք ուզեր:

– Հո երեխաներին թաքուն չե՞ք վերցրել,- մայրն սթափ էր դատում:

– Ուրիշ կնճռոտ խնդիր ունինք: Կհամարիմ,- նա հայացքն ուղղեց վարագույրի ծոփքերի հետ խաղացող Կնոջը,- ճիշտն իրենց ալ տեղյակ պահելն է, որպեսզի թյուրիմացություններեն խուսափենք:

– Ուրիշի անձնագրով, անուն-ազգանունով եմ այստեղ:

– Ամերիկայում է՞լ է նման բան հնարավոր:

– Այլ կերպ չէր ըլլա: Հոս գալը, մանավանդ` ետ երթալը կբարդանար, եթե կարգ մը խախտումներու չդիմեինք:

Անախորժ լռություն տիրեց:

– Մեծ սենյակ անցնենք, խեղդոց է,- առաջարկեց հայրը` սպասելով մյուսների ելնելուն:- Աղջիկս,- նա դստերը մեջքը գրկած տարավ,- կարոտն է բերել, հասկանում եմ: Չխեղճանաս, հետաքրքիր ընկեր ունես:

Կինը փղձկաց:

– Չասի` լաց լինես:

– Տնաշեն…- մայրն էր:

– Չխոսե՞մ:

– Իմացիր որտեղ` ինչ:

– Հայրիկին, մա, բան չասես,- դուստրն արցունքախառը ժպտաց:- Վերջ, այլևս ոչ մի լաց:

Միրգ կերան, զրուցեցին: Ասես փոխհամաձայնեցված` խուսափում էին Մեղքողի տեղեկատվությունը քննարկել: Միտքը, որ դուռը թակող չկա, կնոջը հուսաբերել էր. ուրեմն` չեն նկատել իրենց մտնելը: Համարձակություն հավաքելով` վարագույրը ճեղք արեց: Թթենու հսկայական սաղարթը խանգարում էր, բակի չլուսավորված լինելը` իր հերթին: Եղբայրը, ով այդ մեկ-երկու ժամում հասունացավ, դեմ էր հյուրերի գնալուն.

– Մնացեք,- ընդամենն ասում էր,- խնդրում եմ:

Քույրը պայուսակից փող հանեց.

– Կներեք, առանց նվերի եմ եկել: Այս այցը ծրագրված չէր,- նա հարյուր դոլարանոցները մեկնեց մորը:- Եղբորս մեր կողմից մի լավ բան կառնես, ձեզ` նույնպես,- նրա աչքերը վերստին արցունքակալեցին:

– Էլ չե՞նք տեսնվի:

– Ես նորից կգամ:

– Ե՞րբ:

– Այ, դա չգիտեմ:

– Գոնե կասե՞ս` որտեղ եք, որ հյուրանոցում:

– Երևանում չենք:

– Ես ձեզ հետ կգամ,- մոր և քրոջ զրույցն ընդհատեց պատանին:- Քեզ մենակ չեմ թողնի:

– Մի անհանգստացիր: Տալս, բան էր, ասաց. վտանգ չկա:

– Կա,- եղբայրը համառեց,- գիտեմ:

– Քրոջդ գլուխեն մազ չպակսիր, վստահե ինձի: Բազուկս կտեսնի՞ս. ըմբիշ եղած եմ: Իսկ կռուփիս զորությո՞ւնը: Շոշափե: Մեքսիկներու, սևամորթներու հետ կռիվներու մեջ պատանությունս անցած է: Դուն որևէ մարզաձևով կզբաղվե՞ս: Տուր ձեռքդ` տեսնամ: Չէ, դու նույնպես ուժով կերևիս: Ծնողներուդ քով մնա, անոնք քու պետքն ունին:

*          – Ժամը մեկը եղավ. միտք չունի սպասելը,- Կրտսերն էր:

– Լույսը վառվում է, բա որ գա՞ն:

– Դժվար: Ճիշտը գնալն է:

– Տո՞ւն:

– Առավոտից բան չեմ դրել բերանս, այ հեր:

– Քաղաքում ուրիշ հյուրանոց կա՞: Բոլորո՞ւմ եղանք:

– Կարող է մասնավոր բնակարա՞ն են վարձել: Հիմա ինչն է շատ` եվրոտները. ամեն հարմարությունով` հավաքարար, ճաշ եփող, տալիս են արտասահմանցոց:

– Կապվենք Սևան` փեսան նման բաներից աջային է: Համ էլ, հնարավոր է, հետքի վրա ելած լինեն:

Բջջային Չբերն ուներ: Զանգեց ամուսնուն, բայց միանալուն պես տվեց հորը.

– Առ խոսիր` հավես չունեմ,- մաղձը մնում էր:

– Ես եմ,- Վրիժառուի հաստ մատները, թվաց, ուր որ է կճզմեն սարքը:

Ձայնը կտրատվում էր: Այնտեղից հարցրին` ով է խոսողը:

– Աներդ: Ասում եմ` ի՞նչ կա, չկա:

Փեսան տեղեկացրեց, որ եղել են բազմաթիվ հյուրանոցներում, խորտկարաններում: Միակ հավանական վայրը «Հարսնաքարն» է, ուր, պատմելով, փնջած մազերով մարդ ապրում է, բայց չեն ասում անունը, սենյակի համարը:

– Մեկ առ մեկ ստուգեք:

Պանդուխտը շարունակեց պատմել, թե` ժամանակի շատ մասը լողափերի վրա կորցրած լինելով` ուշ ժամի են հասել: Կամեցել են սենյակ վարձել, սակայն ազատ քոթեջ, համար չի եղել, նույնը` հիմնական մասնաշենքում: Ռեստորան են մտել, երկու ժամի չափ կլինի` այնտեղ նստած են:

– Կսպասեք մինչև փակվելը: Գալիս ենք:

– Իմաստ չունի: Ամեն բան մնում է վաղվան: Համար չազատվի էլ, լճափի հատված, որը թեև փակ և վճարովի է, կթողնեն: Թե այնտեղ եղան, ոնց լինի, լողալու կիջնեն, այլապես ինչո՞ւ էին գալիս Սևան:

– Աչքներդ, դե, ելումուտի վրա պահեք: Մենք մտնում ենք մի տեղ հաց ուտենք: Հենց բան լինի, վռազ զանգի,- վերջին կարգադրությունն անելով փեսային` Վրիժառուն դարձավ Դրացուն:

– Քշի:

*          Նախքան մուտքից ելնելը, Կինը ոտքը կախ գցեց. թթենու տակ կարմիր LADA չկար: Սիրտը մասամբ տեղն ընկավ, այդուհանդերձ զարտուղի ճանապարհով` երկու-երեք շենք շրջանցելուց հետո կամարակապ բակուղով հասան BMW-ին: Սևանի ճամփին էլ պատմեց դարանած մեքենայի մասին:

– Չեմ հասկնար, ինչո՞ւ կփնտրեն: Կուզեն նորե՞ն իրենց հարսը դառնաս: Կկարծեն հնարավո՞ր բան է: Չե՞ն գիտեր, որ անիրականանալի է այսքանեն ետքը: Չարացածությունն ո՞ւմ կողմեն է, ինչպե՞ս կթվի:

– Բոլորն էլ ոխակալ են, բացի նախկին ամուսնուցս և փոքր քրոջից. մորն են քաշել:

– Իրենց մայրիկին հանկարծամահությունը քու հոն եղած ժամանա՞կ պատահած է:

– Ինձնից առաջ, բայց` նույն տարվա մեջ: Պատճառներից մեկն էլ դա էր, որ շտապեցին մեծին ամուսնացնել: Քեզ դրանց զազիր արարքները միշտ խուսափել եմ պատմել: Նրանց մայրն ինքնասպան է եղել,- իր համար իսկ անսպասելի` բացվեց:

– Ինչպե՞ս, ի՞նչ արած է:

– Էսենցիա էր խմել:

– Բառը չեմ հասկնար: Թո՞ւյն է, որտեղե՞ն ձեռք բերած է:

– Հեղուկ է, բոլոր տներում կա: Աննշան քանակությամբ թթու դնելիս են գործածում: Ազատ վաճառվում է: Ջրով չբացած` մահացու է: Ստամոքսը, կոկորդը, թոքերը, պատմում էին, քրքրել էր: Տարածեցին, թե սխալմամբ է խմել, բայց այդպես չէր. իջել է նկուղը, դուռը ետևից գոցել…

– Ինչո՞ւ նման արարքի դիմած է, զորավոր պատճառ պիտի եղած ըլլա:

– Չեմ կարող պատմել: Մեծ աղջկա և ամուսնու հետ կապ ունի: Այդքան:

– Եթե հարմար չես գտնար, ամենևին մի ըսեր: Հաստապարանոցներուն ձեռքին տոկալը, կերևի, սաստիկ դժվար է: Բնավորությամբ բոլորովին տարբեր եք, ինչպե՞ս մտերմացած եք:

– Նրանց տանն առաջին անգամ, պիտի որ այդքանն ասած լինեմ, եղել եմ մոր թաղմանը: Ամբողջ կուրսով էինք: Վրաս դեպքը շատ էր ազդել` խղճում էի, գնում օգնելու… Սոսնձվել էր` եղբորս հետ պիտի պսակեմ, եթե չհամաձայնես, գլխին փորձանք կբերի… Այդ անգամ էլ` մոր քառասունքի օրը սառը ջրերի հետ երևի շատ գործ արի. ջերմությունս բարձրացավ, իրիկունը չկարողացա քաղաք դառնալ: Կրակի պես վառվում էի: Քույր ու եղբայր, իբր, խնամում էին… Չիմացա` ինչ եղավ:

– Խաբեությամբ նպատակներուն հասած են: Ատոնց հասկըցանք` անկիրթ, ցածրոգի արարածներ են, հապա փեսա՞ն: Կարգին մարդ կթվեր: Ան մի՞թե չէր կրնար սաստել, կիրքերը հանդարտեցնել:

– Ե՞րբ, այն ժամանա՞կ:

– Հիմիկվա ոգևորվելը նկատի ունիմ:

– Մեծ տալս է հարց որոշողը:

– Համարձակությունը չբավե՞ր ընդվզելու: Այդ պարագային ինչո՞ւ տխմար խաղերու կխառնվի: Իմ պատճառովս անիկա մեզի դեմ տրամադրված է: Չփորձե՞մ հետը զրուցել: Համարը բջջայինի վրա ջնջած չեմ:

– Գործ չունես,- կինը ձեռքը երկարելով` շոյեց Տղամարդուն:

– Բացատրվեմ, գուցե ըմբռնե, ինքն էլ անոնց խոսք հասկցնե: Միևնույն է` վաղ թե ուշ երես-երեսի պիտի նայինք: Երեխաներու խնդիր կա, չմոռնաս:

– Միտքս փոխել եմ` չեմ ուզում. հեռվից տեսնելով կարոտ չի առնվի, ավելի վատ:

– Հոգնած ես: Թողենք նման նուրբ հարցերու քննությունը: Դուն ննջե քիչ մը, թեև շուտով կհասնենք, որքան կտեսնեմ:

«Հարսնաքարի» շարունակությունը կազմող հանրային լողափի ավտոկանգառում կայանած միայնակ մեքենան, նկատելով դարպասների բացվելուն սպասող BMW-ն, վառեց լույսերը` ակամա իր վրա հրավիրելով Տղամարդու և Կնոջ ուշադրությունը:

– Փեսայինն է:

– Ես ալ ճանչցա. անոր VOLVO-ն է: Դուն կելնես վերև, ես կխոսիմ հետը. մտքերը պարզեմ:

– Մենակ չի լինի եկած:

– Վճիռ մը կայացնելու հարկադրված ենք:

– Պահակին ասա` ներս չթողնի:

– Այդ հարցի ժամանակավոր լուծում կըլլա:

Հայելու մեջ Տղամարդը տեսավ, որ դռնապանը փակում է դարպասը:

– Մի գոցեր, նորեն դուրս պիտի երթանք,- ապա մեքենայի համար այնպիսի դիրք ընտրեց, որ դեմը բաց լինի, միաժամանակ` դարանածներին չերևա:

– Վճռած եմ` պիտի զանգեմ: Չեմ ըսեր` որտեղ ենք: Անկարելի է, որ մեր օթոն գիտնա:

– Գուցե աշխատողներն արդեն ասե՞լ են:

– Առավել ևս,- նա հանեց հեռախոսը, գտավ համարը, հավաքեց:- Ալո…

*          Պանդուխտը ձայնից անմիջապես ճանաչեց զրուցակցին:

– Ե՞րբ ես եկել: Մենակ չասես` Հայաստանում չեմ:

– Ճշմարիտ չխոսելը բնավորությանս հատուկ չէ:

– Բա ինչո՞ւ չէիր զանգում:

– Մենակ չեմ ժամանած: Խոստովանիմ` քիչ մը անհարմար կզգայի: Խրթին կացության մեջ քեզի նմանապես նետած եմ:

– Մի քիչ… Հետիդ քածն է՞լ է նույն կարծիքին,- պահի տակ կրակեց:

– Անպատիվ խոսքեր ըսելու իրավունք չունես, ինչ էլ որ պատահած ըլլա: Կլսե՞ս, զանգեր եմ, որ հետդ բացատրվեմ: Վիրավորանք հանդուրժող անձ զիս չկարծես, եթե ճանչցեր ես:

– Սա հեռախոսի թեմա չէ,- մեղմեց Պանդուխտը:

– Կհասկնամ խնդրին փափկությունը: Ես ալ կուզեմ հանդիպենք:

– Հիմա որտե՞ղ ես, տեղդ ասա` գանք:

– Դուն պիտի մենակ ըլլաս, այդ պայմանով կհամաձայնվեմ:

– Որ այդպես է, ես էլ պայման ունեմ` պետք է երկուսով լինեք:

– Տիկինը քնել կուզե. գլուխն արևեն կցավի:

– Երեխաներին էլ, կբերեմ: Առիթ է` թող տեսնի:

– Աղեկ, եթե կպնդես: Երևանի մեջ բաց սրճարան, կամ վայր մը ըսե, մեկ ժամեն կուգանք:

– Հարմար չէ:

– Դուն առաջարկե:

– Արզնիի մեծ կամրջի վրա լա՞վ է` գյուղի կողմից:

– Ի՞նչ կխոսիս: Աս ժամին միտք չունի ամայի տեղ տեսնվիլը:

– Չեմ ուզում մյուսներն իմանան:

– Ինչպե՞ս մնացյալներուն պիտի բացատրիս կեսգիշերին փոքրիկները քունեն հանելը:

– Մեր տանն են:

– Ես նորեն կզանգեմ: Խորհիմ քիչ մը, տիկինին համաձայնությունն առնեմ:

– Սպասում եմ:

Չդրած` աներձագը վրա պրծավ.

– Ինչ էլ հանգիստ էիր խոսում: Ափսոս, հորքուրը հետներս է: Տիկինեն թույլտվություն պիտի առնի… Տիրոջդ լավը տնկեմ:

– Հո չէի՞ խրտնեցնելու:

– Զոռեիր, հասցեն ասեր:

– Կզգուշանար, շատ շեշտեի:

– Երեխաներին, ճի՞շտ, պիտի տանենք,- այրին էր:

– Չէ մի…- նինջը թոթափեց Անտարբերը:

– Նրանց բերելու միտքը պահի տակ եկավ, բայց վատ խայծ չէ, կարող է կուլ տան: Եթե զանգեց,- Պանդուխտը շրջվեց Այրու կողմը,- կասեմ` քեզ հետս եմ վերցրել, որ պուճուրներին տեր լինես: Կհավատան: Պետք լինի, հեռախոսը կտամ, մի-երկու բերան հետները ստից խոսիր:

– Աման, զահլա չունեմ:

– Ձեզ էլ թվում է` խաբեցիք: Կամ որ եկան, ի՞նչ:

– Ո՞նց թե…- Միջնեկը խոսքի տակ չմնաց,- կամրջից երկուսին էլ կգցեմ: Դե թող իմանան` ով է արել:

– Քա տղա, ո՞ւմ` ճժերի՞ն:

– Էս միամիտ հորքուրն էլ…

– Խոսում ես, էլի…

– Չէիր ուզում, էն գլխից ասեիր:

– Զանգենք ախպորս,- հորաքույրը վեճը կանխելու մտադրություն ուներ:

– Տեսնենք ինչ են պատասխանում, նոր:

– Պահակից չհարցնե՞մ քիչ առաջ ներս մտած ավտոյի մասին,- չսպասելով համաձայնության` Միջնեկը գնաց պահատնակի ուղղությամբ, իսկ Պանդուխտը համար հավաքեց:

*          – Անոր զանգն է:

– Չվերցնես:

– Մոտիկցողը տղաներեն ո՞րն է: Միջնեկին կնմանի:

– Ինքն է:

– Գիտեն, որ հոս ենք: Մնալն իմաստ չունի: Բարձրանանք իրերը հավաքինք: Սենյակներուն վարձը մուծած եմ, այդ առումով խոչընդոտ չեմ տեսներ: Երթանք աղվոր, խաղաղ տեղ մը հանգրվանենք` Դիլիջանը, Ջերմուկը շատ կգովեն:

Զանգը, որ դադարել էր, վերստին հնչեց:

– Անջատիր, ինչների՞ս է պետք:

– Կամուրջի վրա կժամադրե` գյուղի կուշտը: Հետո կըսե` չեմ ուզեր իմանան: Ավանակի տեղ ինձի դրած է: Էմիրաթներու մեջ ադոր շատ օգնած եմ: Պիտի ստահակ մարդոց ձեռքը թողած ըլլայի, բիզնեսը տանուլ տար. անանք սխալ գործ բռնած էր…

– Տաքսի կանչե՞նք` գլխի չընկնեն,- բանալին հանձնելուց հետո, երբ հասան մեքենային, երկմտեց Կինը:

– Խելամիտ միջոց է, սակայն… Գործավորը կտեսնե՞ս, դարպասը չի գոցեր. մեր մեկնելուն կսպասե: Ճեպով դուրս կուգանք: BMW-ին VOLVO-ն անկարելի է հասնի: Ծանոթ իմ. իմ առաջին ինքնաշարժը VOLVO էր, ան ալ` նոր:

Այնուհետ դեպքերն ընթացան փութանակի: Տղամարդը լույսերը հանգցրած մոտեցավ ելքին, թեքվեց ձախ և, խախտելով կանոններն ու դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի` ընթացավ մայրաքաղաքի ուղղությամբ: Դիմացից մեքենա, բարեբախտաբար, չէր գալիս: Գավառի խաչմերուկում կամրջի վրա բաժանարար շերտն ընդհատվում էր: Հասցրեց փոքր ինչ շեղելով ուղղությունը` անցնել աջակողմ: Ետքից վառվող հեռահար լույսերը հուշում էին, որ VOLVO-ն ևս շարժվել է, սակայն, ժամեր շարունակ կանգնած լինելով, չի կարողանում արագություն հավաքել:

*   Հանկարծակիի եկած հանձնառուները ջանում էին ճողոպրած ներին տեսադաշտից բաց չթողնել: Ընթացքում Միջնեկը զանգեց հորը, մի քանի բառով պատմեց` ինչ եղել է և առաջարկեց ռադիոկայմից վերև, ուր Երևան մտնող ճանապարհը ճյուղ է տալիս, սպասել:

«Գերմանական բալի գույնի BMW է: Համարը չենք վերցրել: Ուշադիր կլինեք»,- պատվիրեց:

*          – Ավտոտեսուչները չընկնե՞ն ետևներիցս,- Կինը կուչուձիգ էր լինում տեղում:

– Որքան հասկցեր իմ, մութ եղած ատեն անոնք կխուսափեն կարգը հսկելուց: Արտասահմանյան մակնիշի ինքնաշարժերը մինչևիսկ ցերեկը չեն կանգնեցներ, եթե ստահակները վաղօրոք կաշառած չլինեն:

– Նրանք փող տա՞ն. հավատալս չի գալիս:

Պետավտոտեսչության առաջին կետն անարգել անցան, հաջորդը Մհուբի մոտ էր: Տղամարդը վճռեց Երևան չհասած` թեքվել ձախ և դուրս գալ Ջրվեժ. դեռ նախորդ այցին` Գեղարդ գնալիս էին նրան նորաբաց ճամփով տարել: VOLVO-ն չէր երևում, ու նա այդպես էլ վարվեց:

*      LADA-ում գտնվողները առժամանակ սպասելուց հետո հոր կարգադրությամբ ընդառաջ գնացին, երբ VOLVO-ից նոր զանգով տեղեկացրին, թե կորցրել են մեքենան:

Համոզված, որ BMW-ն մայրաքաղաք մտած չի լինի, մեկ-երկու ժամ հնարավոր ճամփաբաժաններում, Աբովյան քաղաքում նրանց որոնելուց հետո հետապնդողները հարկադրված էին սպասել լույսի բացվելուն, իսկ փախստականները, հասնելով Ջրվեժի անտառպուրակ, ճանապարհամերձ ծառերի տակ կանգնեցին` որոշելու հաջորդ օրվա անելիքը, բայց այնքան հոգնած էին, որ առանց վճիռ կայացնելու, թիկնակները պարզելով` քնեցին:

*          Արթնացան թռչունների հանգերգից: Թեթևակի ցրտել էր: Աստծո խաղաղ օրն առպահ մոռացնել տվեց հոգսը, գիշերվա ապրումները:

– Դեռ կանուխ է: Երթանք Արարատը նայինք: Դիմացի բլուրեն պիտի որ երևա: Չարենցի կամարին մոտերքը, կարծեմ, կգտընվինք:

Եթե կնոջը մնար, կգերադասեր ժամ առաջ ապահով անկյուն գտնել, բայց դեմ գնալ կյանքը տակնիվեր փոխած սիրասուն մարդուն անկարող էր:

Արահետը բռնած գնացին: Տեղ-տեղ թաց էր, առուներ էին խոխոջում: Ինչպես հետո պարզվեց, վերևում բավական մեծ ավազան կար, ուր մղված ջրով էին ոռոգում անտառակը:

Բլրակից բացված տեսարանը խիստ ակնահաճո էր: Մեծ Մասսի գագաթը, վիհի աջակողմը ողողված էին լույսով: Ապա շողքերն առան Փոքրին, հասան թամբին, աչքի համար աննկատ շարունակեցին իջվարել: Օդը հստակ էր, սառնությունը պահած, հայացքով ընդգրկածը` գրեթե ինչպես ափում:

– Հրաշք է: Նայելով չեմ հագենար: Նախաստեղծ գրավչություն մը կա անգամ ցածի անմշակ բլուրներուն մեջ: Օվկիանոսի սառած կոհակներու կնմանին: Տուն մը գնելու եմ Երևանի մեջ, հեռուստաաշտարակի կողմերը: Ուզած ատեններս կուգանք, կկենանք, կարոտներս կառնենք մեր հինավուրց հողեն, պաղպաջուն ջուրեն, ջինջ երկինքեն, սրբազան Լեռեն:

– Իսկ մշտապես ապրելո՞ւ:

– Ինչո՞ւ ոչ. հնարավոր է: Շահույթ բերող գործ մը դնեմ, մանչերդ դատարանով քովերնիս բերենք, մերն ալ, թե Աստված հաջողի, կունենանք: Թող ջոջնան, ուսում առնեն, ազգովին շատնանք:

Արարատյան աշխարհի վեհությամբ արբեցող և անրջանքին տրված սիրատածիկ զույգին սթափեցրեց աղմուկը, որ մայրուղու կողմից էր: Շրջվեցին: Նախրապահը ճանապարհն ազատելու նպատակով տավարի ընթացքը ջանում էր ուղղել արոտավայրի կողմը: Առջևից, ետքից մեկական մեքենա ազդանշան էին տալիս, սակայն արդյունքն աննշան էր:

– Կարմիրը նրանց ավտոն է,- կինն ակամա պպզեց:- Նստիր` չտեսնեն:

*          Բլրի վրա եղողներին` չէ, սակայն LADA-ի ուղևորները նկատեցին սոճիների տակ կանգնած BMW-ն:

– Գտել ենք,- ոգևորությունից քենը թողած` Չբերը զանգեց ամուսնուն:

– Ասա թող գան Ջրվեժի դաչեքը` չհասած Ողջաբերդ,- հանձնարարություն ստացավ և որդին:- Տես` մե՞ջն են:

*          Բարձունքից մեքենան չէր երևում, բայց պարզ էր, թե կրտսերը դեպի ուր ուղղվեց:

– Դռները գոցած եմ:

– Մեքենային վնաս կտան:

– Անշունչ առարկայի հետ ի՞նչ գործ ունին: Դուն հոս մնա, ես իջնեմ:

– Ավելի լավ է` փախչենք. դրանք հոգի չունեն: Հրեն, հերն էլ ելավ: Քավո՞րն ինչ գործ ունի, եկել է:

– Կին ալ կա իրենց հետ:

– Զանգենք հայրիկիս, թող հետը մարդ բերի: Համազգեստա վոր տեսնելիս դրանց նմանները կատու են դառնում:

– Անտես մըներ` գալու համար ինչ զարտուղի քայլերու դիմած ենք:

– Հետո փող կտանք, չեն խորանա:

– Հեռախոսն ինքնաշարժի մեջ թողած եմ, զուր տեղ ջուր չծեծենք:

Նախիրը լանջն ի վեր հեռացավ, ընթացքում կուտակված փոխադրամիջոցները գնացին, իսկ LADA-ն ճամփեզր հանած հետապնդողներն սպասեցին, մինչև ժամանած VOLVO-ից իջան փեսան, որդիները: Այրուն կարգադրեցին առայժմ երեխաների հետ դուրս չգալ:

– Ինչո՞ւ շուտ չգնացինք,- Կինը լաց եղավ:

– Անպայման չէ վատ մտածես: Ինձ այնպես կթվի, իրենց նպատակը քեզ տուն տանելն է:

– Չեմ ուզում: Եթե կախեն էլ, չեմ ուզում:

– Ինձի լսե: Որպես տղամարդ, այլևս անպատիվ է թաքչելս: Ուրիշ խնդիր ևս կա` ամբողջ գումարը, փաստաթղթերը հոն թողած ենք: Եթե բացեն, ի՞նչ կըլլա վիճակներս. կձախողվի մեր ետ գնալը: Դուն ականջդ ձայնի սպասե: Թե խոսք չհասկցան ու սկսեցին փնտրել, այն հեռվի մեկուսի շինությունը կտեսնե՞ս, հոն աճապարե: Ես ուրիշ ճամփով` վրիժակները մոլորեցնելուց ետքը կուգամ:

– Կարծում ես կստացվի՞, կկարողանա՞ս:

– Անպատճառ կհաջողիմ:

*          Տղամարդու բարևին ոչ ոք չպատասխանեց: Խոժոռ հայացքները խոսուն էին:

– Հարսն ո՞ւր է,- հայրն էր:- Ինչո՞ւ ես մենակ:

– Եթե բան ունիք, ինձ ըսեք, կշտամբեք: Ան մեղք չունի, ես գայթակղած եմ:

– Տեղն ասա, անասուն,- Վրիժառուն առաջ մղվեց:

Տղամարդը թեթևակի ընկրկեց.

– Ձեր տարիքը կհարգեմ…

– Թե չէ…

– Հայը հայուն չպիտի անարգե:

– Հլա դո՞ւ ես հայությունից խոսում, շան որդի: Գաս, մեր հացը կիսես, հետո օջախի պատիվը գետնով տա՞ս: Հիմա կսատկացնեմ…- նա ձեռքը բարձրացրեց, որ խփի, բայց տիրապետեց իրեն:

– Հարվածեք, միայն թե մի նսեմացուցեք անձս:

– Դու մարդ ե՞ս, որ վիրավորվելուց ես խոսում: Կտկլոզցնեմ, կապել կտամ ծառից… Ուրիշի կնկան բերել է չոլի մեջ…- նա բառ էր փնտրում,- սիլո-բիլոյի: Թյու,- ատելությունն ի մի բերած` Վրիժառուն գունդ թքեց մեքենայի ուղղությամբ:- Սիդելնիկներն էլ բացել են… Հարսին գտեք,- զրույցին չմիջամտող հարազատնե րին հասցեագրելով խոսքը` ընտանիքի գլուխը, սկսված շնչարգելանքից նեղված, լռեց:

– Հանդարտվեք, թողեք երևույթը ես ալ իմ կողմե մեկնեմ:

– Խոսի,- հոր դադարից օգտվեց Միջնեկը,- բայց` հայերեն:

– Դուք տարիներ առաջ զայն բռնությամբ ձեր տուն պահած եք:

– Քե՞զ ինչ:

– Հիմա նույնի՞ն կձգտեք:

– Հա°:

– Ան իր ամուսինը չի կամենար:

– Ոչինչ:

– Անոր կյանքը դժոխք եղած էր: Մեղքի մեջ կթաթախվեք: Տարիներ առաջվա պատահարը բավական չէ՞ր ձեզի, նոր զոհի կարի՞ք ունեք:

Վերջին միտքը բորբոքեց կրքերը. աղմկել սկսեց մինչևիսկ Դրկիցը, ով մինչ այդ իրեն չէր դրսևորել: Անտարբերը վրա-վրա ծխում էր:

– Կտրեք ախպար շան լեզուն,- հրահանգեց հայրը` վրա բերելով ձեռնափայտը:

Տղամարդը խուսանավեց: Դագանակը դիպավ ավտոյին: Չարության օղակը սեղմվեց: Դիմադարձեց Կրտսերի հարվածը, ապա անսպասելի շրջվելով` բռնեց կողքից մոտեցող կնքաքավորի դաստակը և, ինչպես շատ անգամ ախոյանների հետ էր վարվել գորգին ըմբշամարտելիս, ուժգին ձգեց: Սա հավասարակշռությունը կորցրած` ընկավ: Աջից ուղին ազատ էր, և հնարավոր դարձավ դիրք գրավել սոճուտում: Չբերը քար շպրտեց: Հասցրեց անցնել ծառաբնի թիկունքը, բայց երբ տեսավ մի քանիսի ձեռքին հայտնված մետաղաձողերը, որ կռանալով գետնից վերցրին, հասկացավ նախապատրաստված լինելն ու դրության լրջությունը, առաջին իսկ մոտեցածին գետին տապալելով` փախուստի դիմեց: Խումբն ընկավ ետքից:

Վազում էր, երբեմնակի շրջվում` տեսնի. շատ չե՞ն մոտեցել: Նման դեպքերում առաջինը նախահարձակ լինելով` ստիպում էր ընկրկել և վերստին միջոց գտնում հեռանալու: Հարվածներ էլ ստացավ` ոչ ուժգին: Ուռիներով բոլորված լճակի մոտ մեկը կարթերը կախել, սպասում էր` մի ձեռքին լոլիկ, մյուսում` բրդուճ: Կտրած բերանով էթիլենե շշում ձկնիկներ էին լող տալիս: Անակնկալի բերելով` սուրաց մոտով: Պատվարը բարձր էր, թռչելը` վտանգավոր: Շրջանցեց, խորացավ նշենիների խիտ թփուտում և, հարմար տեղ ընտրելով, ազատ շունչ քաշեց, հետո շենքի ուղղությունը մոտավորապես բռնած` արահետներով, վարդանոց, ծառուտ ու մացառուտ հաղթահարելով` գնաց: Լավ է` «Հարսնաքարում» զգեստափոխվել էր, ոտքերին մարզակոշիկ ներն էին:

Միայնակ տունը մեկ այլ բլրակի վրա էր: Շուրջը ծառեր չկային: Ասֆալտուղու մի ճյուղավորումը, մակերեսը որի չօգտագոր ծելուց տեղ-տեղ քայքայվել էր, զիջել սիզախոտին, արմատները լայնքով երկարած կանադական բարդու բուսակներին, հասնում էր բակ: Ցամաք, քայքայված պատերով ջրավազանը, մասամբ ավեր կտուրը, կրնկահան դուռը, պատուհանների մեծ մասի անապակի շրջանակները կառույցի` վաղուց լքված լինելու վկայություն էին:

Կինն այնտեղ էր: Փաթաթվեց, պոկ չէր գալիս:

– Այս ինչ արի, ինչ արի,- վրա-վրա կրկնում էր:- Ինչո՞ւ եկանք,- հետո տեսավ` ողջ-առողջ է, վերադարձավ իրականություն, հավաքվեց:- Գնացի՞ն:

– Չեմ կարծեր: Ցածը լճակ մը կա, հոն աչքերեն կտրվեցա:

– Բա ավտո՞ն:

– Մնաց հոն` ուր լքած ենք: Դուն ինչպե՞ս եկար, տեսնող չի՞ եղեր:

– Ջրվորներից մեկը:

– Ես դիտմամբ ձայն չտվի, որպեսզի ուր ըլլալդ չմատնեմ:

– Գոռգոռոցը հասնում էր: Մեքենան վնասե՞լ են:

– Մահակի զարկ մը առավ: Այդ` ոչինչ, եթե հետո ձողերով չջարդեն: Վնասը տերերին կհատուցեմ, մի մտատանջվեր: Մանչերուն ալ ապիկարները բերած էին:

– Ուրեմն` չի՞ թվացել. ես վերևում լացի ձայն լսեցի:

– Կռիվեն հեռու մեքենայի մեջ կեցած էին: Տարեց կին մը կար, անիկա կզսպեր. ելնել, պատուհանեն գլուխները հանել չէր թողներ:

– Ո՞վ կլինի:

– Չեմ ճանչնար,- Տղամարդը հայացքը դրսից չէր կտրում:- Տեսնենք սա տունին ապահովությունը:

Շրջեցին, բարձրացան երկրորդ հարկ: Սենյակների, սանհանգույցների առատությունը հուշում էր, որ ժամանակին առողջարան, կամ փոքրիկ հյուրանոց է եղել: Որոշները դուռ չունեին, հատակի մանրատախտակը, տեղ-տեղ անգամ հախճասալերն էին տարել: Հին ու նոր աղտեղանք կար, պատերին` գռեհ խզբզանքներ, անկյուններից մեկում` ծղոտը դուրս տված ներքնակ, խարույկի հետք. հավանաբար թափառականներին այն մինչևիսկ ձմեռն էր ժամանակավոր հանգրվան ծառայել:

Տղամարդը թուջե մի քանի անպիտո մարտկոցով, որ դեսուդեն թափած էին, ամրացրեց երկրորդ հարկի մուտքադուռը:

– Առայժմ հոս կմնանք: Կտեսնեն խուփ է, չեն մտներ, եթե, բան է, երևացին:

Զբաղմունք չկար, նստել հնարավոր չէր: Կինը մեկիկ-մեկիկ պոկոտեց Տղամարդու հագուստին կպած փշերը, խոտի շյուղերը, ընթացքում հուզվելով` սկսեց գգվել, փայփայել:

– Ինձ ներո՞ւմ ես:

– Ինչո՞ւ կըսես: Դուն պիտի ներես սա արտաքնոցը բերելուն համար:

– Քո հանգիստ, խաղաղ կյանքը խռովեցի:

– Հոգիս, դուն իմ գոյությանս իմաստ հաղորդած ես: Ես սիրո քաղցրությունը, ընտանիքի ջերմությունը, նմանապես անձիս կարևորությունն զգացած եմ:

*          Հետքը կորցնելուց հետո հետամտողները ի մի եկան լճակի մոտ: Հարցումը ձկնորսին` ոչինչ չտվեց, խմբով փնտրելն իմաստ չուներ, բաժանված, ոչ ոք մտքում իսկ չէր խոստովանում, երկյուղում էին:

– Ետ դառնանք:

– Աներոջս ձեռից կոթոց կուտենք:

– Գնանք` կերևա:

Վրիժառուն մեքենային կռթնած` սպասում էր, դուստրը նյարդային` եղունգներն էր կրծոտելով գնում-գալիս, երկվորյակները ծառերի տակ հորաքրոջ հսկողությամբ պահմտոցի էին խաղում, Անտարբերը մի քարի նստել, լռում էր:

– Փախա՞վ:

Խուսափուկ հայացքները պատասխանից խոսուն էին:

– Ես ժամանակին այգու շինարարությանը, ծառատունկին մասնակցել եմ. բոլոր ծակուծուկերը գիտեմ: Պտտվենք` դաչեքի կողմից մուտք կա: Հարսը հետն է, ո՞ւր պիտի ծլկեն:

– Համոզվա՞ծ ես,- Անտարբերն էր:

– Պարզ չէ՞,- Չբերը մատնացույց արեց ետնահարթակի ձեռնապայուսակը:- Ու՞մը կլինի:

– Փշրե՞մ ապակիները,- Կրտսերը բարձրացրեց ամրանը:

– Գործ չունես, պատմության մեջ կընկնենք,- քիչ թե շատ սառը դատողը Պանդուխտն էր:

– Բա որ մեր գնալուց հետո գա՞ն:

– Ակներն իջեցնեմ,- Դրկիցն անցավ մասնագիտությանը:

Դողերից ֆշշոցով դուրս մղվել սկսեց օդը: Երկվորյակները խաղը թողել, զարմանքով հետևում էին մեծերի տմարդի արարքին: Չբերը քաշեց թևքերից.

– Շարժվեք:

Նրանք պատուհաններից տեսնում էին միջպուրակային ճանապարհներով դանդաղ վերուվարող մեքենաները. երբեմն-եր բեմն կորչում էին տեսածիրից, հայտնվում, այնուհետ ուղղություն վերցրին մեկուսի տան կողմը:

– Այստեղ են գալիս,- Կինը տագնապեց:

– Մի երկյուղեր` քովդ եմ:

*          Կանգնեցին, տղամարդկանցից երկուսը պտտվեցին շուրջը, մյուսները մտան: Կանայք, երկվորյակները, Անտարբերը` նույնպես, մնացին մեքենաներում: Ներս գնացածները երկրորդ հարկի դուռը գոց գտնելով` փորձեցին հրել _ չբացվեց: Բախեցին – արձագանքող չեղավ: Իջան:

– Հը՞,- հարցրեց հայրը:

– Վերևինը փակ է,- Պանդուխտը թաշկինակը բերանին տարավ:- Սիրտս գոզահոտից խառնեց: Ջրվորը ճիշտ էր` բաց-բրախ անտերանոց է, ոտաց ճամփա. չի մտնի:

– Աշխատողը չգիտի, որ մենակ չէ: Հագուկապն ի՞նչ…

Վերևում մթնոլորտն այլ էր` լուռ: Տղամարդը նոր մարտկոցներ գտավ, ավելացրեց կիտուկին: Անաղմուկ էր գործում. մարզակոշիկները նման հնարավորություն տալիս էին, դաստակներում ուժը բավարար էր:

– Այնտեղ են,- Չբերն ընդոստ ելավ մեքենայից:

– Ի՞նչ իմացար, ո՞նց,- այսուայն կողմից հարցրին:

– Տեսնո՞ւմ եք արևից լուսավորված պատը. շարժվող ստվեր երևաց: Հորս արև…- անթաքույց ուրախ` երդվեց,- ճիշտ եմ ասում:

– Բռնվեցի՞ք,- բղավեց Միջնեկը,- ելեք:

– Հրես մազերդ խուզելու ենք: Կնկա պես փախար, գիտեիր` պը՞րծ…- Կրտսերը քար շպրտեց:

– Արա, ադիկալոնի հոտը հավես ա՞,- Դրացին նյութ գտավ խոսելու և, կատակից գոհ, հռհռաց:

– Խելքն առե՞լ են…- գլուխը մեքենայից հանեց Այրին:

– Թե չէ` ուներ, պաղած տոլմեն…- սրտմտանքը չթաքցրեց Չբերը:

– Ոչ մի կողմից չեն կարող, չէ՞, իջնել,- Վրիժառուն գործողու թյունների ծրագիր էր մտմտում:

– Հեչի պես հինգ մետր կա,- աչքաչափով գետնից լուսամուտ ներն ընկած տարածությունը որոշեց քավորը:- Ջարդուխուրդ կլինեն:

– Ո՜ւր էր,- երանությունից ելևէջեց տալի ձայնը:

– Երկաթները հետներդ բերեք,- հայրն առաջացավ:- Ապահովու թյան համար մեկը թող մնա: Դու,- Պանդուխտին կարգադրեց:- Ավտոյում կխաշվեք, դռները լրիվ բաց պահեք,- վերջին դիտողությունն ավագ որդուն, քրոջն էր հասցեագրված:

Կաղնեփայտե դուռը ճնշմանը դիմացավ. ձողերը ծռվեցին:

– Խելոք դուրս եկեք, քանի շուտ է: Լսո՞ւմ եք…

Ներսում լռում էին:

Երկու եղբայր ուսերը միաժամանակ դեմ արին: Ժամանակին կիտած լրացուցիչ մարտկոցները` ահռելի քաշով, հուսալի հենարան էին: Կատաղությունից Կրտսերը ծռված ամրանով քանիցս հարվածեց դռանը.

– Բոզի տղա, բաց:

– Մի գոռա,- միայն նրանց լսելի` նկատողություն արեց հայրը,- գլխներիս ժողովուրդ չհավաքվի:

– Վառենք` իրենց էլ հետը,- երկյուղ պատճառելու համա՞ր, թե լուրջ, առաջարկեց Միջնեկը:- Բենզին բերե՞մ:

Ցածից ձայն հասավ.

– Աղջի, երեխեքիդ մեղք արի, մարդ էդքան անսիրտ չի լինի: Ճժեր, ձեն տվեք ձեր մորը:

– Մա՜մ…- լացակումեցին երկվորյակները,- արի:

– Բարձր,- ոգևորվեց Այրին,- ավելի բարձր:

Ազդեց, աղեկտուր կանչը վայրկենաբար ազդեց. Կնոջ գլուխը շրջանակվեց պատուհանի բացվածքում: Լալիս էր, անձկանքով վերևից ներքև մտովի գուրգուրում զավակներին:

– Քարը փեշիցդ թափի, իջի: Էս` մարդդ, էս` էրեխեքդ:

– Որ սպանեք, չեմ գա:

– Բրախի ախպարին,- Այրին անկեղծ էր:

– Կգցվեմ` չեմ գա:

– Սև անատակին գցվես, պրծնենք, անամոթ, դուրս ընկած,- Չբերը, որ որոշել էր հետը լեզու չթրջել, չդիմացավ:- Հազիվ գրողիծոցվել էիր, ո՞ւր եկար:

Ժխորի վրա մնացյալը բակ իջան: Քիչ խորքում կանգնած Տղամարդը չէր միջամտում կանանց, Անտարբերը մեքենայից դուրս չէր գալիս:

– Ութ տարի թունավորեցիր կյանքս, հագենալ չունե՞ս:

– Կեղտոտին տես. ընտանիքի տեր արի… Էդ էլ իմ լավությու նը:

Կինը սուր պատասխան էր որոնում, չգտավ: Օգնություն հայցող հայացքը հառեց երեխաներին:

– Դռները փակիր, չեմ ուզում լսեն:

Ամուսինը, որքան էլ տարօրինակ է, ենթարկվեց:

– Նրանց մասին մտածող էիր, պատահականի տակ չպառկեիր:

– Պատահականն ինձնից լավ գիտես` ով է: Իմ կյանքն էլ խորտակեցիր, նրանն էլ:

– Չէիր ուզում, չմնայիր, չորացած, փոստի թանաքաման:

– Քո հասցեն ես տալիս:

– Չափդ ճանաչիր,- ակնարկից վրդով` կարգի հրավիրեց Պանդուխտը:

– Ո՞չ մեկդ խիղճ չունեք,- Կինն անզորությունից հեծկլտաց,- անգութ-անաստվածներ…

Տղամարդը թիկունքից գրկեց նրա ցնցվող ուսերը.

– Արժանի չեն քո արցունքին, մի լար:

– Ձեռդ վերցրու,- խանդեց Կրտսերը:- Քածիկ-մածիկ ես լինում, ի՞նչ: Տղա ես, իջի:

– Համբերե, կուգամ:

– Շուտ արա, ծնողաերիշ:

– Բերանդ կիներուն քով մի շաղե… Ձեզի բանականություն, լեզու տրված են, որպեսզի մարդու նման խոսեք, ձեր մտադրությունը բաց արտահայտեք:

– Էլ ո՞նց դդումդ կոխենք, այ բութ: Ուզում ենք փասա-փուսեդ հավաքես, սիկտիրվես Հայաստանից, իսկ հարսը կմնա:

– Քեզի կըսեմ` բերանդ ծեփե: Եթե այդչափ արժանապատ վություն ունիք, ան ձեր պատիվը գետնով տված է, ինչպե՞ս նորեն անոր ձեր տանը տեսնել կկամենաք: Վերջապես, միջնադար չենք մտեր, քսանմեկին մեջն ենք:

– Հլա էս բոզի տղու խոսելուն տես,- վերջնեկը կռացավ, սկսեց քար փնտրել:

– Խնդրում եմ, մոտ արի,- Կինը, որ ուշքի էր եկել, Անտարբերին ձեռքով արեց:

Ամուսինն իջավ մեքենայից:

– Այսքանից հետո համատեղ կյանք հնարավո՞ր է: Ասա` թող լսեն:

Նա ժխտաբար տարուբերեց գլուխը:

– Ինձ` չէ, իրեն մեղքացեք. ձեր հարազատն է:

– Փալասին խոսք չի հասնում,- քույրը չարակնած` հայացքով շամփրեց եղբորը:- Հերս է որոշողը:

– Հա՞: Դե որ այդպես է, ամեն բան կասեմ, թող իմանա: Լռել եմ, բայց էլ բավական է: Բոլորը` ում տեսնում ես,- հայացքն ընտանիքի երեց զավակին ուղղեց,- վրաս աչք ունեին: Հերիք է մենակ լինեի, վրա էին տալիս… Քո խեղճությունը` եռանդ, իմ լռությու նը` համարձակություն էր տվել լկտիներին: Հիմա էլ, հավատա, նախանձում, եփ են գալիս` չկարծես քեզ համար… Մտքներում ես եմ, իմ մարմինն է… Ի¯նչ գերդաստանի պատիվ, բարոյակա նություն… Սուտ խոսքեր են: Թողնես` բաժակաճառ ասեն… Անգամ քավորը, որ անունը գրել չգիտի, ողորմելին, գիտես գալիս էր թուղթ խաղալո՞ւ: Մրոտը… Շարունակե՞մ, պատմե՞մ հերդ ոնց էր գոմում բուղի պես ընկել ետևիցս…

– Ձենդ, պոռնիկի ծնունդ,- ընտանիքի գլխավորը ձեռքը գրպանը տարավ:

– Պիտի ասես` հորինում եմ, հա՞: Իսկ կի՞նդ ինչու ինքնասպան եղավ… Թե՞ չգիտեմ: Երկտողն իմ աչքով եմ կարդացել: Ինքն էր թողել տղայիդ գրպանում` հետո նա ինձ ցույց տվեց: Կարծում էիր` չի՞ բացվելու:

Վրիժառուի ձեռքին զենք հայտնվեց: Բոլորն անակնկալի եկան: Տղամարդը սահմռկած` քաշեց Կնոջ թևքից, սակայն դիմադրու թյան հանդիպեց: Անտարբերն առաջացավ.

– Տուր ինձ:

Հայրը տարակուսանքով նայեց ավագ որդուն:

– Ես կսպանեմ,- և ձեռքից վերցրեց ատրճանակը:

– Կրակիր,- պատուհանի եզրաքարերից բռնված` չէր հեռանում կինը:- Խոստացել էի լռել, բայց դրանք իրար արժանի են: Եթե գրածը պահել ես, մյուսներին էլ տուր կարդան: Թող գյուղն իմանա հեր ու աղջիկ ինչ են անելիս եղել, ինչպես է տեսել մայրդ: Կուսությունս էլ, ասա, որ դու չես առել: Քույրդ է իմ հիվանդ, վրաս ուշք չեղած ժամանակ մատով պատռել: Վիժվածքը… Դու ամոթից խեղդված` քո վրա վերցրիր… Հիմա հանգիստ եմ` վերջապես ասացի: Դե, կրակիր: Պատժելու իրավունք մի բանի համար ունես` գաղտնիքը բացելու,- նա ուժասպառ` հենվեց Տղամարդուն:

– Սատկացրու խելագարին, երկարամազ շանն էլ…

– Քեզնից, աղջկանիցդ լավ շո՞ւն, արյունռուշտ գազան…

– Շանսատակ արա, շուտ, թե չէ…- Վրիժառուն գցվեց` խլելու զենքը:

Անտարբերն անսպասելի` փողն ուղղեց հարազատների կողմը.

– Չքվեք աչքիցս, ռադ եղեք: Նստեք ավտոներն ու ցնդեք: Արագ, հենց հիմա: Հորքուր, իջեցրու տղեքին,- սպասեց, մինչև կարգադրությունը կատարեց:- Շարժվեք, հայդե, օդն ազատեք…- իսկ որդիներին:- Եկեք մոտս: Տեսնո՞ւմ եք, հրեն ձեր մայրը: Հիմա կիջնի,- կնոջը:- Նրանց քեզ եմ հանձնում: Կտանես ձերոնց տուն, հետո` Ամերիկա: Թող չմնան. այստեղ օր չեն ունենա, կյանք չեն ունենա: Փոքր քրոջս էլ` հիմա օդանավակայանում է աշխատում, եթե հարմար գտնեք, վիզա ուղարկեք, կգա: Նեղություն չի տա, չվախենաք, բեռ չի դառնա: Էնքան որ ոտքը դժոխքից դուրս դնի,- ապա կռացավ, համբուրեց զավակներին և զենքը ձեռքին մտավ անտառ:

 

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031