Մարզպետի սպանված խորհրդականի մասին պատմում է կնոջ հորաքույրը
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով նախօրեին հարցաքննվել է սպանության մեջ մեղադրվող կնոջ՝ Ռուզաննա Մկրտչյանի հորաքույրը՝ Լիդա Մկրտչյանը: Նա Արմավիրի դպրոցի պատմության նախկին ուսուցչուհին է:
«Քննիչին ամեն ինչ ասված է, ես այլեւս չեմ ցանկանում խոսել այդ մասին, որովհետեւ ամեն անգամ մի հարցի պատասխանելով՝ հոգեկան ծանր տրավմա եմ տանում: Այդ տղան (նկատի ունի սպանված խորհրդականին-խմբ.) նեռն էր, որ երկրի երես էր իջել, նրան սատանան էր ուղարկել այս ժողովրդի համար, ամբողջ ժողովուրդը պրծավ նրանից, ափսոս, որ էս խեղճ, տանջված աղջկան (նկատի ունի խորհրդականի կնոջը- խմբ.) բան եղավ»,- «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում պատմեց Լիդա Մկրտչյանը:
Տիկին Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ մարզպետի սպանված խորհրդականի՝ Մանուկ Սիմոնյանի հայրն էլ ժամանակին ծեծելով սպանել է մորը, իսկ քեռիները վրեժ են լուծել, ի պատասխան` ասաց. «Այդպես են ասում, ես դրա մեջ նույնիսկ ճշմարտություն եմ տեսնում: Ես նրա փոքր եղբորը դաս եմ տվել, մայրը գալիս էր ծնողական ժողովի, ես զարմանում էի՝ այնքան խեղճ, կոռեկտ ու խելոք կին էր, որ ես զարմանում էի՝ ինչու է այսքան քաշված: Ես կարծում եմ, որ այդ տեղեկությունը ճիշտ է: Երբ նրա մայրը մահացավ, այդպես էին խոսում, որ ծեծելուց է մահացել, բայց դեպքը չհետաքննեցին` անցավ, գնաց: Բայց երբեք ծուխ չի լինում, եթե կրակը չկա»: Մանուկ Սիմոնյանի հորաքրոջ որդին՝ Սամվելը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Մանուկ Սիմոնյանի հորը վերագրվող արարքին՝ ասաց. «Չեմ տիրապետում նման տեղեկատվության, առաջին անգամ եմ լսում: Նրա մայրը մահացել է հիվանդությունից, չեմ հիշում»:
Լիդա Մկրտչյանի պատմելով՝ Ռուզաննա Մկրտչյանը փորձել է ամուսնալուծվել Մանուկ Սիմոնյանից, բայց. «Հետո նա եկել է, խաբել է, համոզել է, տարել է: Ես չեմ կարող ասել՝ ինչից էին ամեն օր վիճում, նա շիզոֆրենիկ է եղել, առանց պատճառի էլ էր վիճում: Մեր աղջիկը ամեն ինչ թաքցրել էր մեզանից՝ ասելով, թե հայրիկի անունը չխայտառակվի, հիմա հայրիկի անունն ավելի չխայտառակվե՞ց»: Հիշեցնենք, որ սպանության մեջ մեղադրվող Ռուզաննա Մկրտչյանի հայրը Արմավիրում հայտնի է որպես վաստակաշատ բժիշկ, նրա անունով է անվանակոչված Արմավիր բժշկական կենտրոնը:
Ռուզաննա Մկրտչյանի առողջական խնդիրներին անդրադառնալով՝ տիկին Լիդան ասաց՝ նա շաքարախտով է հիվանդ, ոտքերի տրոմբ ունի:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել էր հուլիսի 23-ից որպես անհետ կորած որոնվող, Արմավիրի մարզպետի խորհրդական, 1965թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը: Հուլիսի 27-ին ոստիկանությունը հայտարարեց, որ սպանությունը բացահայտվել է. ոստիկանության տվյալներով` Մ. Սիմոնյանին հուլիսի 22-ին սպանել է նրա կինը` Ռուզաննա Մկրտչյանը` կացնով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա գլխին, այնուհետեւ սավանով փաթաթել է, կապել եւ որդու հետ հուլիսի լույս 23-ի գիշերը հանգուցյալին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով դիակը տեղափոխել են նշված վայր եւ թողնելով այնտեղ՝ հեռացել: Հիշեցնենք, որ ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա հանցանքն ապացուցված չէ դատարանի վճռով:
ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
«Առավոտ»
10.07.2017