Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտ Մազմանյան. հակառակորդը մի քանի անգամ փորձել է հետ գալ դիակները տանելու, սակայն կրկին կորուստներ է կրել

Օգոստոս 10,2017 11:25

Լավագույն դիրքապահները

 «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսևորած զինծառայողներին: Դիրքապահ զինծառայողների հետ հանդիպել է Հրայր Փաշայանը, ով թղթին է հանձնել տղաների մասին պատմությունները։

Ծրագիրն իրականացվում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության կողմից, ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Պաշտպանության բանակի գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինծառայողներն ունեն որոշակի մարտական փորձ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դիրքապահի իրենց պարտականությունների կատարման ընթացքում նրանք գործնականում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցրին փայլուն ձևով: Դա 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերն էր:

 «Գիտակցաբար և նվիրված ծառայությունը հաջողության գրավականն է»

 Ծառայության անցնելով Պաշտպանության բանակի գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասում՝ շարքային Աշոտ Մազմանյանը գիտակցաբար ձգտել է հաղթահարել նոր միջավայրի ստեղծած բոլոր դժվարությունները: Կարճ ժամանակում հարմարվելով զինծառայությանը` Աշոտն ամենայն պատասխանատվությամբ է կատարել վերադաս հրամանատարության կողմից տրված ցուցումները՝ ցանկացած առաջադրանք կատարելով նվիրումով ու բարեխղճությամբ:

Աշոտ Արթուրի Մազմանյանը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: 8-րդ դասարանն ավարտելուց հետո երեք տարի հայրենի քաղաքի պետական պոլիտեխնիկական քոլեջում սովորել է ոսկերչի մասնագիտություն, այնուհետև ուսումը շարունակել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում: Ուսման առաջին կիսամյակի ավարտից հետո զորակոչվել է զինվորական ծառայության` իր պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ:

Դիրքերում տարվող մարտական հերթապահությունը բարձր մակարդակով կատարելու համար, բացի մասնագիտական պատրաստությունից, նա կարևորեց զինծառայողների մարտական ոգին, առանց որի հնարավոր չէ պահել հայրենիքի սահմանները: «Պետք է սիրել հայրենիքը, արժևորել մեր նախնիների կատարածը և գիտակցաբար նվիրվել սեփական պարտականությունների իրականացմանը: Մենք մի այնպիսի տարածաշրջանում և այնպիսի հարևանների շրջապատում ենք ապրում, որ իրավունք չունենք անզգուշություն դրսևորելու: Այս երկրի սահմանները գծվել են մեր հերոս տղաների թափած արյամբ, ուստի` պարզապես իրավունք չունենք թուլանալու: Ամուր պահելով մեզ վստահված դիրքը՝ մենք ամրապնդում ենք մեր ընտանիքի, հարազատների ու բարեկամների, մեր երկրի անվտանգությունը: Կարծում եմ՝ այս պարզ ճշմարտությունը պետք է գիտակցի յուրաքանչյուր զինծառայող և ըստ այդմ կատարի իր առաքելությունը: Միայն այսպես կարող ենք մեր արժանի տեղն ունենալ արևի տակ»,- մեզ հետ զրույցում ասաց շարքային Ա. Մազմանյանը:

2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի ժամանակ Աշոտը նույնպես դիրքերում էր: Հենակետի պատասխանատու, լեյտենանտ Արմեն Գրիգորյանի կողմից առաջադրված մարտական առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելով` դիպուկահար, շարքային Աշոտ Մազմանյանն աչքի է ընկել իր խիզախությամբ ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ: Գիտակցաբար, վստահորեն և առանց խուճապի մատնվելու կատարելով հրամանատարի ցուցումները, նա կարողացել է պատվով կատարել հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը` ցուցաբերելով հայրենիքի հանդեպ նվիրվածությունն և ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները գործնականում կիրառելու հմտություն: Իսկ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման անփառունակ փորձի մասին պատմեց հետևյալը. «Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի հավաստանշումից հետո լեյտենանտ Արմեն Գրիգորյանի հետ բարձրացանք վերև և մարտական դիրքի աջ հատվածում կրակային դիրքեր զբաղեցնելով՝ սպասեցինք նրա հրամաններին: Որոշ ժամանակ անց, երբ հակառակորդը հայտնվել էր ուղիղ նշանառության տակ և կրակելու համար նպաստավոր պայմաններ էին ստեղծվել, հրամանատարի հրամանով սկսեցինք ակտիվ կրակ վարել: Իմ և գնդացրորդի կողմից արձակված առաջին կրակահերթից հետո նկատեցինք, որ հակառակորդի զինվորներից երկուսն ընկան:

Դրանից հետո հակառակորդը մի քանի անգամ փորձել է հետ գալ դիակները տանելու, սակայն կրկին կորուստներ է կրել` մարտադաշտում թողել 5 ասկյարների դիակներ ու ճողոպրել»,- դեպքի մասին հակիրճ պատմեց շարքային Աշոտ Մազմանյանը` շեշտելով, որ դիրքի տղաները մշտարթուն են ու զգոն՝ ցանկացած պահի կազմ ու պատրաստ պաշտպանվելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև անդառնալի հակահարված հասցնելու հակառակորդին:

Մեծ հնչեղություն ստացած այս հերոսական արարքը համեստորեն ներկայացնելով ընդամենը որպես «սեփական պարտականությունների կատարում»` շարքային Աշոտ Մազմանյանն ավելի է բարձրացնում իր և ծառայակից ընկերների սխրանքի իրական նշանակությունը:

«Հաջողության գրավականը` գիտակցաբար և նվիրված ծառայությունն է». սա  Աշոտի և նրա ընկերների՝ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում գործելու հիմնական նշանաբանն է, որին հետևելով առաջադիմություն կարող է գրանցել յուրաքանչյուր զինծառայող:

Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար Արցախի նախագահի կողմից շարքային Աշոտ Մազմանյանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով:

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031