Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարի տեւեց էջադրող-դիզայների հայցի քննությունը

Օգոստոս 10,2017 14:30

Անցյալ տարվա օգոստոսի 12-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան դիմած Լուսինե Մնացականյանի գործով դատարանը հուլիսի 27-ին վճռի հրապարակման օր նշանակեց օգոստոսի 10-ը:

Մեկ տարի տեւած դատական գործընթացում պատասխանող էր ճանաչվել «Լիգա Փրես» ՍՊ ընկերությունը, որը դատարան չներկայացավ:Լուսինե Մնացականյանի ներկայացուցիչն էր փաստաբան Դավիթ Ասատրյանը:Հայցվոր կողմը պահանջում էր հաստատել աշխատանքային հարաբերությունների փաստը եւ բռնագանձել չվճարված աշխատավարձի գումարը:Դատարանին հայցվորը տեղեկացրել էր, որ 2016թ. փետրվարի 15-ին անցել է աշխատանքի «Լիգա Փրես» ՍՊ ընկերության ամսագրում՝ որպես էջադրող-դիզայներ, իրականացրել ամսագրի ընթացիկ համարի դիզայնը եւ էջադրումը:Նշենք, որ «Լիգա Փրես» ընկերությունը, որն ունի LUXURY անվանումը,  զբաղվում է ամսագրերի տպագրությամբ:

Ըստ Լ. Մնացականյանի՝ ինքը 2016թ. մարտի 8-12-ն ընկած ժամանակահատվածում հանձնել է ամսագիրը տպագրության: Հայցվորը ցանկացել է աշխատանքի ընդունվել օրինական հիմքով, սակայն ընկերությունը խոստացել է հարցը քննարկել երկու ամիս հետո: Աշխատավարձը կազմել է 100 000 ՀՀ դրամ:Լ. Մնացականյանն աշխատանքի դիմաց չի ստացել սահմանված աշխատավարձը, նրա հետ չի կնքվել օրենքով սահմանված աշխատանքային պայմանագիր:Հայցվորը դիմել է աշխատավարձը ստանալու համար, սակայն ընկերությունը հրաժարվել է վճարել նրան: Գրավոր է դիմել գործատուին, գործատուն հրաժարվել է ստանալ դիմումը:Ըստ փաստաբան-ներկայացուցչի՝ խախտվել է ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի «Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք» սկզբունքը. «Սահմանադրական սկզբունքի կարեւորությունից բխում է, որ աշխատանքը քաղաքացու սոցիալական եւ իրավական հնարավորությունն է, որպեսզի լիարժեքորեն ապահովի վերջինիս  բարվոք պայմաններում մասնակցությունը հասարակությունում:

Աշխատանքը կենսապահովման միջոց է, որը հնարավորություն է տալիս անձին ապահովել իրեն եւ իր ընտանիքին անհրաժեշտ միջոցներով»: Բացի այդ, ըստ Դ. Ասատրյանի. «Իրավական առումով աշխատանքը եւ դրանից ստացվող եկամուտն  անձի սեփականության իրավունքն է, որը ունի  կոնվենցիոն իմաստով անձնական կյանքի իրավունքի բաղադրիչ, այսինքն՝ անձի աշխատանքային հարաբերություններում իրավունքների խախտումը հանգեցնում է անձի անձնական կյանքի միջամտության, իսկ դրա կառուցակարգերի բացակայությամբ պետության ուսերի վրա են դրվում այդ միջամտության իրավական հետեւանքները»:Հայաստանն ունի միջազգային ստանձնած պարտավորություններ:Հայցվորի դիտարկմամբ՝ գործատուն խախտել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը, համաձայն որի՝ «յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի եւ նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք», իսկ «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի» 1-ին մասի 6-րդ ենթակետի համաձայն՝ «բոլոր աշխատողները եւ գործատուները ունեն համատեղ գործարքներ կնքելու իրավունք»:Իրավական կարգավորիչների մեջ հայցվոր դիզայները նշել էր նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասը:

Համաձայն օրենսգրքի. «Անօրինական աշխատանք կատարելու թույլտվություն տված եւ (կամ) աշխատանքի հարկադրող գործատուները կամ նրանց ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաեւ հատուցում են նման աշխատանք կատարողներին այդ աշխատանքի կատարման ընթացքում ոչ աշխատողի մեղքով պատճառված վնասները: Եթե դատական կարգով հաստատված է, որ աշխատողի եւ գործատուի միջեւ գոյություն ունեն (գոյություն են ունեցել) փաստացի աշխատանքային հարաբերություններ, ապա աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած այն օրվանից, երբ աշխատողը փաստացի անցել է աշխատանքի: Աշխատողը աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու նպատակով իրավունք ունի դիմելու դատարան փաստացի աշխատանքային հարաբերությունների գոյության ժամանակահատվածում, ինչպես նաեւ փաստացի աշխատանքային հարաբերությունները դադարելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Դատարանի օրինական վճռով գործատուի եւ աշխատողի միջեւ փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստի հաստատումը չի ազատում գործատուին օրենքով սահմանված պատասխանատվությունից»:Նկատենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝  գործարքի հասարակ գրավոր ձեւը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու դրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու իրավունքից:Փաստաբան-ներկայացուցչի կարծիքով՝ տվյալ դեպքում առկա է իրավունքի պաշտպանության խնդիր, եւ հարցի նկատմամբ չի կարող ձեւական մոտեցում դրսեւորվել: «ՀՀ օրենսդրության եւ ՀՀ միջազգային պարտավորությունների համադրված վերլուծությունը վկայում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում աշխատանքային պարտականությունների կատարման առկայության` հիմնավոր ապացույցներով փաստումը հիմք է առանց գրավոր աշխատանքային պայմանագրի կնքման իր աշխատանքային պարտականությունների կատարմանն անցած անձին իր իրավունքների, այդ թվում` համարժեք հատուցման պահանջի իրավունքի պաշտպանություն տրամադրելու համար:

Սույն իրավական դիրքորոշումից շեղումը կհանգեցնի գործատուի պատասխանատվության անտեսման եւ աշխատողի իրավունքների ոտնահարման, քանի որ կատարած փաստացի աշխատանքի դիմաց համարժեք հատուցում վճարելուց հրաժարվելը նաեւ անձի սեփականության իրավունքի ոտնահարում է»,- ասում է հայցվոր Լ. Մնացականյանը:Լ. Մնացականյանը փաստացի աշխատանքի է անցել, հրատարակվել է ամսագիր, որտեղ 14-րդ էջում՝ որպես ամսագրի էջադրող դիզայներ, նշված է Լուսինե Մնացականյան անուն-ազգանունը, նաեւ՝ էլեկտրոնային հասցեն:«Աշխատանքի արդյունքը՝ ամսագիրը, արդեն իսկ ապացուցում է աշխատանքային հարաբերության ծագման փաստը, ինչպես նաեւ այդ աշխատանքը պատշաճ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կատարելու փաստը»,- դատարանում ասաց հայցվոր կողմը:Պատասխանող կողմը դատարանին ուղարկել էր առարկությունները, համաձայն որի՝ Լ. Մնացականյանը ընկերությունում աշխատել է «որպես ծառայություններ մատուցող մասնագետ»: Սակայն որքանով հերիքում են մեր իրավաբանական գիտելիքները, տեղեկացնենք, որ ծառայության մատուցման իրավունք ունի իրավաբանական անձը, ոչ` քաղաքացիական:Թե չէ կստացվեր, որ բոլոր գործատուները աշխատանքի կվերցնեին ծառայություններ մատուցողների՝ դրանով իսկ խուսափելով հարկային պատասխանատվությունից:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

09.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031