Հայկական երկրորդ հանրապետության ղեկավարները
պետք է հանդես գան որպես բանակցային սեղանի կողմ
«Եթե մենք մտնենք զենքի գնման մրցավազքի մեջ, դժվար թե կարողանանք ադրբեջանական նավթին հաղթել, ուստի սեփական ռազմարդյունաբերությունն ու տնտեսությունն է պետք զարգացնել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: Նա համոզված է. «Գիտական մրցավազքի մեջ պետք է լինենք, այդ մրցավազքում կարող ենք եւ պիտի հաղթենք: Այդ դեպքում կարող ենք Արցախի խնդիրը լուծել ի շահ Հայաստանի: Այլապես ստիպված ենք լինելու փոխզիջումների գնալ, ինչն ընդունելի չէ մեր հասարակության համար»: Պատգամավորի բնորոշմամբ՝ որոշակի տարածքների վերադարձի մասին խոսելիս առաջնահերթ պետք է Արցախի ժողովրդի անվտանգության հարցը դնել. «Մենք ունենք բացարձակ հայաթափված Նախիջեւան: Այս պարագայում պետք է հստակեցնենք, թե ում հետ գործ ունենք: Որեւէ փոխզիջման պարագայում վտանգում ենք Արցախի ժողովրդի կյանքը: Հետո թուլացնում ենք եղած հիմքերը, չէ՞ որ Արցախն ազատագրել ենք որպես պատմական հայկական հող՝ հայ բնակչությամբ եւ վերջինիս անվտանգությունն ապահովելու նպատակով: Արցախը չի սահմանափակվում ԼՂԻՄ սահմաններով»:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ նկատում է՝ անհրաժեշտ է, որպեսզի հայկական երկրորդ հանրապետության ղեկավարները հանդես գան որպես բանակցային սեղանի կողմ. «Հայաստանյան դիվանագիտությունը կշահի, եթե թեկուզ ուշացմամբ, բայց ճանաչի Արցախը՝ Սահմանադրությամբ եւ սահմաններով»: Քաղաքական գործիչը շեշտում է, որ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների քաղաքականությունն ակտիվ է. «Համանախագահներից հասցեական հայտարարություններ պահանջելը բավարար չէ: Ռազմական եւ դիվանագիտական առումներով այնքան համախմբված պետք է լինենք, որ համանախագահներից որեւէ բան խնդրելու կարիք չունենանք: Խնդրանքը խոսում է դիվանագիտական բացի մասին»:
Նշենք, որ փորձագիտական գնահատականներով՝ աշնանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից սպասվում է Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսմանն ուղղված նախաձեռնողականություն:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ